Երաժշտական եռանկյունի

Կոնստանտին Պետրոսյանի նոր «Երգերի ընտրանին». «Երաժշտական եռանկյունի»

Հունիսի 3-ին Արամ Խաչատրյանի տուն–թանգարանում մեծ շուքով կայացավ անվանի կոմպոզիտոր Կոնստանտին Պետրոսյանի նոր «Երգերի ընտրանի» ժողովածուի համերգ-շնորհանդեսը։

«Ժողովածուն ընդգրկում է կոմպոզիտորի տարբեր ժանրերում և տարբեր ժամանակաշրջաններում գրված երգերը՝ ձայնի և դաշնամուրի նվագակցությամբ։ «Երգերի ընտրանին» վաղուց սպասված ձեռնարկ է երաժշտական ուսումնական հաստատություններում և հրաշալի հնարավորություն պրոֆեսիոնալ երգիչ-կատարողների համար՝ ընդլայնելու սեփական երգացանկը»,- ասում է հրատարակման նախաձեռնող, համերգ-շնորհանդեսի կազմակերպիչ, Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի դասախոս Շուշանիկ Բրուտյանը։

Համերգին մասնակցում էին քոլեջի սաները՝ կատարելով ժողովածուի մեջ ընդգրկված բոլոր ստեղծագործությունները։ «Երգերի ընտրանի»–ն ընդգրկում է բազմաբնույթ երգեր՝ հայրենասիրական, քնարական, նույնիսկ մանկապատանեկան, որոնց հիմքում հայ բանաստեղծների ստեղծագործություններն են։ Կան առաջին անգամ հրապարակվող երգեր, նաև երգեր հոգևոր թեմաներով»,- ասում է կոմպոզիտոր Կոնստանտին Պետրոսյանը, որը նույնպես ուսանել է Ռ.Մելիքյանի երաժշտական ուսումնարանի ստեղծագործական դասարանում /պրոֆեսոր Էդ. Բաղդասարյան/։ Այնուհետև ավարտել է Երանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան՝ պրոֆեսոր Գ. Եղիազարյանի դասարանը:

1965-1970 թթ. եղել է «Մոսկվա» կինոթատրոնի էստրադային նվագախմբի ղեկավարը: 1973-1976 թթ.եղել է Մշակույթի նախարարության ժող. ստեղծագործության տան գեղարվեստական ղեկավարը և փոխտնօրենը: 1976-1985թթ. դասավանդել է Ռ.Մելիքյանի անվան ուսումնարանում: 1976 թ.–ից Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է։ 1976-1980 թթ. եղել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի խմբավարը և մինչև 1990թ.՝ գեղարվեստական խորհուրդի անդամ: 1985-1990 թթ. ղեկավարել է Հայաստանի կոմպոզիտորների միության երաժշտական կենտրոնը:

1990-1993 թթ. եղել է Հայաստանի Խաղաղության Ֆոնդի նախագահի տեղակալ: 2003 թ.–ից «Հայկական երաժշտական համաժողովի» անդամ է: 1991 թ. ՄԱԿ-ի Նյու-Յորքի կենտրոնական գրասենյակի Դագ Համալշելդ սրահում ղեկավարել է առաջին պատվո համերգը՝ նվիրված Հայաստանի անկախության հռչակմանը: 2006 թ. ՄԱԿ-ում ղեկավարել է համերգ՝ ներկայացնելով հայ միջնադարյան և ժամանակակից երաժշտությունը:

2007 թ. Մոնրեալում ղեկավարել է հանդիսավոր համերգ՝ նվիրված ՀԸԲՄ 100-ամյակին, Մոնրեալի սիմֆոնիկ նվագախմբի հետ: 1990, 1997, 2013 թթ. իր հեղինակային և հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումներով հանդես է եկել Նյու Յորքի Կարնեգի Հոլլում: 2012 թ. Նյու Յորքի Լինքոլն Կենտրոնի Մերկել սրահում ղեկավարել է «Վերածնունդ» հանդիսավոր համերգը՝ նվիրված Միացյալ Ազգերի Կազմակերպության անդամակցության 20-րդ տարեդարձին և Հայաստանի զինված ուժերի ստեղծմանը։

Կոնստանտին Պետրոսյանը 1995 թ. հրավիրվել է աշխատելու ԱՄՆ: 1995-ին հիմնադրել և մինչ օրս ղեկավարում է Ռոդ Այլենդի Հայկական Երգչախումբը։ Նա «Ռոդ Այլենդի Հայկական Երաժշտական Փառատոն» կազմակերպության հիմնադիր, նախագահ և գեղարվեստական ղեկավարն է։ 1997թ․-ին կազմակերպությունը իրականացրեց «Անուշ» օպերայի համերգային կատարումը՝ Ռոդ Այլենդ նահանգի սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի մասնակցությամբ: Մենակատարներն էին Մետրոպոլիտեն օպերայի աստղեր Լիլի Չուքասզյանը և Լյուսին Ամարան:

Կոնստանտին Պետրոսյանը նաև Պրովիդենս քաղաքի Սուրբ Սահակ և Մեսրոպ հայկական եկեղեցու մշակութային և երաժշտական տնօրենն է : 2000թ․-ից ղեկավարում է Մասաչուսեթս նահանգի Մեծ Վուստերի հայկական երգչախումբը։ 2008թ․-ից ստանձնել է Բոստոնի հանրահայտ «Երևան» երգչախմբի և նվագախմբի գեղարվեստական ղեկավարի և դիրիժորի պարտականությունները: 2013-2015թթ․ կազմակերպել է հայ ժամանակակից կամերային երաժշտության փառատոներ Բոստոնում, Նյու-Յորքում և Պրովիդենսում: 2014-ից Հայաստանի կոմպոզիտորների միության արտասահմանյան կապերի հանձնաժողովի համանախագահն է:

Կոնստանտին Պետրոսյանը սիմֆոնիկ, երգչախմբային, կամերային, գործիքային, վոկալ ստեղծագործությունների հեղինակ է: Գրել է երաժշտություն կինոյի և թատրոնի համար: Ունի հեղինակային ձայնապնակներ, տպագրված ժողովածուներ: Հեղինակել է աշխարհում մեծ ճանաչում գտած ձայնի և ջազ նվագախմբի համար կոնցերտը: 2019 թ. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտը հրատարակեց «Կոնստանտին Պետրոսյանի աշխարհը» մենագրությունը /հեղ. Մ. Ռուխկյան/, որի շնորհանդեսները տեղի ունեցավ Երևանում և ԱՄՆ-ում: 1996 թ. ճանաչվել է Ռոդ Այլենդ նահանգի «Տարվա Մարդ»:

Պարգևատրվել է «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանով, «Մովսես Խորենացի» մեդալով, Կոմիտասի անվան մրցանակով, Ռոդ Այլենդի նահանգապետի և Սենատի հատուկ դիպլոմներով։ 2022 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչմանը։

Back to top button