ՀարցուԳԻՏԱփորձ

Ինչո՞ւ է մարդն ուզում առաջնորդել ուրիշի կարծիքը․ «ՀարցուԳԻՏԱփորձ»

«Գիտելիքով կիսվելը պետք է լինի սկզբունք, ոչ թե ձեռքի հետ, «վատ չէր լինի, որ կիսվեի»։ Ինչպես ժամանակին տասնորդ կար, որ մարդիկ ուզեին, թե չէ՝ վճարում էին, նույն կերպ բոլորը, ովքեր ինչ-որ ոլորտում գիտելիք ունեն, պետք է կիսվեն»։

Տարբեր իրավիճակներում մարդիկ սպասում են, որ ինչ-որ մեկը խելքը գլխին մի բան կասի, կօգնի տարբերել ճիշտն ու սխալը, կամ կազատի իրենց որոշում կայացնելու պատասխանատվությունից։ Այդ մեկին առաջ մենք «կարծիքի առաջնորդ» էինք ասում, հիմա՝ բլոգեր։

«Հիասքանչ կյանքից չի, որ որոշում ենք բլոգով զբաղվել։ Ուրեմն կյանքի ինչ-որ փուլում ունեցել ենք էմոցիայի պակաս, ուրեմն չենք ստացել էն, ինչին սպասել ենք։ Ու հիմա էդ բացը լրացնելու պահն է»։

Բարև։ Եթերում «ՀարցուԳԻՏԱփորձ» հաղորդումն է, ես Արուսյակ Կապուկչյանն եմ։ Այօսր պարզելու ենք՝ ինչո՞ւ են մարդիկ որոշում առաջնորդել այլ մարդկանց կարծիքը։

***

Նրանց գործը կարծիք հայտնելն է։ Հասարակությունը նրանց չի փնտրել և չի խնդրել դա անել, բայց լուռ կամ ակտիվ ներկայությամբ, երբեմն՝ ուղիղ պահանջով նրանց՝ ինքնաառաջադրվածներին, ցույց է տվել՝ ձեր կարիքը կա, եկեք ու մի բան ասեք։ Այս կետից հետո նրանց անձնական կարծիքը հաճախ հանրային է․ լսարանը դրանից հետևություններ է անում, երբեմն՝ սերտում հիմնովին։ Այսպես կարծիք հայտնելը դառնում է ժամանակակից մասնագիտություն։ Հաճախ՝ լավ վարձատրվող։

Կարծիքի առաջնորդները հիմա ուրիշ անուն էլ ունեն․ բլոգեր կամ ինֆյուենսեր՝ ներազդող։ Այս խմբին պատկանելու համար էլ պարտադիր չէ ինչ-որ ոլորտի առաջատար լինել։ Մարդիկ նրանցից էմոցիա, ժամանց, սեփական աչքով չտեսածը, զգայարաններով չզգացածը մոտավոր պատկերացնելու հնարավորություն են ստանում։

Իսկ ի՞նչ են ստանում նրանք՝ պատմողներն ու փոխանցողները՝ այդ ժամանակն ու ռեսուրսը ծախսող բլոգեր-ինֆլյունեսեր- կարծիքի առաջնորդները, սա մաքուր բիզնե՞ս է, թե՞ ինչ-որ կարիքի բավարարման հնարավորություն, ինչո՞ւ են մարդիկ հավակնում ազդեցություն ունենալ մի քանի հարյուր հազարը գերազանցող մարդկանց խմբի վրա և ինչպե՞ս է դա նրանց հաջողվում․ «ՀարցուԳԻՏԱփորձ»-ն այսօր այս հարցերի մասին է։

«Պատմության ժամին ակնհայտ ինչ-որ բան էն չէր, տրամաբանության մեջ չէր մտնում, հարց տվեցի, դասատուն սկսեց ինձ ցածր գնահատականները դնել կետադրության համար։ Ինչ-որ ինքնուրույն աշխատանքներ էր տալիս ու ես միշտ 3 էի ստանում, որովհետև 2 տեղ ստորակետ չէի դրել»։

Տվյալների անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի հետ սա տեղի է ունեցել, որովհետև նա հանդգնել է դպրոցում սեփական կարծիք հայտնել։ Այդ «վրիժառու» ուսուցիչն օգնել է, որ այսօր ազգովի մի մարդ ունենանք, որը կպատասխանի թվային անվտանգությանը վերաբերող բոլոր հարցերին, կսթափեցնի մեզ «Բրիտանիայում գտնվող մեր հեռու ազգականի մահից հետո մեզ մնացած նրա բազմամիլիոնանոց կտակը ստացած լինելու» ուրախությունից, կօգնի պաշտպանել անձնական տվյալները հանրային հարթակներում։ Սամվել Մարտիրոսյանը կարծիքի առաջնորդ է՝ բառի բուն ու դասագրքային իմաստներով։

«Մեր դպրոցներում երեխաներին չեն սովորեցնում ճիշտ կարծիք արտահայտել։ Սովորեցնում են անգիր անել ու արտասանել «Լճակ»-ը, Հայոց պատմության այսինչ գլուխը և դասատուների մեծ մասը կարծիք արտահայտելը դիտարկում է որպես անձնական վիրավորանք, լեզվին տալ և այլն։ Էս ինչի՞ էի պատմում․ որովհետև շատ հաճախ լրագրողները զանգում են, ասում եմ՝ դե հերիք եղավ ինձ զանգեք, էս է՝ ձեզ հեռախոսի համար, էս նույն հարցով լավ մասնագետ է։ 10 րոպե հետո հետ են զանգում, ասում են՝ չուզեց խոսել, կամ (էդ էլ մի քիչ թաքուն ասեմ) գնում են, հետո գալիս, ասում՝ նենց խոսեց, բան չհասականք։ Ու մարդ պետք է կարողանա թարգմանել»։

Այսպես Սամվել Մարտիրոսյանը թարգմանում է տեխնոլոգիական ոլորտը մարդկանց համար։ Սահմանային յուրաքանչյուր սրացման, հակերական նոր հարձակումների յուրաքանչյուր դեպքի ժամանակ, (երկուսն էլ, ի դեպ, մեր երկրում բավականին հաճախ են լինում), Մարտիրոսյանը սկսում է տալ գիտելիք, բացատրություն, ուղղորդում։ Իսկ ինքն, ասում է, դրա փոխարեն սեփական սկզբունքների պահպանման ու օգտակար լինելու գիտակցման բավականությունն է ստանում:

«Նույն Վիկիպեդիայից բոլորն օգտվում են, բայց շատ-շատերը տեղյալ էլ չեն, որ դրա վրա աշխատում է ահռելի քանակի մարդ։ Իրենց թվում է՝ էդ Վիկիպեդիան ինքնաբուխ, Համուրապիի ժամանակներից ինչ-որ ժայռի վրա եղել է, ուղղակի հիմա թվայնացրել են, բայց միլիոնավոր մարդիկ ուղղակի առանց ոչ մի բանի․․․ չեմ ասում գումարային, նույնիսկ շնորհակալություն էլ չեն ստանում, բայց համարում են, որ եթե իրենք ինչ-որ բան գիտեն, պետք է կիսվեն բոլորի հետ, ու կարծում եմ դա կարևոր սկզբունք է»։

Եթե մշտադիտարկենք Սամվել Մարտիրոսյանի հայտնած մեկնաբանությունները վերջի հինգ տարիների ընթացքում, կնկատենք՝ նոր բան ասելու և նախկինում արդեն ասվածը կրկնելու համամասնությունը խախտված է։ 94 թվականից դպրոցում աշխատող մասնագետը գիտի՝ երբեմն կրկնությունը գիտելիք փոխանցելու միակ տարբերակն է, կարևոր, բայց հաճախ մաշող․

— Իրենք ինձ տանջում էլ են, երբ դու էդ նույն բանը 20 անգամ ես կրկնում, բոլոր հավանականություններով պետք է արդեն տեղ հասած լիներ, ու քեզ նույն օրը մի 20 հոգի գրում է նույն պրոբլեմով։
— «Կտակ են թողել ինձ»․․․
— Հա, էդ կտակները ընդհանրապես, կարծում եմ, ինչ-որ լուրջ գիտական հետազոտություն պետք է արվի՝ ոնց կարող է 30 տարի անդադար նույն էշությունը աշխատի։

Այնուամենայնիվ՝ Մարտիրոսյանը չի զլանում, կարծիքը տեղ-տեղ համեմվում է սարկազմով (սա ձանձրույթից պաշտպանվելու լավ տարբերակ է), ու շարունակում առաջնորդել մարդկանց կարծիքը՝ իր՝ օգտակար լինելու ձգտումը բավարարելով։ Այսօր, սակայն, այդպիսին լինել ուզում են նաև նրանք, ովքեր նեղ մասնագիտական՝ միայն իրենց իմացած ինֆորմացիան չի, որ փորձում են փոխանցել լսարանին․

«Այսօրվա դրությամբ, իհարկե, դե ֆակտո կարծիք ձևավորողները բլոգերները, ինֆլյուենսերներն են։ Եթե մարդը ինչ-որ սանրվածք է անում, ասում է, որ դա լավ է ու դրանից հետո ինչ-որ մարդիկ տենց են անում, ուրեմն ինքը կարծիք է ձևավորում, ոնց ուզում ես՝ ասա»։

«Ենթադրենք ես 2 օր սթորի չանեմ, գրում են՝ հո բան չի՞ եղել, ամեն ինչ նորմա՞լ է Ձեր կյանքում, սթորիներ չեք անում։ Ես իրենց հետաքրքիր եմ, ես իրենց ընտելացրել եմ, որ ամեն առավոտ պետք է բարևեմ, լավ օր մաղթեմ»։

Արմինե Թովմասյանը 12 000 հետևորդ ունեցող իր ինստագրամյան էջում ճամփորդության, խոհանոցի ու սիրո մասին է պատմում։ Ամեն ամիս մի նոր երկիր չի բացահայտում, խոհարարական կրթություն կամ աշխատանք չունի, բայց, ասում է, լսարանը հավատարիմ է ու սպասող։

«Երբ սկսեցի ակտիվորեն ճամփորդել, իսկ ճամփորդելը 12-13 տարեկան Արմինեի համար ինչ-որ տեղ անհասանելի բան էր, գիտակցեցի, որ կարող է Արմինեի նման էլի մարդիկ կան, որոնց համար դեռ երազանք է ճամփորդելը ու միանգամից որոշեցի, որ էն, ինչ տեսնում են իմ աչքերը, զգում են իմ զգայարանները, պետք է կարողանամ փոխանցել նրանց, ովքեր այդ պահին դրա հնարավորությունը չունեն։ Օրինակ՝ Պրահայի ամենանեղ փողոցը․ մարդիկ չգիտեին, որ դա աշխարհի ամենանեղ փողոցն է, էս ինֆորմացիան տվեցի՞՝ տվեցի, կրթեցի՞՝ կրթեցի, մարդիկ էդ տեղը տեսա՞ն՝ տեսան, էմոցիան ապրեցի՞ն՝ ապրեցին, մտածեցի՞ն, որ կարելի է ծրագրել ու գնալ Պրահա, քայլել էդ նեղ փողոցո՞վ՝ ծրագրեցին։ 100 տոկոսով չէ, բայց եթե անգամ 1 տոկոսով ծրագրող է եղել, ես ճիշտ եմ արել, որ էդ պրոդուկտը հանրայնացրել եմ»։

Բայց բլոգերները մեծ թվեր են սիրում։ Մեծ լսարանը ենթադրում է մեծ պատասխանատվություն, ավելի հաճախ ինչ-որ բան հրապարակելու կարիք, արդյունքում՝ նաև համագործակցություններից ստացած ավելի մեծ եկամուտ։ Բայց բլոգը 3 աշխատանքի հետ համատեղող Արմինեն ասում է՝ սրան որպես բիզնես չի նայում:

— Երբ, օրինակ, երգիչը ունենում է համերգ որևէ դահլիճում, դահլիճն ունի 10 000 նստատեղ, գալիս են 100-ը, իհարկե երգիչը երգում է, բայց պատկերացրեք, երբ 10 000-ն է լիքը, ինքը ինչ վստահությամբ է երգում, գուցեև դողալով է երգում, գուցե մեծ պատասխանատվությամբ ․․․
— Գուցեև ուղղակի գիտակցմամբ, որ տոմսերից ավելի մեծ գումար է ստացել․․․
— Գուցեև։ Չենք բացառում, նորմալ է, որ մարդը պետք է շահ ունենա, բայց էդ պահին ստացած էմոցիան, հավատացեք, շատ ավելի կարևոր է, քան այն գումարը, որը դուք ստանալու ու հետո ծախսելու եք։

Արմինե Թովմասյանը շատ հստակ է ձևակերպում՝ բլոգը տալիս է այն, ինչը նույնիսկ հարազատների ամենամտերիմ շրջապատից հաճախ չի ստանում։ Միայն դրա համար, ասում է, արժե ռեսուրս ու ժամանակ ներդնել․

«Ընտանիքի անդամը կարող է ամենօրյա վազքի մեջ չասի՝ Արմին, էսօր ինչ սիրուն ես, բայց էն հետևորդը նկատում ու ասում է։ Էն խոսքերը, որոնք ես լսում եմ հետևորդներից, հավատացեք, շրջապատի ամենամտերիմ մարդիկ ուղղակի չեն մտածում, որ կարելի է ասել։ Կլինի ամենամտերիմ ընկերուհին, ամուսինը, ծնողները, քույր-եղբայրները․ իրենք ուղղակի չեն մտածում, որ էդ պահին պիտի ասեն, որ, օրինակ, սանրվածքդ շատ սիրուն է, կամ լավ տեսք ունես, կամ որ դու իրան ամեն օր ավելի ես մոտիվացնում անելու էն, ինչը ինչքը կարծում էր՝ անհասանելի է իրան»։

Օգտակար լինելու կարիքի բավարարում, լրացուցիչ ուշադրություն ու հոգատարություն, գեղեցիկ խոսքեր․ այս ամենից բացի բլոգերները նաև համագործակցության առաջարկներ ու հետևաբար նաև եկամուտ են ստանում։ Այլ՝ աշխատանք ունեցող բլոգերների դեպքում բլոգը, ավելի կոնկրետ՝ ճանաչելիությունը, նաև մրցակցային առավելություն է դառնում՝ բերելով էլ ավելի շատ հաճախորդներ։

Ի վերջո, օրինակ, Հայաստանում գրքի շնորհանդեսը մի քանի սեանսներով Մարզահամերգային համալիրում կազմակերպեց ու գիրք գնողների չդադարող հոսք ունեցավ միայն այն գրողը, որն առաջին հերթին բլոգեր, ինֆլյուենսեր է։

Կարդացեք նաև

Back to top button