Երաժշտական եռանկյունի

Չիկոյի ջազային ժամանակը. «Երաժշտական եռանկյունի»

Մեր իրականության մեջ կան արվեստագետներ, որոնք չեն սահմանափակվում միայն մասնագիտական գործունեության ոլորտով, այլ առաքելություն են ստանձնում անել ավելին, քանի որ քաջ գիտակցում են՝ եթե ոչ ես, ապա ո՞վ։

Արմեն Թութունջյանը  նման արվեստագետներից էր։ Ջազային թմբկահար, որը դաստիարակել էր մի քանի երաժիշտների սերունդներ, գործող բեմի երաժիշտ, որի ստեղծագործական ուղիով կարելի է չափել ժամանակաշրջանը, ջազի պրոպագանդիստ, ռադիո և հեռուստատեսային հաղորդումների հեղինակ և վարող, ջազային թմբկահարության տեսաբան և հայկական ջազի պատմության ամենահավաստի վավերագրող։

«Հայրս ամենալայն հետաքրքրություններն ուներ երաժշտության ոլորտում, դասականից՝ ջազ, և ես մեծացել ու ձևավորվել եմ բացառիկ մթնոլորտում, Հայաստանի լավագույն երաժիշտներով շրջապատված» — ասում է Արմեն Թութունջյանի՝ Չիկոյի որդին, դիվանագետ Հայկ Թութունջյանը։

Մեր զրույցի հիմնական առիթներից էր Չիկոյի հիշատակին կազմակերպված հոբելյանական համերգը, ինչպես նաև նրա «Ջազը Հայաստանում»  գրքի նոր հրատարակումը։

Արմեն Թութունջյանը 1986-1992 թվականներին նվագել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբում։ 1994 թվականին ԱՄՆ Պետական դեպարտամենտի «Open competition» մրցույթի ժամանակ ճանաչվել է հաղթող։

1992 թվականին մի խումբ երիտասարդ երաժիշտների հետ ստեղծել է «Չիկոն և ընկերները» խումբը, որտեղ նվագել են Հանրապետության մի շարք հայտնի ջազային երաժիշտներ։ Խումբը գործում է ցայսօր։

1996-1998 թվականներին «Հայ FM» ռադիոկայանով վարել է «Սիրված երգիչներ» և «Ջազ» հաղորդումները։ 1998-2017 թվականներին վարել է «Ջազի ժամ» հաղորդումը նախ՝ «Ա1+», հետո «ԱՐ», «Նոր ալիք», «Արարատ», «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություններում։

2008 թվականին Հայաստանի Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է Հատուկ մրցանակի՝ «Ջազի ժամ» հաղորդաշարի համար։ 2008 թվականին ՀՀ Նախագահի հրամանգրով նրան շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչումը։  2009 թվականից եղել է Վահագն Հայրապետյանի եռյակի և քառյակի թմբկահարը։ 2011 թվականին լույս է տեսել նրա՝ թմբկահարների համար նախատեսված, հայերենով առաջին «Ռիթմ և շարժում» ձեռնարկը։

Ձայնագրել և հրատարակել է երեք ձայնասկավառակ։

Մահացել է 2017 թվականի հունիսի 8-ին:

Կարդացեք նաև

Back to top button