ՀարցուԳԻՏԱփորձ

Իսկ դու տաղանդավո՞ր ես, աշխատասե՞ր, թե՞ բախտդ բերեց․ «ՀարցուԳԻՏԱփորձ»

«Երբ ինչ-որ մեկին ասում են՝ դու տաղանդավոր ես, ինչպիսի երջանկություն է այդպես ծնվելը, ես հիշում եմ Բախին։ Երբ իրեն ասում էին՝ ինչ տաղանդավոր ես, ինչ լավ ես նվագում, պատասխանում էր՝ ով իմ չափ աշխատեր, ինձնից լավ կնվագեր»։

Մարդն օրն ու գիշերը խառնում, հացն ու հաճույքը մոռանում, տքնում, աշխատում է, մեկ էլ պարզվում է՝ ինչ լավ է, նա ի ծնե տաղանդ ուներ։ Կարծես փոքր-ինչ անարդար է։

«Իմ ղեկավարը ինձ տեսել է 10 տարի հետո՝ հիմա այստեղ նստած։ Եվ եթե ինքը չունենար ինձ տեսնելու տաղանդը, (որովհետև ես իմ մասին այսքանը չգիտեի), հիմա այստեղ նստած չէի լինի»։

Բարև, եթերում «ՀարցուԳԻՏԱփորձ» հաղորդումն է, ես Արուսյակ Կապուկչյանն եմ։
Այսօր չափելու ենք տաղանդը։

***

Իսկ դուք հավատո՞ւմ եք տաղանդի գոյությանը։ Հին աշխարհում ապրողների համար այս հարցը մոտավորապես «Իսկ դուք հավատո՞ւմ եք կիլոգրամի գոյությանը» հարցի պես անհեթեթ կհնչեր․ «Տաղանդ»-ն առաջացել էր հին հունարեն կշեռք բառից, ծանրության չափ ու դրամական միավոր էր, որով ոսկին էին կշռում։ Հունաստանում մեկ տաղանդը հավասար էր 26, Եգիպտոսում՝ 27, Բաբելոնում՝ 30.3 կիլոգրամի։

Իսկ այս նոր՝ մեր աշխարհում, ես իսկապես ուզում եմ իմանալ՝ դուք հավատո՞ւմ եք տաղանդի գոյությանը։

Լեոնարդո դա Վինչին արվեստագետ էր, գիտնական, ինժեներ և գյուտարար: Էյնշտեյնը հեղափոխեց ֆիզիկան հարաբերականության տեսությամբ, Շեքսպիրն անզուգական գրող էր և դրամատուրգ, իսկ Մարի Կյուրիի ամագը ռադիոակտիվ նյութերի ուսումնասիրության մեջ երկու Նոբելյան մրցանակով գնահատվեց։
Նրանք տաղանդավո՞ր են։ Եթե այո՝ ո՞վ է հանճարեղը։

Մարդն այնքան է լուծել մաթեմատիկական խնդիրներ, որ ուղեղը սկսել է մտածել՝ դրա համար է գոյությունը․ քնից էլ արթնացնես, դեռ աչքերը փակ բարդ հաշվարկներ կանի։
Նա տաղանդավո՞ր է։ Եթե այո՝ ո՞վ է աշխատասերը։

Մեկ ուրիշը պարզապես ապրում է, մեկ էլ ասում են՝ քեզ մոտ այս բանը հրաշալի կստացվի, դրա համար ես ստեղծված։ Փորձում է ու հաջողում։
Նա տաղանդավո՞ր է, թե՞ բավականաչափ ներշնչված։

Տաղանդավոր ծնվո՞ւմ են, թե՞ դառնում․ «ՀարցուԳԻՏԱփորձ»-ն այսօր այս հարցերի մասին է։

«Իմ կարիերայի պատմությունը խոսում է այն մասին, որ ինչ-որ մեկը շատ կարճ ժամանակում այնքան է հավատացել իմ պոտենցիալին, որքան ես երբեք չեմ հավատացել ու չեմ հավատում»։

Արդյունքում Հայաստանն արդեն 10 տարի «Լոֆթ» ունի, հազարավոր մարդիկ՝ աշխատանքային փորձառություն, Արևիկ Համբարձումյանը՝ տաղանդներին ստեղծելու, բացահայտելու, պահելու՝ փորձի վրա հիմնված ասելիք։ Եվ չնայած «տաղանդ» բառն իր աշխատանքում մասնագիտական տերմին է, զգուշորեն և խնայողաբար է օգտագործում․ անհարկի կիրառությամբ այն մաշելու կարիք չկա՝ ասում է։

«Մենք սովոր ենք նայել մեր բակի, մեր գյուղի, քաղաքի քառակուսու մեջ, ու էնքան շատ ենք այդպես մտածում, որ մեզ թվում է՝ այդքանն է սահմանը։ Բայց երբ փորձում ես այդ պատուհանը բացել ու տեսնում ես՝ ինչ տաղանդներ կան աշխարհում, սկսում ես զգույշ լինել բառամթերքի օգտագործման մեջ։ Եթե մենք մեր աշխատավայրում մեր առաջ դրված խնդիրը լավ ենք իրականացնում, դա չի նշանակում, որ տաղանդ ենք։ Ուղղակի այնքան շատ է անտեղի ծափահարությունը, որ մարդուն թվում է, թե եթե ինքը այսօր առանց ուշանալ աշխատանքի է հասել, ինքը շատ լուրջ բան է արել»։

10 տարի առաջ Արևիկ Համբարձումյանը մի ընկերությունում 1.5 տարի տնօրենի օգնական աշխատելուց հետո դեռ գոյություն չունեցող կոնցեպտ կյանքի կոչելու ու տնօրինելու մի.․. ոչ թե առաջարկ, այլ, կարելի է ասել, պահանջ ստացավ։

Այսպես ստեղծվեց «Լոֆթ»-ը, որն այսօր հաճախ է հիշատակվում որպես հաջողված ծրագիր․ «Բայց ես ինձ անընդհատ հետ եմ տանում իմ սկզբնակետ, երբ փաստաթղթերը սկան կամ պրինտ անել չգիտեի։ Ես անընդհատ հիշում եմ այն օրը, երբ չգիտեի՝ որ կոճակը պետք է սեղմեմ»,- ասում է։

Մեխանիզմը պարզ է՝ ինչ-որ մարդ մեկ ուրիշ մարդու մեջ տեսնում է ինչ-որ բան անելու կարողություն, նրան ստիպում հավատալ դրան և ջանալ։ Հետո կանգնում է հարցը՝ սա տաղա՞նդ էր, ես աշխատասե՞ր էի, թե՞ բախտս բերեց։ Արևիկ Համբարձումյանն այդ հարցի պատասխանը գտել է․

«Ես ճիշտ ժամանակին ճիշտ քլիքը արեցի ու տեսա, որ փնտրվում է աշխատակից, ճիշտ ժամանակին ճիշտ HR-ը տեղում էր, ով ասաց՝ Դուք էդ բաժնի համար չեք, եկեք Ձեզ տանենք մեր տնօրենին օգնական։ Ճիշտ տնօրեն էր ինձ հանդիպել, ու ինքը իմ կյանքի ճիշտ պահին ճիշտ վայրում ճիշտ մարդուն հանդիպելու դիպվածն էր։ Հետո ես հասկացա, որ այդքանը հերիք չէ ու ես պետք է շատ աշխատեմ։ Եվ եթե ես աշխատասեր չլինեի, դրանից առաջվա եղածն անտեղի կլիներ։ Եվ քանի որ ես աշխատասեր էի և ճիշտ ժամանակին ճիշտ տեղում ճիշտ մարդուն էի հանդիպել, նաև իմ բախտը բերեց։ Որովհետև, եթե իմ բախտը չբերեր, էս ամենը չէր լինի»։

Բայց ուրիշի մեջ տաղանդը տեսնելու համար էլ է տաղանդ պետք։ Հատել ժամանակի սահմանները, նայել մարդուն այսօր ու տեսնել՝ ով է նա 5, 10, 15 տարի հետո․ սա ամեն մարդու խելքի բանը չէ։ Բայց կան մարդիկ, որոնց աշխատանքը հենց տաղանդի որոնումն է։

«HR-ի մեջ տաղանդը լրիվ այլ հասկացություն է, դա կադր է, որը կամ արդեն իսկ բացահայտված է, կամ այնքան մատղաշ կադր է, որ կարիք կա, որ իրեն բացահայտեն, կամ ինքն իրեն է բացահայտում։ Շատ զարգացած երկրներում տաղանդի մասնագետ գոյություն ունի, ով փնտրում է, օրինակ, բուհերում, հասկանում է, որ եթե իրենց ընկերությունն այս երիտասարդի վրա ներդրում անի, 5 տարի հետո ունենալու են բացարձակ տաղնադ, ով այդ ընկերության համար արված ներդրումները տասնապատիկ հետ է բերելու։ Մյուս ուղղությունը, երբ տաղանդի մասնագետը այլ ընկերություններից գողանում, բերում է այդ տաղանդներին, իմ ամենաչսիրած բանը։ Եվ մյուսը, երբ դու քո կառույցում ունես մարդ, ումից փորձում ես ստանալ այդ տաղանդը, տեսնում ես, որ կա այդ պոտենցիալը և ուղղակի ռիսկի դիմելով իր վրա ներդրում ես անում և սպասում ես՝ երբ պետք է այդ պտուղները տեսնես ու ասես՝ ես աշխատավայրում տաղանդ ունեմ»։

«Տաղանդը հատկանիշ է, որը կա՛մ ի բնե կա, կա՛մ ընթացքում կարող է բացահայտվել, այսինքն՝ էլի ի բնե կա, և որոշակի աշխատանքի ընթացքում, որոշակի միջավայրում դրսևորվում է»

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, երաժշտագետ Լիլիթ Մարտիրոսյանը ամենօրյա ռեժիմով շփվում է մարդկանց հետ, որոնցից մենք ակնկալում ենք տաղանդավոր լինել։ Բոլոր երաժիշտներն են աշխատում՝ ասում է երաժշտագետը, բայց կախված ի ծնե ունեցած ունակության աստիճանից՝ այդ աշխատանքը նրանց սիրողական կամ օրինակելի, տաղանդավոր կամ հանճարեղ մասնագետ է դարձնում։ Եվ մենք՝ բառերի շռայլության մեր մակարդակից կախված, տարբեր գնահատականներ ենք տալիս նրանց։

«Կան օժտվածության մակարդակներ․ կա պարզապես շնորհալի մարդ, կա տաղանդավոր անձ և կա հանճարեղ։ Ասում եմ «շնորհալի» ու անմիջապես հիշում եմ Ներսես Շնորհալուն։ Ժամանակին շատ ավելի խիստ են եղել նման բնորոշումներ տալիս, այսօրվա բնորոշմամբ հանճարեղ Ներսես Շնորհալին ժամանակին ընդամենը բնորոշվել էր իբրև շնորհալի։ Հանճարներն ամենաբարձր աստիճանն են։ Շատերն են փորձել բնորոշել՝ ինչ նկատի ունենք հանճար ասելով։ Այսպիսի մի բնորոշում կա, որ հանճարը մարդկության պատմությունից կամ տվյալ բնագավառում ընթացող բնագավառներից մեկ քայլ առաջ է։ Մարդկությունից մեկ քայլ առաջ է։ Իրենք ինչ-որ երևույթ են, որ հետո պիտի իրենց հետևից բերեն պատմություն, որոնցով պիտի կերտվի ընթացք»։

Լուծումը ճանաչումն է։ Եթե նույնիսկ ի սկզբանե ունենք առանձնահատուկ մի ունակություն, օժտվածության բացառիկ մի մակարդակ, որը հենց ու միայն մեզ է բնորոշ, այն աշխարհի շրջող ուժ չի դառնա, քանի չենք նկատել դրա գոյությունը։

«Եթե ասեմ, որ նախատրամադրվածությունը, օժտվածությունը բոլորովին կապ չունեն զարգացման աստիճանի, չափի, բարձունքի, դիրքի հետ, որտեղ դու կարող ես հասնել, կեղծ բան արած կլինեմ։ Կապ ունի, անշուշտ կապ ունի, սակայն ունենք դեպքեր, երբ երկար ժամանակ չի դրսևորվում այդ օժտվածությունը և աշխատանքի ընթացքում բացահայտվում, բացվում է։ Կան դեպքեր նաև, որ հասկանում ես՝ այսքանն է այդ մարդու չափը։ Ես գտնում եմ, որ երեխաները պիտի շատ խմբակների գնան, արվեստի տարբեր ճյուղերով զբաղվեն, պիտի հնարավորություն տալ երեխաներին դսրևորվելու, որ այդ ընթացքում և՛ երեխան ընկալի, զգա, թե ինչ է սիրում, և՛ մասնագետը տեսնի իր մեջ հատկանիշը, և՛ ծնողը տեսնի»։

Մասնագետը կարող է նկատել դիմացինի տաղանդը՝ աճելու հնարավորության դիապազոնը։ Այսպես, մարդուն կարող ես ասել՝ տաղանդավոր ես։ Եթե նա դեռ չի աշխատել այդ տաղանդը զարգացնելու ուղղությամբ, ապա արտահայտությունը լսելիս գուցե շոյվի․ չկա աշխատանք, որը թերագնահատվել է՝ տաղանդին վերագրվելով։ Ուստի չի լինի նաև անարդարության զգացումը։

Բայց եթե նա չաշխատի, նրան «տաղանդավոր ես» ասելու առիթ էլ չի լինի․

«Ըստ իրավիճակի՝ տարբեր պարամետրեր կան. որքան է աշխատել, որ հասել է  այս կետին, ինչպես է կարողանում ընկալել, ինչ արագությամբ է յուրացնում ու դարձնում նոր որակ իր համար։ Արամ Խաչատրյանն է բացահայտել Առնո Բաբաջանյանի տաղանդը մանկապարտեզում։ Երիտասարդ է եղել ու այդ ժամանակ իր աշխատանքի բնույթից ելնելով այցելել է մանկապարտեզներ, ստուգել է երեխաների երաժշտական տվյալները։ Բաբաջանյանին ստուգելուց հենց ասել է՝ ուշադիր եղեք՝ երեխան լուրջ ապագա ունի»։

Տաղանդը կար, այո։ Բայց եղավ նաև բախտը՝ Արամ Խաչատրյանը հենց այդ պահին հենց այդ մանկապարտեզում էր։ Եվ կար նաև աշխատանքը։ Ու երեխան լուրջ ապագա ունեցավ։

Կարդացեք նաև

Back to top button