ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

Ադրբեջանի խորհրդարանի ցրումը վտանգի տակ է դնում սահմանազատումը. ադրբեջանագետ

Այս տարվա ապրիլի 19-ին Երևանն ու Բաքուն պայմանավորվել էին մինչև հուլիսի 1-ը ավարտին հասցնել սահմանային հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագիծը և սկսել դրա ներպետական համաձայնեցման ու հաստատման գործընթացը կողմերի՝ օրենսդրությամբ սահմանված կարգով և պահանջների համաձայն:

Այսինքն, համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագիծը պետք է անցներ երկու երկրների խորհրդարաններով։ Հունիսի 28-ին, սակայն, հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցրել է Միլի Մեջլիսը (խորհրդարանը) և արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակել սեպտեմբերի 1-ին։

Հանձնաժողովների ապրիլի 19-ի հանդիպումը մեծ կարևորություն ուներ երկու երկրների միջև սահմանազատման համար։ Նպատակն էր հասնել համաձայնության սահմանազատման կանոնակարգի շուրջ, որը պետք է լուծեր սահմանային վեճերը և ապահովեր սահմանային անվտանգությունը։ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ հանձնաժողովները պայմանավորվել էին մինչև հուլիսի 1-ը ավարտին հասցնել սահմանային հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցումը և սկսել դրա ներպետական համաձայնեցման ու հաստատման գործընթացը։

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակն այսօր տարածած հաղորդագրությամբ հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները միմյանց են փոխանցել կանոնակարգի նախագծերը։ Հաղորդագրությունում մասնավորապես ասված է.

«Համապատասխան պայմանավորվածությունների համաձայն՝ հանձնաժողովներն իրականացնում են համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման աշխատանքներ: 2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հանձնաժողովներն աշխատանքային կարգով միմյանց են փոխանցել Կանոնակարգի նախագծերը և անցկացրել են մի շարք քննարկումներ:

Բանակցությունները շարունակվում են կառուցողական հունով: Նախատեսվում է առաջիկայում ավարտել համաձայնեցման գործընթացը»։

Հայաստանյան փորձագիտական շրջանակներում, սակայն, այս լավատեսությունն առանձնապես չեն կիսում, հաշվի առնելով այն, որ հունիսի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Միլի Մեջլիսը (երկրի խորհրդարանը) ցրելու մասին և արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակեց սեպտեմբերի 1-ին։ Ադրբեջանի  սահմանադրության համաձայն՝ խորհրդարանը ցրելու և ընտրություններ նշանակելու իրավունքը պատկանում է նախագահին, սակայն այս քայլը անսպասելի էր և զարմանք առաջացրեց ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական դաշտում։

Ադրբեջանագետ Գրիգորի Այվազյան. «Առաջին անգամը չէ, որ Ալիևը որևէ արկածախնդրության դիմելուց առաջ, ցրում է կամ խորհրդարանը, կամ տեղափոխում է նախագահական ընտրությունները։ Դա որևէ մի ռեալ բան չի հուշում։ Այսինքն, ես կարծում եմ, որ մոտակա ժամանակահատվածում հնարավոր է ադրբեջանական կողմից սպասել նոր ագրեսիայի կամ ագրեսիայի փորձի, համենայնդեպս։ Դա մեղմ ասած, չի կարելի բացառել»։   

Որոշ փորձագետներ համոզված են, որ դա տակտիկական քայլ է՝ հետաձգելու կամ դանդաղեցնելու սահմանազատումը, որպեսզի ավելի մեծ ճնշում գործադրի Հայաստանի վրա։ Ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը նույնպես դա չի բացառում։ Նա կարծում է, որ սահմանային հանձնաժողովների հետ կապված խնդիրներ կան։  

«Սովորաբար, նման հանձնաժողովները ստեղծվում են այն երկրների միջև, որոնք իրար հետ հարաբերությունների կարգավորման մասին պայմանագիր ունեն, և առնվազն դիվանագիտական հարաբերություններ ունեն։ Մեր պարագայում դա չկա, գոյություն չունի՝ Ադրբեջանը դրան չի ձգտում»։

Հետևաբար, Այվազյանը չի բացառում, որ խորհրդարանը ցրելու Ալիևի քայլը կարող է փոխել Ադրբեջանի դիրքորոշումը սահմանազատման հարցերում՝ դանդաղեցնելով կամ կասեցնելով բանակցությունները։ Ադրբեջանագետի խոսքով՝  այս տեսակետի մասին է վկայում նաև այն, որ Ադրբեջանը նորանոր տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին, մասնավորապես, «Արևմտյան Ադրբեջան» եզրույթի շարունակ շրջանառման միջոցով՝ նկատի ունենալով ամբողջ ՀՀ-ի տարածքը։ Այվազյանի համոզմամբ՝ Հայաստանը չի տեսնում կառուցողականություն և պատրաստակամություն Ադրբեջանի կողմից՝ հարաբերությունները կարգավորելու հարցում։

Կարդացեք նաև

Back to top button