Հանգստյան օրերին Երևանյան լիճն անսովոր մարդաշատ էր․ լճի՝ Իսակովի պողատայի կողմի «աղբաճահիճը» դարձավ եղեգնուտ։
Արդյունքը ստեղծած մարդկանց թվից բացի, անսովոր էր կազմը՝ աղբի «գույնն ու հոտն» անտեսող ռուս ռելոկանտներից մինչև տեղացիներ։
Ջավախքից՝ ռետինե արտահագուստը հագին
«Այստեղ կապ չունի ով որտեղից է, կարևորը մեկ նպատակի է ծառայում՝ երկիրն է մաքրվում»։
Թարգմանչական գործով զբաղվող Անդրանիկ Եսայանը միջոցառմանը կարգ ու կանոն հաղորդողներից է։ Տեսակավորման հարցում հենց նրա կարծիքն է ծանրակշիռ։ Անդրանիկը անվասայլակով է, տանել չի կարողանում դրա շարժին խանգարող աղբը, ուստի ռուս ներգաղթյալների դեռ 2 տարի առաջ սկսած շաբաթօրյակներին հաճույքով է միանում։
«Անցյալ շաբաթ եկանք Երևանյան լիճ ու հասկացանք՝ էկոլոգիական աղետ է, ռադիոլսողներն այս բուրմունքը չեն զգում, ես ջուրը չեմ մտնում, բայց գնում եմ տուն, սայլակից հոտ է գալիս»։
Անդրանիկի շուրջ ձևավորված 1-ին թիմում ափեզրի աղբը ռետինե ձեռնոցներով տեսակավորող ռուսներն են, ջրի մեջ՝ ռետինե արտահագուստով ջավախահայ Հարությունն ու կուրսընկերուհին։ Երեկոյան ժամը 7-ին «պոլիտեխնիկցիները» գոտկատեղից վեր ջրում են, նրանք պլաստմասե ցանցավոր արկղով են աշխատում։ Հարությունը «Հայ կրթական հիմնարկության» կրթաթոշակի դիմումատու է, լավ սովորելուն զուգահեռ պետք է 120 ժամ կամավորություն անի։ Սոցցանցում գովազդը տնտղել ու հասկացել է՝ աշխատանքի արդյունքը կլինի մաքրված լիճը, արդյունքում նաև հպարտություն կզգա։
«Ջավախքում ճիշտն ասած չկան էսպիսի բաներ, բայց, երբ նկատում եմ, որ շատ կեղտոտ է բիսետկաների մոտ կամ նման հանգսավայրերում, ինձ համար մաքրում եմ, որ լավ զգամ»։
Կուրսընկերոջ հետ Մարիամը 2-րդ անգամ է տեղանքում, արկղը բարձրացնելիս ծորացող ջրով ողողվելը տրամադրությունը չի գցում։
-Անցյալ անգամ էլ էի՞ք ռետինե հագուստով ջրի մեջ։
-Չէ, ինձ չհասավ /ծիծաղում է/։ Միայն Հարութին հասավ։
«Արհեստական բանականություն» բաժնի ուսանողների փոխարեն ինչո՞ւ ջրում խելացի սարքերը չեն»․ զրուցակիցներիս ուղղված կատակ-հարցից պարզվում է՝ տեղանքում «դրանից» էլ կա։
Ճյուղերը խանգարեցին, բայց կուղղվի
Սարքի մոտ ուղեկցում է Երևանից հեռավար աշխատող ծրագրավորող պետերբուրգցի Ալեքսեյը։
-Մոտ եք ապրում, դրա համար ե՞ք եկել։
-Ոչ, Արաբկիր համայնքում եմ ապրում, ավտոբուսով եմ եկել։ Սանկտ Պետերբուրգում հավաքվելու, ընկերություն անելու խնդիր չունեի, իսկ այստեղ, բացի այն, որ լավ գործ ես անում, դու նաև շփվում ես մարդկանց հետ։ Հիմա ջրի մեջ չեմ, բայց, տեսեք, աղբը հանվում է, այդ ամենը պետք է հավաքել տոպրակների մեջ ու տանել, ապակին և ալյումինը ցանկալի է առանձնացնել։
ֆիզիկամաթեմատիկական թեքումով վարժարանի սան 17-ամյա Արևիկը իր ստեղծած Blue Keper՝ թարգմանաբար «կապույտը պահող» անվանումով ռոբոտին ջրերի աղբը մաքրելու և կապույտ գույնը վերադարձնելու համար է ստեղծել՝ Rise միջազգային մրցույթի շրջանակներում։
«Լողում է կրիայի նման և հետևում ունի աղբահավաք ցանց։ Իրականում այստեղ այդքան էլ հաջողված չէր աշխատանքը, քանի որ կային մեծ ճյուղեր, բայց դա էլ էր շատ կարևոր փորձ, հասկացա ոնց կարելի է փոխել, որ կարողանա ավելի հեշտ գնա»։
Լիճը մաքրելը՝ «վայլդբերիսցու» համար մեդիտացիա
Հայուհի Արևիկից պակաս ոգևորված չէ ռուս Ադելը, նա ռուսական Վայլդբերիս օնլայն մանրածախ ցանցի հայաստանյան մասնաճյուղի ծրագրավորողն է, ծնունդով Բաշկիրիայից, ամուսնու հետ է ապրում Երևանում։ Ասում է՝ հայրենիքում էլ աղբի խնդիր կա, բայց չկան նման միջոցառումներ։
-Դժվար է հարցնելը, բայց այսօր գործից հաճույք ստացա՞ք։
-Իրականում, այո /ծիծաղում է/, քանի որ երբ ամբողջ օրը մտավոր աշխատանք ես կատարում, շատ ես հոգնում։ Երբ այստեղ մաքրություն ենք անում, արդյունքն ակնհայտ է դառնում ու դա շատ զիլ է, լիցքաթափում է ինչպես մեդիտացիան։
Ոգևորվողների մյուս թիմը «զբոսաշրջայիններն» են, լիճը մտած տուրիզմի ֆակուլտետի շրջանավարտ Մուշեղ Թադևոսյանին հարցնում եմ՝ մինչ ռուս եկվորների գալը եղե՞լ են միջոցառումներ, որ մասնակցել է։
«Կային, ուղղակի արդյունքը չէր երևում։ Մասնակցել եմ շաբաթօրյակների, բայց, 4-5 հոգով, իսկ էստեղ սա դեռ ամենափոքր թվաքանակն է։ Անցած կիրակի օրն էլ էի էստեղ, քիչ-քիչ մաքրվում է»։
Զբոսաշրջության կոմիտեի նախկին նախագահ Սիսիան Պողոսյանն էլ է ափին, նա այլ դիտանկյունից է հարցին մոտենում։
«Կարորն այն է, որ մեր սիրելի հայրենակիցներն աղբ չթափեն, որովհետև ինչքան մենք մաքրենք, եթե շարունակենք թափել, ոչինչ չի փոխվելու»։
Եկատերինբուրգյան փորձ՝ Երևանում
Շաբաթավերջին շրջակայքը մաքրելն ընդունված է Ռուսաստանի հյուսիսարևելյան Եկատերինբուրգ քաղաքում։ Միջոցառումներին աջակցում են տեղի սուպերմարկետները, արագ սննդի և նույնիսկ դեղատնային ցանցերը։ Մասնակիցները թիմերի են բաժանվում, առավել լավ արդյունք ցուցաբերողները ստանում մրցանակ։ Պակաս ակտիվներին խրախուսական նվեր է հասնում, օրինակ, 1 տարա մուրաբա։
Եկատերինբուրգյան մոտեցման մասին պատմողը 33-ամյա Ալեքսեյ Շերբինինն է, ասում է՝ երևանյան էլեկտրոնիկայի խանութների ցանցերից մեկն էլ է նույնն արել՝ մասնակիցներին համեղ պիցցա է հյուրասիրել։
«Մենք նախորդ անգամ ռետինե փչովի նավակ էինք վարձակալել, թիմից 4 հոգի թիակների միջոցով նավարկելով աղբը քշում էին ափամերձ հատված և այստեղ մարդիկ հավաքում էին։ Եվ ամեն ինչ ստացվեց։
Այս ամենից հետո գոհունակության ձգացողություն ես ունենում, դա առաջին հերթին ֆիզիկական աշխատանք է, իմ նման ԱյԹի մասնագետի համար օգտակար։ Զգում ես, որ օգնեցիր բնությանն ու շրջակա միջավայրին, ստացվում է, որ քո ձեռքերով ինչ որ հրաշք է կատարվում»։
Ձկնորսական համայնքը՝ քաղաքապետարանին
Երևանյան լիճը մաքուր պահելու բանաձև-առաջարկ ունեն մշտական այցելուները՝ ձկնորսները։ Ասում են՝ լճում կար սազան, կողակ, կարաս, բայց ժամանակին լիճը դատարկելով մաքրելը վնասեց կենսամիջավայրը։
«Հենց վատը դա էր, որ դատարկեցին, կենդանական աշխարհը կիսով չափ վերացրին, ձվադրումներին խանգարեցին, 2 տարի համարյա ջուր չկար, ձուկը գնաց ու գնաց։ Նախկինում այս ժամին 4-5 մեծ ձուկ էր բռնվում, իսկ հիմա մանր, էնքան որ սիրողական զբաղվում եմ»։
Ձկնորսներն ասում են՝ հիմնականում հավաքվում են աշխատանքային օրվանից հետո՝ լիցքաթափվելու համար։ Նույնիսկ մանր ձկնիկներ են բերել բազմացման համար, բայց դրանց էլ ճայերն են տարել։
«Էստեղ օրը 2-3 աշխատող պահեն 1 ղեկավարի հետ, 1 թեկուզ փոքր նավակ, տեսան 2 շիշ կա, մտնեն հավաքեն տանեն թափեն։ Սպասարկում է պետք, բակերում սպասարկում են, մաքրողներ կան, սա էլ է բակ, բոլորի բակն է, մեկինը չէ։ Էստեղ զբոսայգի է, մարդիկ երեկոյան գալիս են երեխաների հետ, կարող են հսկողություն էլ սահմանեն, ավելի լավ»։
Մանկական երկաթուղուց մինչև Երևանյան լիճ՝ 115 տոննա աղբ
Երեկոյան 8։30-ին միջոցառման կազմակերպչի հետ եմ խոսում, նա կրկին ջրում է, բայց, համեմատաբար ափին մոտ։ Հարց ու պատասխանի համար գրեթե բղավում ենք՝ քամի է։ Դանան Երևանում հիմնել է «Գրին գրին» բնապահպանական կազմակերպությունը, հույսը դնելով ռուս ռելոկանտների վրա, միջոցառումները նկատել են նաև հայերը, ուստի արդեն մեծ թվով մարդիկ են հավաքվում։
«Մենք հավաքում ենք այն վայրերում, որտեղ մեծ քանակի աղբ կա և կոմունալ ծառայության աշխատակիցներին դժվար կլինի դա անել, որովհետև հիմնականում աշխատում են տարեց մարդիկ։
Այստեղ խնդիրը համակարգային է, մեծ ծավալի աղբ կուտակվում Հրազդան գետի միջոցով, և ըստ էության, գետին հարակից բոլոր բնակավայրերը մասնակցում են աղտոտման գործին։ Արդյունքում այդ ամենը հայտնվում է Երևանյան լճում։ Իհարկե պետք է ցանցապատնեշներ տեղադրվեն գետի հունի վրա, որովհետև եթե նույնիսկ ամեն տարի այստեղ հավաքեն, հաջորդ տարի նույնը կլինի»։
Դանան Երևանի քաղաքապետարանից տեղեկացել է, որ Հրազդանի վրա կավելանան աղբ որսացող ցանցապատնեշներ, Գետառի վրա էլ՝ աղբամաքրիչ նոր կայան։
«Երևանում եմ 2022-ի ապրիլից, առաջին վայրը, որ մաքրեցինք, Հրազդանի կիրճի մանկական այգին էր։ Ես հաղորդագրություն էի գրել Ֆեյսբուքի «Ռուսները Հայաստանում» խմբում, հավաքվեց մոտ 80 մարդ։ Բոլոր մաքրման աշխատանքները պլանավորում և համաձայնեցնում ենք քաղաքապետարանի հետ։ Նրանք մեզ օգնում են պարկեր տրամադրելու, աղբը տանելու գործում։ Լավ է, որ անտարբեր չեն, այս պահին նրանց հետ համաձայնեցնում ենք մի ընդհանուր մաքրման միջոցառում, որը կկազմակերպվի մոտ 2 շաբաթ անց»։
Սոցցանցերում ինքնատիպ լուսանկարներ, իսկ տեղում մաքուր շրջակայք․ Հայաստանում ժամանակավոր բնակվողների շարժումը 74-րդ մաքրման միջոցառումն իրականացրեց։ 2 տարվա ընթացքում հանգստյան օրերին տարբեր տեղանքներից հավաքվել է 115 տոննա աղբ։ 1 աղբատար բեռնատարը սովորաբար տեղափոխում է 1 տոննա աղբ։