Արցախից բռնի տեղահանված, Սիրայից, Լիբանանից, Ուկրաինայից փախստական և Հայաստանից 60 և ավելի տարեկան 111 տարեց այս ամառ անվճար իրենց հանգիստն են անցկացրել Ծաղկաձորում։
«Ոսկե սերունդ» ճամբարն իրականացվել է ՄԱԿ ՓԳՀ-ի (Փախստականների գործերով հանձնակատարի) գրասենյակի «Կյանքի բարելավում համապարփակ սոցիալական, առողջապահական, մարդասիրական նախաձեռնությունների և իրավունքների իրազեկման արշավների միջոցով» ծրագրի շրջանակում «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի կողմից՝ «Միասին» ՀԿ-ի գործընկերությամբ:
«Միասին» սոցիալական, կրթամշակութային, հոգևոր դաստիարակչական համահայկական ՀԿ-ի նախագահ Գևորգ Չիթչյանի խոսքերով, ծրագիրն իրականացվել է 2024թ․-ի հունիսի 11-ից հուլիսի 7-ն ընկած ժամանակահատվածում՝ 4 փուլով։
«Առաջին տարվա համեմատ, մենք թռիչքաձև զարգացում ունենք, շահառուների թիվը հնգապատկվել է»,-ասում է նա: Ամառային ճամբարին, 4 փուլերի ընթացքում, որպես կամավորներ մասնակցել են նաև հանրապետության տարբեր ԲՈՒՀ-երի և ուսումնական հաստատությունների ուսանողներ։ Արդյունքում, ամրապնդվել է սերունդների միջև կապն ու համերաշխությունը:
«Առաքելության Հայաստան» բարեգործական ՀԿ-ից Հերմինե Փայտյանը նշում է, որ 60-ից հետո մարդն իրեն որոշակիորեն մեկուսացված է զգում, և սոցիալական ծառայողների խնդիրն է աջակցել նրանց սոցիալական ինտերգրմանը:
«Ծրագրում ընդգրկել ենք միայնակ, մեկուսացած կամ հարազատներից հեռու ապրող տարեցներին, որոնց սոցիալական կապիտալը զգալի թուլացած էր: Նրանք իրենց կյանքում շատ կարևոր փուլ ապրեցին և մի քանի օրերի ընթացքում իրենց զգացին որպես հասարակության լիարժեք անդամ»,-ասում է նա՝ ավելացնելով, որ հատկապես տպավորիչ է եղել հայտնի մարդկանց հետ հանդիպումները:
Ճամբարի ընթացքում կազմակերպվել են հոգևոր դասընթացներ, առողջապահական սեմինարներ, հանդիպումներ մշակույթի գործիչների հետ, երաժշտաթերապիա, պարտադիր առավոտյան նախավարժանք: Նախաձեռնության հեղինակները հույս ունեն, որ տարեցտարի ճամբարի մասնակիցների թիվը կավելանա, և կհանդիպեն նաև տարվա բոլոր եղանակներին: