
Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»-Արմավիր
Հանրապետություն ներկրված կալիումական և ֆոսֆորական պարարտանյութերի մեծ մասը պահեստավորվել է և դժվարությամբ է իրացվում: Պետության սուբսիդավորմամբ ձեռք բերված հանքային պարարտանյութերը հարստացնելով հողը , նպաստում են բույսի աճմանն ու զարգացմանը: Գյուղնախարարության ագրոքիմիական ծառայության տնօրեն Վաչագան Դավթյանը խորհուրդ է տալիս գյուղացիական տնտեսություններին բացի ազոտական պարարտանյութերից օգտագործել ֆոսֆորական և կալիումական պարարտանյութեր:
Հողի մշակությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով գյուղատնտեսները գտնում են, որ պետք է առաջին հերթին ուսումնասիրել հողի որակական հատկանիշներն ու դրանց հագեցվածությունը ազոտով, ֆոսֆորով և կալիումով: Գյուղնախարարության ագրոքիմիական ծառայության տնօրեն Վաչագան Դավթյանի դիտարկման համաձայն ամեն տարի հանրապետությունում հետազոտվում է շուրջ 170 համայնքի մշակովի հողեր: Այս տարի Արմավիրի մարզի 17 համայնքի հողեր ենթարկվել են լաբորատոր փորձաքննության, որի արդյունքում ուժազրկված հողերում զգացվել է ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի անհրաժեշտություն: Վերջին 20 տարվա ընթացքում նշված պարարտանյութերը կիրառությունից դուրս էին եկել, դրանց բացակայության պատճառով: Այս տարի պետության սուբսիդավորմամբ մեր հանրապետություն է ներկրվել մեծ քանակությամբ ֆոսֆորական և կալիումական պարարտանյութ, սակայն չի իրացվել և այն պահեստավորվել է:
Հողը հագեցնելով հանքային պարարտանյութերով և ապահովելով որակական բարձր հատկանիշներ, կխթանվի բույսերի աճն ու զարգացումը: Ներկրված պարարտանյութերի զգալի բաժիննն ընկել է Արմավիրի մարզին: Ֆոսֆորն ու կալիումը նպաստում են նաև բերքի երկար ու անվնաս պահպանմանը:
Վաչագան Դավթյանը հորդորեց գյուղացիներին ազոտական պարարատանյութերի հետ միասին օգտագործել կալիումականն ու ֆոսֆորականը և ամենաանբերրի հողերում էլ կստանանա բարձր բերք, 20-25ցենտներ հացահատիկի դիմաց կքաղեն 50-55ցենտներ` 1 հա-ի հաշվարկով: Պահեստավորված պարարտանյութը չիրացվելու դեպքում հաջորդ տարիներին կդադարեցվի ներկրումը:
Ագրոքիմիական ծառայությունը համայնքներում հողանմուշների լաբորատոր փորձաքննությունից հետո տալիս է ագրոքիմիական քարտեզներ և բնութագրեր, որտեղ նշված են պարարտանյութերի կիրառման չափաբաժիններն ըստ մշակաբույսերի:




