ՀարցուԳԻՏԱփորձ

Ինչի՞ համար է դպրոցը․ «ՀարցուԳԻՏԱփորձ»

Մ.թ.ա. 3500-ականներին Շումերական քաղաք-պետությունների «Էդուբա» անունը կրող դպրոցներում ուսուցիչներն սկսեցին աշակերտներին գրել սովորեցնել։ Նրանց մտքով հավանաբար չէր անցնում, որ մեր թվարկության 2000-ականներին ուսուցիչները երեխաներին այլ մարդկանց բուլինգի չենթարկել են սովորեցնելու։

«Մենք մեծացնում ենք մարդ, որը չի գնահատում գիտելիքը, չի կարևորում գիտելիքի ստացման ընթացքը և անգամ սպառել չի կարողանում, որովհետև դու պետք է հասկանաս, թե դա ինչպես է ստացվել, որ հասկանաս դրա կիրառելիության սահմանները»։

Բարև, եթերում «ՀարցուԳԻՏԱփորձ» հաղորդումն է, ես Արուսյակ Կապուկչյանն եմ։ Այսօր փորձելու ենք հասկանալ՝ ի՞նչ ենք սպասում դպրոցից։

***

Սկզբում այն միայն «Ժամանց, ազատ ժամանակ էր», հետո Պլատոնի ու համախոհների ձեռամբ դարձավ «պարապմունքներ ժամանցի ընթացքում», ավելի ուշ թարգմանվեց որպես «ուսումնական պարապմունքներ», «փիլիսոփաների զրույց» և այլն։ Այսօր միայն հայերենում, միայն Էդվարդ Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարան»-ում «դպրոց» բառի 8 բացատրություն ենք գտնում։

Հիմա բացատրությունների պես բազմազան էլ մեր սպասումներն են։ Եվ դպրոցը՝ չարչրկված, բոլորի ուշադրության ու քննադատության կենտրոնում խարխափում է գիտություն, կրթություն, մասնագիտական կողմնորոշում, ապրելու հմտություն, արժեք, դաստիարակություն, էլի ինչ-որ բաներ տալու պահանջների ու հնարավորությունների միջև։

Ինչի՞ համար է դպրոցը 21-րդ դարում, ի՞նչ ենք ակնկալում դրանից և ինչ ակնկալենք՝ ռեսուրսները պատշաճ գնահատելու դեպքում․ «ՀարցուԳԻՏԱփորձ»-ն այսօր այս հարցերի մասին է։

«Դպրոցը շատ պարզ նպատակ ունի իր առջև․ պատրաստել երեխային կյանքի մարտահրավերներին։ Ոչ թե կենտրոնանալ, թե նա որքանով է ապագայում դառնալու գիտնական, ոչ թե կենտրոնանալ, որ նա այս կամ այն առարկաների բնագավառում գերազանցություն ցուցաբերի, այլ, հաշվի առնելով 21-րդ դարի անկանխատեսելի լինելու հատկությունը, պետք է կարողանա երեխային օժտել այդ մարտահրավերների դեմ պայքարելու ունակություններով»

Դպրոցն այլևս ֆիզիկական տարածք, գիտելիք ստանալու միակ հնարավորություն չէ, այնտեղ սովորեցնողն այլևս միշտ ու բոլոր ոլորտներում սովորողից խելացի չէ ու սա անհետևանք մնալ չէր կարող՝ ասում է մանկավարժական գիտությունների թեկնածու Միշա Թադևոսյանը։ Կարծում է՝ անցել են դպրոցից սպասելիքները մեկ տողով ձևակերպելու ժամանակները․

«Գիտելիքն ու հմտությունն էլ բավարար չի, որովհետև մենք կարող ենք ունենալ շատ լավ մաթեմատիկա իմացող երեխա, շատ լավ հաշվարկներ կատարող երեխա, ով բուլինգի է ենթարկում այլ երեխաների։ Այստեղ գալիս է, թե որքանով է դպրոցն իրականացնում փիլիսոփայական և մանկավարժական տեսանկյունից իր ամենակարևոր առաքելությունը՝ դաստիարակումը։ 21-րդ դարի դպրոցի նպատակը շատ լայն է»։

Միշա Թադևոսյանի պատկերացրած՝ մեր օրերի դպրոցը բազմաֆունկցիոնալ, բայց գոնե տեսականորեն հասկանալի մի բան է։ Բայց արդյո՞ք սա ընդհանուր մոդել է, ասենք, Երևանի կենտրոնի և սահմանամերձ համայնքների համար։

«Պարզ է, որ, օրինակ, Սկանդինավյան երկրներում գտնվող դպրոցի առաջ դրված խնդիրն այլ է, որովհետև հանգամանքները, իրավիճակը այլ են։ Դպրոցների նպատակը պետք է իր մեջ ունենա երկրի ընդհանուր ռազմավարական նպատակը։ Մենք չենք կարող ունենալ դպրոցական համակարգ, որն այլ նպատակներով է առաջնորդվում, իսկ պետությունը ռազմավարական այլ ուղղությամբ է գնում»։

Իսկ ո՞վ պետք է սահմանի այդ նպատակը։ Իշխանությունները, այդ թվում՝ կրթության ոլորտը համակարգողները հիմնականում փոխվելու սովորություն ունեն։ Փոխվում է մարդը, փոխվում է պատկերացումը, փոխվում է կրթական համակարգի առաջ դրված խնդիրը։ Միշա Թադևոսյանի կարծիքով՝ նախորդիվ հնչած նախադասությունը ձախողումների բանալին է․

«Եթե մենք, որպես պետություն կամ հասարակություն, այդ հարցի շուրջ կոնսենսուսի ենք եկել, անհատի փոփոխությունը ազդեցություն չպիտի ունենա։ Ցավոք սրտի, Հայաստանում պատկերն այդպիսին չի ու մենք անհատների վրա կառուցած հասարակություն ունենք, ու երբ անհատը դուրս է գալիս շուկայից, մեծ փոփոխություն է տեղի ունենում։ Ես կարծում եմ՝ դպրոցի առջև դրված խնդիրները պետք է այնպիսի մոտեցումներ կիրառել, ինչպես անվտանգության համակարգում է՝ երկարաժամկետ ռազմավարական և չկախված մարդկանցից»։

Դպրոցները համառորեն առաջ են գնում՝ երեխաներին նոր մարտահրավերներին պատրաստելու սպասելիքն արդարացնելու հույսով։ «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանն ասում է՝ դպրոցը կարդարացնի իր գոյությունը ուղղությունը փոխելու, հետ գնալու դեպքում․

«Ինդուստրիալ դարի ճնշումների հետևանքով դպրոցն ընկել է շփոթմունքի մեջ։ Նախկինում երեխաներին դպրոցում ոչ թե սովորեցնում էին գիտության արդյունքները, այլ գիտության ճանապարհը, սովորեցնում էին լինել հետազոտող, մտածող մարդիկ, որովհետև գիտելիքը քիչ էր, և գիտելիք ձեռք բերելու կարողությունն առաջնային է։ Հիմա դպրոցը մոռացավ, որ այն գիտելիքները, որ մատուցում է երեխաներին, ստացվել է մարդկանց տքնաջան աշխատանքի շնորհիվ, ու սկսեց դա ներկայացնել հոգնած ձայնով, դասագրքերի տխուր տեքստերով։ Խնձոր ընկնելու տրամաբանությամբ բացատրում են, թե Նյուտոնն ինչ հանճարեղ մտքեր է դուրս բերել»։

Արամ Փախչանյանի կարծիքով՝ դպրոցը հիմնարար գիտելիք պետք է տա։ Ասում է՝ եթե ինչ-որ բան անելու համար երեխան նախնական, շերտ առ շերտ կուտակվող գիտելիքի կարիք չունի, ապա դա անել սովորեցնող «առարկայով» նրան ծանրաբեռնել պետք չէ։

Դպրոցում պետք է անցնեն այն առարկաները միայն, որոնք ծածկում են մարդկային գիտելիքի հիմնարար ոլորտները, որոնք հնացած են, այս պահին ակտիվ կիրառության մեջ չեն, սակայն դրանց իմացությունն է միայն, որ մեզ հնարավորություն է տալիս շարունակել նախորդ սերնդի գործը։
— Ինչ ասես անցնում ենք հիմա՝ աշխատանքի ուսուցում, շրջակա միջավայր, շախմատ․․․
— Ա՜յ հենց դրանց շուրջ ես ունեմ լուրջ մտահոգություն։ Դպրոցում իմաստ ունի անցնել միայն այն առարկաները, որոնք 2 խնդիր են լուծում․ առաջինը՝ զարգացնում են տարբեր տեսակի մտածողությունները, որովհետև գրականությունը մի տեսակի մտածողություն է զարգացնում, պատմությունը՝ մի այլ, մաթեմատիկան՝ մի այլ։ Երկրորդը՝ պարուրաձև գիտելիքի կուտակում այն ոլորտներում, որտեղ առանց դրա անհնարին է։ Դուք կարող եք սովորել գործել, փայտ կտրել․ դա վարժանք է պահանջում, բայց փայտ կտրել սովորելու համար ձեզ պետք չէ 5 տարի մաթեմատիկա սովորել։ Պետք է զգույշ լինել և դպրոցում չխցկել բաներ, որոնք հետո կամ հընթացս երեխան կարող է սովորել։

Այդ ամենը կանի դպրոցի՝ ժամանց ենթադրող բաղադրիչը, ասենք՝ խմբակները, ճամբարները, արշավները և այլն։ Իսկ դպրոցը մի՝ ամենակարևոր խնդիր ունի՝  երեխային գիտելիք տալ։ Ընդ որում՝ առանց զանգուլակների, ծանր, ծանրակշիռ գիտելիք։ Փախչանյանը համարում է, որ կրթությունը չպիտի սակարկի՝ հանուն հաճելի լինելու․

«Դուք երբևիցե մարաթոն վազողի դեմքին երջանկության զգացողություն տեսե՞լ եք։ Բավականին տառապանք է դեմքին։ Բայց տեսե՞լ եք այդ նույն դեմքը, երբ ինքը հաղթահարում է մարաթոնն ու անցնում է վերջնագիծը․ լրիվ այլ դեմք է։ Ցանկացած լավ բան գնահատում ենք, երբ հաղթահարում ենք։ Երեխաները պետք է սիրեն գնալ դպրոց, որովհետև այնտեղ իրենց ընկերներն են, համատեղ խաղերն են, առաջին սիրահարվածությունն է, կայացումն է, ինքնահաստատումն է, սիրված ուսուցիչներն են, այնտեղ շատ այլ բաներ են, որ ձգում են։ Եվ դա համեմունքն է, որը դարձնում է ամեն բան հաճելի։ Բայց մենք պետք է հասկանանք, որ երեխան դպրոցում պետք է տառապի։ Առանց տառապանքի չի լինում ձեռքբերում, հաղթահարում, առանց տառապանքի մենք մնում ենք կիսատ։ Բայց էդ տառապանքը պետք է լինի այնպիսի, որ երեխան հետին հայացքով նայի դրան՝ ինչպես մարաթոն վազողն է նայում, ու հրճվի տառապանքի ամեն պահով, ոգևորվի, որ ինքը դա անցել է»։

Մենք դեռ երկար կարող էինք լսել «Ինչպիսի՞ն պետք է լինի կրթությունը» հարցի՝ Արամ Փախչանյանի պատախանը։ Հաջորդիվ կլսենք նրա կարծիքը «ինչպիսի՞ մարդ պետք է «ստացվի» կրթական պրոցեսից հետո», բայց պատասխանի գեղեցիկ շղթան կկոտրի «այսօրվա դպրոցը կարո՞ղ է դա անել» հարցը։

— Լայն մտածող, լայնախոհ, տարբեր ոլորտներում զարգացած, կյանքին ծանոթ, կյանքում արդեն ապրած, հանրության հետ առնչվելու ու հանրային խնդիրների հետ առնչվելու փորձ ձեռք բերած, այդ խնդիրները լուծելու փորձ ունեցող, ընդհանրապես՝ խնդիր լուծելու ու խնդիր վերհանելու փորձ ունեցող, ինքնուրույն սովորելու ունակ, արժեքահեն, ամուր, պինդ անձնավորություն, որն ունի ինքնության զգացողություն, հասկանում է՝ ում է պատկանում, ինչի մասն է հանդիսանում, ու նախկինի արժեքները դեպի ապագա տանելու մեծ ցանկություն ունեցող անձնավորություն, որը գնահատում է այն, ինչ ստեղծել է մարդկությունը և իր ազգը, և իր տեսակը մինչ այսօր և ցանկանում է, որ դա շարունակական լինի։ Այս ամբողջը միասին։  Եվ էլի շատ բաներ, որոնք պետական չափորոշչում գրված են։
Դուք մոտ 3 րոպե թվեցիք այնքան լայն սպեկտեր՝ միտք, խիղճ, հոգի, բարություն, սոցիալական դերեր, գիտելիք, ինչ ասես։ Մենք այս ամենը առողջ ձևավորելու պատասխանատվությունը թողնում ենք դպրոցի՞ն, ունի՞ դպրոցն այդ ռեսուրսը՝ մեր այսքան սպասումները արդարացնելու համար։
Դուք մի ամբողջ պանդորայի արկղ բացեցիք այդ հարցով։ Կարճ ասեմ՝ արկղը նորից փակեմ։ Ոչ միայն դպրոցին։ Սակայն դպրոցը պիտի գա այն մակարդակի հանրային ընկաման մեջ, որ, այո, դառնա որոշիչ այդ առումով։ Այսօր դա այդպես չէ, այսօր փողոցը, ընտանիքը, միջավայրը, տիկ-տոկը և այլ միջոցներ շատ ավելի մեծ ազդեցություն ունեն երեխայի մտածողության վրա, քան դպրոցը, որովհետև դպրոցը կորցրել է իր հեղինակությունը ոչ միայն երեխայի մոտ, այլ նաև ծնողների ու հանրության։

Զրուցակիցներս ասում են՝ լուծումը չթուլանալն է։ Ուսուցիչը պիտի հասկանա, որ սա ոչ թե սովորական աշխատանք է, այլ պայքար, և եթե պատրաստ չի դրան՝ պիտի լքի դպրոցը։ Լուծման հաջորդ քայլը բոլոր կարծիքներն ու քննարկումներն ի մի բերելն ու «ինչի համար են դպրոցները» հարցի մեկ՝ բոլորի համար համար ընդունելի ու հասկանալի պատասխան ձևակերպելն է։

Հանրակրթության նոր չափորոշիչներն, ասում են, այդ պատասխանը տեսականորեն տվել է։ Բայց քննարկումները շարունակվում են՝ Աղայանի բառարանում «դպրոց» բառի 8 բացատրությունները ևս մի քանիսով ավելացնելու պոտենցիալով։

Կարդացեք նաև

Back to top button