Երաժշտական եռանկյունի

«Քառորդտոն», «Ասոնանս», «Խաչմերուկներ». «Երաժշտական եռանկյունի»

Կոմպոզիտոր Արամ Հովհաննիսյանի հետ զրույցի ընթացքում անդրադարձանք «Քառորդտոն» կազմակերպության գործունեությանը, «Ասոնանս» ժամանակակից երաժշտության անսամբլի ստեղծագործական գործառույթներին և «Խաչմերուկներ» ժամանակակից երաժշտության միջազգային փառատոնին։

«20-րդ դարը բերեց բազմաթիվ նոր մոտեցումներ`լայնացնելով կոմպոզիտորական մտահղացումների հնարավորությունները։ Հատկապես միկրոտոնալ երաժշտության ոլորտում որոնումները բացահայտեցին սովորական քրոմատիկ ձայնաշարի մեջ նոր ինտոնացիոն լանդշաֆտներ», — ասում է կոմպոզիտորը։

Նորաստեղծ ստեղծագործական կազմակերպության «Քառորդտոն» անվանումը խորհրդանշական է այն իմաստով, որ միավորում է ստեղծագործող և կատարող այն երաժիշտներին, որոնք հետաքրքրված են նոր երաժշտության փորձարարական դրսևորումներով։

Կազմակերպության անդամների առաքելությունը կայանում է ժամանակակից հեղինակների երաժշտությունը հանրահռչակելու մեջ, ինչի համար նախաձեռնվում են ձայնագրություններ, վարպետաց դասեր, դասախոսություններ, համերգներ և փառատոներ։ Նպատակն է հայ երաժշտասեր հանրությանը ներկայացնել համաշխարհային և հայրենական ստեղծագործություններ, հեղինակների, որոնք ընտրում են ստեղծագործական որոնումների և նորամուծությունների ճանապարհը արվեստում։ Այս գաղափարից  բխեց նոր նվագախմբի ստեղծման անհրաժեշտությունը, որը նույնպես խորհրդանշական «Ասոնանս» անվանումը ստացավ։

«Ասոնանսը նվագախումբ է, որը առաջին իսկ համերգից սահմանել է կատարողական արվեստի շատ բարձր նշաձող։ Երաժիշտները տիրապետում են ոչ միայն դասական երաժշտությանը հատուկ կատարողական ավանդական տեխնիկաներին, այլև ունեն ժամանակակից կոմպոզիտորների մտահղացումները ճշգրիտ հնչեցնելու հատուկ գիտելիքներ և հմտություն։ Անցած տարիների ընթացքում մենք ունեցել ենք բազմաթիվ համերգներ՝ կատարելով ամենատարբեր կոմպոզիտորների երաժշտություն, ունենք նույնիսկ ստեղծագործություններ գրված հատուկ «Ասոնանսի» համար, կազմակերպում ենք թեմատիկ համերգներ, մասնակցում ենք փառատոների, համագործակցում ենք «Մանսուրյանի կոմպոզիտորական մրցույթի» հետ», — շարունակում է Արամ Հավհաննիսյանը։

Մեր զրույցի հաջորդ հանգրվանը՝ «Խաչմերուկներ» երաժշտական փառատոնը, վաղուց իր հատուկ տեղն է գրավել Հայաստանում անցկացվող  փառատոների ցանկում։ Անվանումն արդեն հուշում է, որ ըստ նախաձեռնության հայեցակարգի՝ ամենատարբեր ուղղվածության երաժշտություն կարող է հնչել այդ հարթակներում։ Արամ Հովհաննիսյանը նշում է, որ նման փառատոնային շարժումը թարմացնում է ընդհանուր մթնոլորտը, լայնացնում հանդիսատեսի պատկերացումները ժամանակակից երաժշտության մասին, ստեղծում այնքան կարևոր ստեղծագործական դիսկուրս մասնագիտական համքարության ներսում։ Այս ամենը խթանում է նաև երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործական լիցքերը, հնարավորություն ստեղծում նրանց արվեստը ճանաչելի և ընդունելի դարձնելու համար

Կարդացեք նաև

Back to top button