Երաժշտական եռանկյունի

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը` կարևորագույն մշակութային ատյան. «Երաժշտական եռանկյունի»

Հաճախ հանդիսատեսը, երաժշտասեր համայնքը և հասարակությունը ոչ ամբողջական պատկերացում ունեն երկրի մշակութային միավորների գործունեության մասին։ Այնինչ, յուրաքանչյուր ՊՈԱԿ համակարգում է սեփական գործունեությունը վաղօրոք, մեկ տարի շուտ և պլանավորում բոլոր միջոցառումները մի քանի ուղենիշներով։

«Մենք աշխատում ենք կենտրոնին կցված ստեղծագործական կոլեկտիվների, հրավիրված արտիստների և կենտրոնին դիմող մասնավոր անհատ-կատարողների հետ։ Փորձում ենք այնպես համակարգել աշխատանքը, որ կենտրոնի զբաղվածությունը առավել էֆեկտիվ, արդյունավետ լինի», — ասում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Գարեգին Սարգսյանը։

Կենտրոնը մասնակցում է փառատոների և ինքն է նախաձեռնում փառատոնային նախագծեր։ Երգեհոնային երաժշտության փառատոնը կենտրոնի կարևոր մշակութային ձեռքբերումներից է։ «Մենք մեծ աշխատանք կատարեցինք երգեհոնային արվեստը խթանելու և հանրահռչակելու ուղղությամբ․ կազմակերպում էինք «բաց դռներով» շաբաթական համերգներ և վերջիվերջո հասունացրեցինք փառատոնի գաղափարը, որն արդեն միջազգային բնույթ է կրում և մեծ ճանաչում ու հարգանք է վայելում աշխարհում», — շարունակում է կենտրոնի փոխտնօրեն Արմեն Սուքիասյանը։

Կենտրոնը ոչ միայն հյուրընկալում է փառատոներ, օրինակ՝ ամռանը կայացած «Սովաժ ֆեստիվալ» միջազգային փառատոնը․ կենտրոնի կոլեկտիվները նաև ակտիվ մասնակցում են հայաստանյան և օտարերկրյա փառատոների։ Երևանի կամերային երգչախմբի մասնակցությունը Լեհական երգչախմբային փառատոն-մրցույթում, դրա վառ օրինակներից է։

Կամերային երաժշտության ազգային կենտրոնն է կազմակերպում նաև եկող տարվա նշանակալի իրադարձություններից մեկը՝ Կոմիտասի անվան ազգային քառյակի 100-ամյակին նվիրված միջոցառումները, որոնք ընդգրկում են ոչ միայն համերգներ, այլ նաև գրքերի և ձայնագրությունների նոր հրատարակումներ։

Կենտրոնի նախաձեռնությամբ ընթանում են նախագծեր և համերգաշարեր, որոնք հայ ստեղծագործողներնին և կատարողներին ավելի ճանաչելի են դարձնում, ինքնադրսևորման հարթակներ են ստեղծում նրանց համար․դրանց թվում են «Հայահավաք», «Հայ կոմպոզիտորներ», «ճանապարհ երիտասարդներին» նախաձեռնությունները, բազմաթիվ մանկապատանեկան միջոցառումները և բարեգործական համերգները։

Կենտրոնը չի սահմանափակվում սեփական համերգային տարածքներով և նախաձեռնում է մի շարք բացօթյա միջոցառումներ, համերգներ, որոնք սիրվեցին հանդիսատեսի կողմից և միշտ մարդաշատ են լինում, ինչը նոր գույն է հաղորդում մայրաքաղաքի հանրային մշակութային կյանքին։

Կենտրոնի նախաձեռնությամբ կատարվում են բոլոր համերգների տեսագրություններն ու ձայնագրությունները, կենտրոնի կոլեկտիվները պարբերաբար կատարում են տաղավարային ձայնագրություններ, հրատարակվում են ալբոմներ։

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը Հայաստանի կարևորագույն մշակութային ատյաններից է, որի գործունեությամբ է պայմանավորված նաև երկրի մշակութային քաղաքականության իրագործումն ու արդյունավետությունը։

Back to top button