ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

Կյանք՝ վստահության դեֆիցիտով. ևս երկու տարվա կյանք գործող Սահմանադրության համար

Այն ժամանակ, երբ ՀՀ Սահմանադրությունը դառնա 31 տարեկան, հնարավոր է, ամբողջովին  փոխվի: Ասում են՝ հնացել է, այլևս չի համապատասխում ներկա իրողություններին, նոր մարտահրավերներին, իր մեջ ունի բազմաթիվ խնդիրներ և անգամ հարևաններին դուր չի գալիս: 

Վերջին կետը անընդունելի համարելով, ՀՀ վարչապետը հանձնարարել է մինչև 2026-ի ավարտը մշակել նոր Սահմանադրության նախագիծ:

ՀՀ Սահմանադրությունը 2026 թվականին կդառնա 31 տարեկան, բայց հաջորդ ծնունդը նույն տեքստով, հնարավոր է, այլևս չտոնի: Հայաստանին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն, ուղերձներն արդեն տրված են: Բովանդակությունից բացի՝ առաջին հերթին կա վստահության դեֆիցիտ: Խոսքը քաղաքացիներ-Սահմանադրություն հարաբերությունների մասին է՝ իր ձևակերպումներում հստակեցնում է Հայաստանի վարչապետը:

«Ես ինքս եմ վկան որպես լրագրող՝ 95 թվականի սահմանադրական փոփոխությունների հետագան ՀՀ ժողովուրդը չի համարում և ընդհանուր ըմբռնումը բոլորիս այնպիսինն է, որ ժողովուրդը չէ, որ իր քվեարկությամբ ներդրել է այդ սահմանադրությունը: Սահմանադրությունը քաղաքացիների պայմանավորվածությունն է մարդկանց-պետություն և համակարգերի հարաբերությունների մասին: Այսօր մեր շատ պրոբլեմները գալիս են նրանից, որ մեր քաղաքացիները չեն համարում, որ այդ կանոնները սահմանված են իրենց կողմից կամ իրենք քվեարկել են այդ փոփոխությունների օգտին: Մենք ֆունդամենտալ, այդ թվում ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտներում խնդիրներ չենք լուծի, քանի դեռ Սահմանադրության տեքստը մարդիկ չընկալեն որպես մի տեքստ, որ մարդի ձեռք ձեռքի են տվել, որ ժողովուրդ, մենք պայմանավորվում ենք՝ իրար հետ մի երկրում ապրում ենք այս կանոններով: Դա ֆունդամենտալ քաղաքական իրողությունն է, որ ի միջիայլոց երրորդ Հանրապետության պատմության մեջ ոչ մի անգամ տեղի չի ունեցել»:

Ընդունված թվաբանությամբ՝ ՀՀ Սահմանադրությունը բարեփոխվել և փոփոխվել է 3 անգամ, կազմակերպվել է 4 հանրաքվե, որից մեկը տապալվել է, երեքը, տարբեր գնահատականներով, անցել են խնդրահարույց  քվեարկությամբ:

Ինչպե՞ս սահմանադրական բարեփոխումները վերածվեցին նոր Սահմանադրության պահանջի

Գործող իշխանությունը դեռ 2018-ից հետո մտադրվել էր փոխել Սահմանադրությունը: Բայց սկզբնական փուլում խոսքը հենց բարեփոխումների, ոչ թե նոր Սահմանադրության մասին էր:  

Կառավարող ուժն ակնկալում էր, որ 2021 թվականին արդեն Հայաստանում տեղի կունենար Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե։ Սակայն պրոցեսները և աշխատանքները դանդաղեցին և միայն այս տարվա հունվարին համապատասխան հանձնաժողովն ավարտուն տեսքի բերեց սահմանադրական բարեփոխումների հայեցակարգն ու այն ներկայացրեց կառավարությանը: 

80 էջանոց նախագծի նախաբանում ասվում էր, որ 2015-ի բարեփոխումներից հետո Հայաստանում տեղի են ունեցել «դարակազմիկ» փոփոխություններ: Մասնավորապես, 2018-ի թավշյա հեղափոխությունը։ Բացի դրանից 2020-ից Հայաստանն առերեսվել է աննախադեպ փորձությունների՝ համաճարակ, 44-օրյա պատերազմ, շարունակական սահմանային բախումներ, Հայաստանի տարածքային ամբողջականության հանդեպ ոտնձգություններ, հեղաշրջման փորձեր, արցախահայերի բռնի տեղահանում։

Հետևաբար, ըստ նախարարության, սահմանադրական բարեփոխումները պետք է լուծեին չորս առանցքային խնդիր

  • հաղթահարել գործող Սահմանադրության նկատմամբ հանրային անվստահությունը,
  • վերանայել իշխանության վերարտադրման և քաղաքական մենաշնորհի ձգտմամբ պայմանավորված քաղաքական խաղի կանոնները,
  • ապահովել մարդու իրավունքների պաշտպանության առավել բարձր նշաձող,
  • նպաստել սահմանադրական արժեքների արմատավորմանը:

Կառավարությունը չհասցրեց հանրության հետ քննարկել ներկայացված հայեցակարգը, առաջ եկավ նոր Սահմանադրություն մշակելու գաղափարը: Արդյո՞ք այս հայեցակարգը հիմք կդառնա, թե՞ մի կողմ կդրվի նոր Սահմանադրության մշակման ժամանակ, դեռ հստակեցված չէ:

Հայտնի է, որ արդարադատության նախարարության կողմից կառավարություն ուղարկված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծում Սահմանադրության նախաբանի փոփոխության, այսինքն՝ Անկախության հռչակագրին հղումը հանելու վերաբերյալ որևէ հիշատակում չկար։ Այս պահանջը սկսեց շրջանառվել խաղաղության օրակարգի շրջանակում Ադրբեջանի նախապայմանների պատճառով: Պաշտոնական Բաքուն Անկախության հռչակագրում տարածքային ոտնձգություններ է տեսնում: Այդ պատճառով է Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը կապում Խաղաղության պայմանագրի ստորագրման հետ:

Միջամտությունը ՀՀ ներքին գործերին անթույլատրելի է

Պաշտոնական Երևանը տարբեր մակարդակներում արդեն արձագանքել է այդ նախապայմաններին՝ դրանք անընդունելի համարելով:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը և սահմանադրական փոփոխությունների վերջին հայեցակարգի մշակմանը մասնակցած խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը հստակեցնում են.  

Սարգիս Խանդանյան․ «Հայաստանը չի պատրաստվում նոր Սահմանադրության ընդունման հարցը արտաքին քաղաքական օրակարգի, առավել ևս Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգի մաս դարձնել»:

Դանիել Իոաննիսյան․ «Չի կարող Ադրբեջանը թելադրել, թե Հայաստանում ինչպիսին կլինի Սահմանադրությունը: Ենթադրենք Ադրբեջանի թելադրանքով Սահմանադրություն գրվի ու այդ Սահմանադրությունը հանրաքվեի դրվի: Կընդունվի՞, ժողովուրդը կգնա տեղամաս կողմ կքվեարկի՞, պարզ է չէ՞, որ չի ընդունվի: Դա իրատեսական բան չի: Նույն Ադրբեջանի Սահմանադրությունը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջեր ունի: Մի պահ, կարծես թե պայմանավորվածություն կար, որ մենք իրենց Սահմանադրության վրա ենք աչք փակում, իրենք մեր Սահմանադրության վրա են աչք փակում, որովհետև եթե ուզում ես դիմացինիդ հետ խաղաղվելու ճանապարհով գնաս, կարող ես ինչ որ բաների վրա աչք փակել: Բայց դա պետք է լինի փոխադարձ: Հիմա իրենց այդ պայմանավորվածությունից հետ են կանգնում: Իրենց գործն է»:

Իոաննիսյանն այս պահին համոզված է, որ հղումը Անկախության հռչակագրին Սահմանադրության նախաբանում կպահպանվի:

Կառավարման ձևը կպահպանվի, կփոխվեն իշխանության ձևավորման մեթողները

Այն, ինչ հստակ է այս պահին, վերաբերում է պետության կառավարմանը: Այս հարցում տարբեր մոտեցումներ կան: Մի կողմը շեշտադրում է, որ գործող Սահմանադրությունը թույլ է տվել հեղափոխություն իրականացնել, մյուս կողմը՝ կառավարման ձևի պահպանման կողմնակիցները, պնդում են՝ հետպատերազմյան շրջանում գործող Սահմանադրությունը հնարավորություն է տվել պահպանել կայունությունը և կանխել հեղաշրջման փորձերը:

Այսպիսով՝ իշխանությունը կողմ է պահպանել կառավարման պառլամենտական ձևը, բայց նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը պնդում է առկա վտանգների մասին:

«Ես դեմ եմ եղել այն, ինչ կոչվում է պառլամենտական, որովհետև ես այն գլխից ասել եմ, որ դա դառնալու է ավտորիտար, վարչապետական: Եվ եթե մեկը ուզում է ասել, որ իմ կանխատեսումը սխալ էր, թող ինձ ապացուցի»:

Ալավերդյանը պնդում է, որ անգամ նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտության մասին վարչապետը պետք է ոչ թե առաջինը խոսեր, այլ խոսեր միայն խորհրդարանի կամ հանրության պահանջը իրեն ներկայացնելուց հետո:

Ամեն դեպքում, իշխանությունը պատրաստ է գնալ լիազորությունների և հնարավորությունների կրճատման: Նիկոլ Փաշինյանը արդեն հաստատել է՝ իշխանությունը մտադիր է վերնայել  խորհրդարանում ընտրությունների միջոցով «կայուն մեծամասնության» ձևավորմանն առնչվող դրույթը:

«Մենք մեր քաղաքական՝ կառավարող մեծամասնության քննարկումներում միշտ հանդես ենք եկել դրա օգտին: Հետևաբար՝ դա մեր քաղաքական պլանների մեջ մտնում է»:

Խոսքը Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի այն կարգավորումների մասին է, որոնք ընտրությունների արդյունքով հաղթած քաղաքական ուժին թույլ են տալիս մանդատների թիվն ավելացնել մինչև  կայուն մեծամասնության ձևավորումը:

Դանիել Իոաննիսյան. «Մենք պետք է խորհրդարանական համակարգին իմաստ տանք, որպեսզի դրա սահմանադրական և անուհետև նաև օրենսդրական կարգավորումներն իրապես խորհրդարանական լինեն և ոչ թե ինչ-որ սուպերվարչապետական: Բայց այդ դրույթը հանվելուց հետո գալիս են որոշակի հարցեր` կապված կառավարության ձևավորման, մեխանիզմների հետ, որոնք տարբեր երկրներում տարբեր ձև են լուծված»:

Այս լուծումների մասին դեռ վաղ է խոսել, քանի որ նոր իրողություններին և մարտահրավերներին համապատասխանող նոր Սահմանադրության մշակման համար 2 տարի ժամանակ կա: 

Կարդացեք նաև

Back to top button