ԿարևորՄշակույթ

Հերթական «Ոսկե ծիրան»-ը՝ առանց ավանդական կարմիր գորգի

Այսօր՝ հուլիսի 7-ին, Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում մեկնարկեց «Ոսկե ծիրան» միջազգային 21-րդ կինոփառատոնը։ «Ոսկե ծիրան»-ի այս տարվա գլխավոր նյութը անդրադարձն է երկու հայ մեծությունների՝ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին: 

«Ոսկե ծիրան»-ի գլխավոր հովանավորն է Երևանի քաղաքապետարանը։ Կինոփառատոնն անցկացվում է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

««Ոսկե ծիրան»-ը քաղաքի մշակութային այցեքարտերից է: Երրորդ տարին է՝ Երևանի քաղաքապետարանը փառատոնի գլխավոր գործընկերն է: Ծրագրի իրականացմանը հատկացվել է  100 մլն ՀՀ դրամ: Շարունակելու ենք մեր որդեգրած քաղաքականությունը մշակույթի ոլորտում: Այս տարի փառատոնին կներկայացվի նաև քաղաքապետարանի աջակցությամբ ստեղծված 5 ֆիլմի ալմանախը»,-ընդգծել է Երևանի քաղաքապետի տեղեկալ Լևոն Հովհաննիսյանը՝ փառատոնի մեկնարկային ասուլիսին:  


Փառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը, շնորհավորելով կինոտոնի մեկնարկի առթիվ, շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետարանին աջակցության համար:
Փառատոնի անցկացմանն աջակցել են նաև Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության դեսպանատները:

Այս տարի կինոփառատոնի բացմանը ավանդական կարմիր գորգին կփոխարինի արվեստագետ Դավիդ Քոչունցի ձևավորմամբ և գորգագործ վարպետների՝ «Տեղորոշում» գորգերի հավաքածուն։

21-րդ «Ոսկե ծիրան»-ի բացման ֆիլմը կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի նոր՝ «Յոթ քողը» կինոնկարն է: Էգոյանը վերադառնում է «Ոսկե ծիրան»՝ որպես կարճամետրաժ ֆիլմերի ժյուրիի նախագահ: Ֆիլմը Ռիխարդ Շտրաուսի «Սալոմե» օպերայի կլանիչ ու վառ պատկերային վերաիմաստավորումն է: 


«Այս տարի փառատոնին ընդգրկված է շուրջ 9 տասնյակ ֆիլմ:  Լիամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահն է կրկնակի oսկարակիր Ալեքսանդր Փեյնը, որի ութ լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են 24 «Օսկար»-ի:

Փառատոնում կկայանա նրա հինգ ֆիլմերի ցուցադրությունը։ «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է հնդիկ-ամերիկացի ռեժիսոր Թարսեմ Սինգհը»,-նշել է կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը: 


Միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է թատրոնի և կինոյի մեծագույն դերասան Քևին Սփեյսին: Նա ոչ միայն կրկնակի օսկարակիր է ու «Ոսկե գլոբուսի»-ի արժանացած դերասան, այլև լավագույն թատերական դերակատարման համար Լոուրենս Օլիվյեի մրցանակակիր: Կինոփառատոնի ընթացքում սպասում են հանդիպումներ ու վարպետության դասեր: 

Փառատոնային ֆիլմերի ցուցադրությունները կանցկացվեն «Կինոյի տանը», «Մոսկվա» կինոթատրոնում և Մալյանի անվան թատրոնում:

Կինոտոնը կավարտվի հուլիսի 14-ին։

Կարդացեք նաև

Back to top button