
«Դեպի Հայք» կազմակերպության անցած 20 տարիների հիմնական առաքելությունը աշխարհի հայ երիտասարդներին Հայաստան բերելն ու նրանց հայրենի հողի հետ կապելն է։
«Հուլիսի 5-9-ը մեր 20-ամյակը նշելով՝ վերհիշում ենք մեր աշխատանքի սկիզբը, շրջանավարտների: Այս առիթը պետք է օգտագործել և Հայաստան հրավիրել հաջորդ 20 տարվա մասնակիցներին»,- ասում է «Դեպի Հայք» հիմնադրամի 17-ամյա տնօրեն Սևան Կաբակյանը։
Հոբելյանական միջոցառումների շրջանակում կայցելեն Գյումրի ու Վանաձոր։
Անցած երկու տասնամյակում Հայաստան է եկել 2700 կամավոր։ Յուրաքանչյուր տարի հիմնադրամի աջակցությամբ տարբեր երկրներից ու համայնքներից ՀՀ է գալիս մոտ 200-250 կամավոր:
«Մեր գերնպատակն է կրկնապատկել ու եռապատկել այդ արդյունքը», — նշում է Սևանը և ավելացնում, որ այսօր սփյուռքում տարբեր մտածողության մարդիկ են ապրում. հայեր, որոնք ամեն օրն ու ժամը ապրում են Հայաստանով, հայեր, որոնք որևէ կապ չունեն և չեն ցանկանում ունենալ իրենց հայրենիքի հետ:
«Մենք հաճախ աշխատում ենք հենց այդ խմբի տեսակետը փոխելու վրա, նրանց մոտեցնելով հակառակ գաղափարը կրողներին: Իսկ այդ հարցում մեզ օգնում են մեր այս տարիների շրջանավարտները, որոնք պատմում են մեր մասին, խոսում իրենց աշխատանքների ու դրանց կարևորության մասին: Հայաստանը իրական երկիր է, իրական մարդկանցով: Պետք է սիրել այն՝ դժվարությունները հաշվի չառնելով», վստահ է Սևան Կաբակյանը:




