
Արմավիր մարզի Լեռնագոգ գյուղում մինչև տարեվերջ շահագործման կհանձնվի Արցախից բռնի տեղահանվածների նոր թաղամասը, որտեղ 14 առանձնատուն ու 120 տեղանոց մանկապարտեզ է կառուցվում: Յուրաքանչյուր առանձնատուն 100քմ տարածք և 600քմ տնամերձ հողակտոր ունի: Աշխատանքներն իրականացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը, շահառուները բազմազավակ և 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված կամ վիրավորում ստացած զինվորների ընտանիքներն են:
2020թ.-ի 44-օրյա պատերազմից հետո «Հայաստան» համահայկական հիմնադրամը մշտական բնակության վայրը կորցրած արցախցիների համար Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում դեռ 2022թ-ից սկսել էր թաղամաս կառուցել, որի 12 առանձնատները դեռ չեն շահագործվել: Արցախի դարպասները փակվելուց հետո նախատեսվեց կառուցել ևս երկուսը: Շահառուները բազմազավակ և 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված կամ վիրավորում ստացած զինվորների ընտանիքներն են: Կարինե Աղասյանի ամուսինը զոհվել է 44-օրյա պատերազմի գրեթե ավարտին՝ նոյեմբերի 6-ին, հայրենի Շոշ գյուղը պաշտպանելիս:

«44-օրյա պատերազմի ժամանակ ամուսինս գյուղում էր՝ Շոշում: Պատերազմը երբ սկսվեց, մեր գյուղի մոբերը՝ մոբիլիզացիոն ուժերը, հավաքվեցին ու գնացին Աղդամ: Մեր վերևի գյուղերը որ վերցրին, ուժերը չէին հերիքում, ասեցին՝ ամեն մոբ գնա, իր գյուղը պահի: Երբ հասան մեր գյուղ, երկրորդ օրը ամուսինս զոհվեց՝ 2020թ նոյեմբերի 6-ին: Երեք երեխա ունեմ՝ մեկ աղջիկ, երկու տղա»:
Կարինեի երեք երեխաներից հիմա մեկն է անչափահաս: Ընտանիքում նաև ամուսնու ծնողներն են ու եղբայրը. վեց հոգով վարձով ապրում են նույն հարկի տակ: Կարինեն դեռ չգիտի, թե ինչպես է լուծվելու իրենց բնակարանային խնդիրը: Տան հարցը հուզում է նաև 44-օրյա պատերազմում որդուն կորցրած Յուրա Միրզոյանին:

«Խրամորթ գյուղից եմ: 1990 թվականներին ես տեղահանվեցի, եկա Խոջալու, մնացի ու մշտական այնտեղ բնակվեցի: Երեխաս, որ զոհվեց, ես էլ մնացի այնտեղ ու էլ դուրս չեկա: Մինչև վերջ գյուղում մնացինք: Տանը հիմա ես եմ, կինս ու հաշմադամություն ունեցող տղաս՝ չի խոսում: Զոհված տղա ունեմ, հաշմանդամ տղա ունեմ, ես ոնց գնամ տուն սարքեմ»:
Լեռնագոգնում արցախցիների համար կառուցված յուրաքանչյուր տան մակերեսը շուրջ 100 քմ է՝ հարակից 600 քմ հողատարածքով: Արմավիրի մարզում տեղակայվել է 10265 արցախցի կամ 2601 ընտանիք: Բաղրամյան համայնքում ամենաշատ արցախցիներն ապրում եմ Լեռնագոգում, շուրջ 27 ընտանիք՝ ասում է համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանն ու հավելում՝ բնակարանի պահանջը գնալով մեծանում է։

«12 տուն էր, հետո ներդրողների պատվերով ևս երկուսը գումարվեց, իսկ այս տարի ևս 4 տան պահանջ ունեն: Տների մոտ 80 տոկոսը կառուցված է, և այս տարի մինչև դեկտեմբեր կհանձնեն բնակվողներին: Այս պահին 14 տուն է, երկուսն էլ պետք է ավելացնեն»:
Առանձնատներն ապահովվելու են կոմունալ հարմարություններով ու ջեռուցմամբ: Բռնի տեղահանվածների համար կառուցված թաղամասի բակային տարածքների բարեկարգումն իրականացնելու է համայնքը: Այս հարցում ընդհանուր համաձայնության է եկել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ: Ծախսը կիսել են հիմնադրամի կողմից կառուցվող մանկապարտեզի հզորությունն ավելացնելու հաշվին՝ 60 երեխայի փոխարեն 120 երեխա:
Շանթ Առաքելյան. «Մանկապարտեզը նույնպես այս տարվա դեկտեմբերին շահագործման կհանձնենք: Հիմա բուռն շինարարական աշխատանքների փուլում է: Շինարարության մոտ 70 տոկոսն ավարտված է, մինչև դեկտեմբեր 100 տոկոսանոց կհանձնենք»
Լեռնագոգում բռնի տեղահանվածների համար կառուցվող 14 առանձնատների ու մանկապարտեզի ընդհանուր արժեքը 719 մլն դրամ է: Քանի որ նոր կառուցվող կամ հիմնանորոգվող մանկապարտեզներն արդեն շահագործման են հանձնում գույքով, ուստի կառավարության որոշմամբ Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացվել է 33 մլն դրամ՝ Լեռնագոգի մանկապարտեզը գույքով ու տեխնիկայով ապահովելու համար:




