
2024 թ-ի երկրորդ եռամսյակում Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղելու ռիսկերը պահպանվել են՝ արձանագրում են ՀՀ կենտրոնական բանկում։ Գլխավոր դրամատան խորհուրդը որոշել է նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։
Իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հաշվի առնելով տեղական ու համաշխարհային տնտեսական զարգացումները։ Կենտրոնական բանկի խորհուրդն աստիճանաբար թուլացնում է դրամավարակային քաղաքականությունը։ Այս պահին վերաֆինսավորման տոկոսադրույքը 7․75 տոկոս է։ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը պարզաբանում է` 2024 թվականի երկրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը շարունակել է պահպանվել նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում․
«Համաշխարհային գնաճը շարունակում է դանդաղել, սակայն գործընկեր երկրներում կոշտ գներով բնութագրվող ապրանքների և ծառայությունների գները դեռևս մնում են հարաբերականորեն բարձր: Միաժամանակ, գործընկեր երկրներում գերտաքացած աշխատաշուկայի պայմանները շարունակում են նպաստել բարձր պահանջարկի պահպանմանը»:
2024 թ-ի երկրորդ եռամսյակում Հայաստանում պահպանվել է բարձր տնտեսական ակտիվությունը, ինչին մեծապես նպաստել է շինարարության, առևտրի և արդյունաբերության ճյուղերի զգալի աճը: Արդյունաբերությունը շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության, երկարաժամկետ հեռանկարի, ինչպես նաև ներքին պահանջարկի և սպառման հետագա միտումների վերաբերյալ:
«Աշխատաշուկայի պայմանները որոշակիորեն մեղմվում են՝ արտահայտվելով աշխատավարձերի աճի տեմպի նվազմամբ:
«Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Էլիզա Մաթևոսյանը ընդգծում է՝ ԿԲ գնահատմամբ վերաֆինանսավորման ցածր տոկոսադրույքը անհրաժեշտ է միջնաժամկետ հատվածում գնաճի 4 տոկոս մակարդակի ու գների կայունության համար։ Դրամավարկային պայմանները մեղմելու քաղաքականությունը շարունակվում է․
«Հայաստանում 2024–ի երկրորդ եռամսյակում գնաճը նպատակային 4 տոկոսից ցածր է՝ 0․8 տոկոս հունիսին։ ԵԱՏՄ երկրներում՝ գնաճը կազմել է 8․1 տոկոս , ամենացածր գնաճը Հայաստանում է՝ 0․8 տոկոս»։
FAO–ի գների ինդեքսը նույնպես նվազման միտում ունի։ 2024–ի հունիսին այն 120․6 կետ էր, նախորդ ամսվա համեմատ անփոփոխ է մնացել, բայց ավելի քան 2 տոկոսով նվազել է տարեկան ցուցանիշը։ ԿԲ–ում արձանագրում են ներգնա տուրիզմի թվերն ավելի ցածր են նախորդ տարվա համեմատ, նվազել են նաև մեկ տուրիստի համար ծախսվող գումարները։ Նաև արձանագրում են՝ Հայաստանից հեռացել են նաև Հնդկաստանի քաղաքացիների մի մասը։ Նրանք Հայաստան էին գալիս 2023–ի հունվարից․
«Ունեինք դրսից Հայաստան եկած աշխատանքային միգրանտներ, որոնց մի մասը, մեր ունեցած վիճակագրության համաձայն, Հայաստանից արդեն հեռանում է կամ հեռացել է։ Դա վերաբերում է ոչ միայն բարձր կվալիֆիկացիա ունեցող մարդկանց, այլ նաև՝ ցածր։ Երեկ նայում էինք թվերը. Հնդկաստանից եկած քաղաքացիների 25 տոկոսի չափն արդեն Հայաստանում չէ, ինչը վկայում է արտաքին պահանջարկի թուլացման մասին»։
Դանդաղ, կայուն տեմպերով են ԿԲ–ում շարունակում գործողություններ կատարել։ Զգուշավորությունը վստահությունը չկորցնելու համար է։




