Սփյուռքի ձայնը

Լոս Անջելեսի «Բարեկամություն» միջազգային ստուդիայի սաները Հայաստանում են. «Սփյուռքի ձայնը»

Լոս Անջելեսի «Բարեկամություն» միջազգային ստուդիայի սաների Գյումրիի Վարդան Աճեմյանի և Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնների բեմերում  ներկայացնելու են հայկական պարերը, որոնք երկու տասնամյակից ավելի իրենց է փոխանցում  ստուդիայի գեղարվեստական ղեկավար և հիմնադիր Լուսինե Գևորգյանը։

Նա 25 տարի առաջ է Հայաստանից տեղափոխվել ԱՄՆ, որտեղ հիմնել է այս ստուդիան և իր պարարվեստի հմտություններն ու նրբերանգները, որոնց տիրապետել է Հայաստանում, փոխանցել է հայ երեխաներին։ «Մեկնել էինք ժամանակավոր բնակության համար, սակայն մնացինք 25 տարի»,- ասում է  Լուսինեն և ավելացնում, որ այս համերգաշարը իրենց՝ հայրենիքից հեռու լինելու պատճառաբանություններից է լինելու, քննություն, որը 25 տարի անց հանձնելու են ծննդավայրում։

«Բարեկամությունը» բազմաթիվ համերգներ է ունեցել տարբերճանաչված ու սիրված  աստղերի հետ ու տարբեր միջոցառումներում,- նշում է հիմնադիրը՝ առանձնացնելով «System of a Down» խմբի նկարահանած տեսահոլովակներից մեկում իրենց մասնակցությունը:

«Համաշխարհային մշակութային ասպարեզ դուրս գալը բարդ է, անհրաժեշտ են մարդիկ, որոնք կօգնեն մեզ  այդ հարցում։ Մեր պարախմբին Լոս Անջելեսում ճանաչում են, գնահատում են մեր պրոֆեսիոնալիզմը և  շատ համերգների մասնակցելու հրավերներ ուղարկում»,- ասում է պարուսույցը։

25 տարվա բացակայությունը նաև հայրենիքին նոր հայացքով նայելու առիթ է տվել, նշում է զրուցակիցս։ Եթե տարիներ առաջ շատ խնդիրներ ու վատ երևույթներ խանգարում էին այս կամ այն հարցում առաջընթացին, ապա այսօր դրանք պարզապես աննկատ են մնում,- փաստում է։

«Երբ երկար դադարից հետո գալիս ես քո տուն, ուզում ես, որ ամեն բան իր տեղում լինի, դասավորված։ Շատ բան փոխվել է, շատ իրեր իրենց տեղում չեն, բայց մենք դա չենք ուզում տեսնել, ուզում ենք պարզապես վայելել մեր հայրենիքի ամեն մի անկյունը։ 80 հոգանոց, տարբեր տարիքի պարողների խումբ եկել են Հայաստան։ Նրանցից շատերը չեն եղել Հայաստանում, շատերի ծնողները երեք տասնամյակից ավելի ոտք չեն դրել այս հողի վրա։ Մենք սփյուռքում փորձում ենք ամեն գնով պահել ու նոր սերնդին փոխանցել հայկական մշակույթը, հայկական պարերն ու մեր երաժշտությունը։ Այստեղ նկատեցիքն   այլ  մոտեցում․շատերը ձգտում են վերցնել օտար մշակույթը՝ այն օգտագործելով մշակույթի տարբեր ճյուղերում», ավելացնում է  «Բարեկամության» հիմնադիրը։

«Վերադարձ պարի հետքերով» խորագիրը ունի այս  պարային շրջայցը։ Լուսինե Գևորգյանը շատ սպասված է համարում այս վերադարձը։ Ասում է՝ Օպերայի բեմում պարելու երազանքը կիրականացնի իր սաների հետ միասին։

Կարդացեք նաև

Back to top button