
«Կյանքն ու ժամանակը ցույց են տալիս, որ Բեթհովեն սպառողներն են առաջ տանում մեր կյանքը, զարգացնում, ապահովություն ստեղծում, նրանք են մեր կյանքը հնարավոր դարձնում»։
Բեթհովենի «9-րդ սիմֆոնիա»-ն գեղեցիկ է։
Դա Վինչիի «Մոնա Լիզա»-ն գեղեցիկ է։
Միքելանջելոյի «Դավիթ»-ը գեղեցիկ է։
Արամ Խաչատրյանի «Գայանե»-ն էլ է գեղեցիկ, Մարտիրոս Սարյանի «Հայաստան»-ն էլ։
Բայց ես չգիտեմ՝ ինչ հիմք ունեմ նման պնդումներ անելու համար։
— Բնության մեջ այդ պատասխաններն արդեն տրված են․ գեղեցիկ է այն, ինչը այդ տեսակի, այդ կերպի գոյությունը հնարավոր է դարձնում։
— Մենք առանց Փարաջանովի կապրեինք, կարծում եմ։
Բարև։ Եթերում «ՀարցուԳԻՏԱփորձ» հաղորդումն է, ես Արուսյակ Կապուկչյանն եմ։ Այսօր փորձելու ենք սահմանել գեղեցիկը։
***
Հունական Ֆի տառը ամենագեղեցիկ թվի փաթեթավորումն է․ այն պյութագորասականներն են գտել։ 1 Ֆի-ն հավասար է 1.618-ի։ Սա, ասում են, հարաբերակցության ոսկե ստանդարտն է։ Ըստ սրա՝ գեղեցիկ է այն մարդու կազմվածքը, որի հասակը գետնից մինչև որովայն՝ 1 է, որովայնից մինչև գլուխ՝ 1.618 կամ Ֆի, շրթունքների երկարությունը 1 է, քթինը՝ 1.618 կամ ֆի, ատամի չափը 1 է, դրան հաջորդող ատամինը՝ 1.618 կամ Ֆի։
Պյութագորասականները քանոնով գծել են գեղեցիկը։
Բայց այսօր էլ մեզնից ամենաքաղաքակիրթներն ու նրբանկատները դեմքի հատուկ արտահայտություն, ձայնի հատուկ հնչերանգ ու բառապաշարի հատուկ բառեր ունեն պահած ինչ-որ բան գեղեցիկ կամ, որ ավելի ռիսկային է, տգեղ համարելիս օգտագործելու համար։
Աշխարհը գեղեցիկի ու տգեղի բաժանելու մարդկային թուլությունը կամ առավելությունը մեզ, հավանաբար, վաղուց է ուղեկցում։ Բայց մինչ օրս էլ հստակ չէ՝ այդ Ֆի-ն իսկապե՞ս գեղեցիկն է, ո՞վ էր որոշել, որ գեղեցիկ լինելու համար պիտի համաչափ լինել, մենք ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին գեղեցիկ ենք համարում, որովհետև այն կամ նա գեղեցիկ է օբյեկտիվորե՞ն, թե՞ դա պարզապես մեր կարծիքն է։ Գեղեցիկը չափվող-սահմանվո՞ղ մի բան է։ Ի՞նչը և ինչո՞ւ ենք գեղեցիկ համարում․ «ՀարցուԳԻՏԱփորձ»-ի հարցն այսօր սա է։

«Մենք բոլորս գիտենք, թե որն է ճիշտը, բայց արդյո՞ք մենք դրան հետևում ենք. ինչո՞վ է պայմանավորված, ինչո՞ւ չենք հետևում։ Մենք կարող ենք տեսականորեն դա ընդունել, բայց դրա հետևորդը չլինել։ Որպես օրինակ վերցնենք երաժշտությունը․ ինչ-որ մեկի համար սիրելի է դասական երաժշտությունը, մյուսի համար` ավելի ցածրորակ երաժշտությունը։ Այս ամենը կա, հասարակությունը երբեք չի կարող մի մակարդակի վրա զարգանալ»։
Արվեստաբան Տաթևիկ Համբարձումյանի համար որևէ տարընթերցում չկա․ նա առանց որևէ արգելիք, թեթևորեն ասում է՝ սա գեղեցիկ է, սա տգեղ, սա լավն է, որակյալ, մյուսը՝ ցածրորակ։ Նա հեշտորեն աշխարհում գեղեցիկ ու տգեղ, մարդկանց մեջ՝ գեղեցիկն ու տգեղը զանազանելու ունակ ու անկարողներ է տեսնում։
«Շերտեր գոյություն ունեն։ Գեղեցիկի բարձր տեսակը, օրինակելին, էլիտարտ քչերին է հասանելի։ «Էլիտա» ու «զանգվածայնություն» գաղափարը եղել է ու կա։ Ու երբեք այդ սահմանը չի վերանա նաև այն պատճառով, որ մենք բոլորս ծնվում ենք տարբեր ընդունակություներով և տարբեր հակումներով։ Բոլոր ժամանակներում է այդպես։ Այո՛, կրթությունը և դաստիարակությունը շատ բան են փոխում մարդու կյանքում, բայց այստեղ նույնպես կան հակասություններ, որ հաճախ չկրթված մարդն ինքնուրույն ավելի մոտ է այդ իդեալներին, քան կրթվածը»։
Ի՞նչ բնական հակումներ ունենք, որտե՞ղ, ի՞նչ միջավայրում ենք ծնվել, մանկապարտեզ հաճախե՞լ ենք, թե՞ ոչ, տատիկը մասնակցե՞լ է մեր դաստիարակությանը, ի՞նչ դպրոց ենք գնացել, մեր ընկերները երաժշտական դպրոցի՞ց էին, թե՞ բակից․․․արվեստաբանը գեղեցիկը ընկալելու մեր ունակությունը հազար պատճառով կարող է պայմանավորել։ Բայց վստահ է մեկ ճշմարտության մեջ․ գեղեցիկը հստակ, օբյեկտիվորեն գոյություն ունեցող մի բան է։

«Երաժշտության օրինակով խոսենք․ ենթադրենք՝ ռաբիսն ու դասականը։ Օրինակելին, ճիշտն ու գեղեցիկը դասականն է, ամենապարզ՝ կառուցվածքային առումով, նոտագրության առումով ո՞ր երաժշտությունն է ավելի բարդ ստեղծել։ Մենք հարյուր տարին մեկ ենք Բախ ունենում, իսկ ռազիսի դեպքում ամեն շաբաթ նոր երգ կարող է լինել։ Էսթետիակական ու այլ չափանիշներ էլ կան, բայց ամենատարրականը դա է։ Նույնը, ենթադրենք, հագուստ․ ջի՞նսն է ավելի բարդ ստեղծել, թե՞ ինչ-որ օտկուտյուր զգեստ, որի վրա գրեթե մեկ տարի աշխատում են, գծագրում են, ամեն դետալն ու ուլունքն են պատրաստում»։
Ավելի համառ հարցերը այս դեպքում անգամ չեն զիջում․ իսկ ո՞վ ասաց, որ եթե բարդ է, ապա գեղեցիկ է, եթե աշխատատար է, ապա լավն է։ Բայց որոշ հարցեր գուցե վերջնական պատասխաններ չպիտի ունենան․ մենք պյութագորասականների ամենագեղեցիկ թվին ինչ-որ պահի, ամեն դեպքում, հավատացինք։ Գեղեցիկը օբյեկտիվ դարձնող չափորոշիչները գուցեև մեր սուբյեկտիվ ընկալումների ծնունդն են, բայց, ըստ Տաթևիկ Համբարձումյանի, մասնագետները դեպի գեղեցիկ գնալու այլ ճանապարհ այսօր չունեն․
«Կան հանրամատչելի գեղարվեստական ֆիլմեր ու կան, ասենք, բարդ ֆիլմեր, ենթադրենք՝ Փարաջանովի ֆիլմը և Ռիզանովի ֆիլմերից մեկը։ Փարաջանովի ֆիլմը հասկանալու համար դիտողը պետք է հսկայական ինտելեկտուալ պաշար ունենա, որ ամեն սիմվոլի բացատրությունն իմանա, որ ամեն մի գեղարվեստական կերպարի հղումն իմանա համաշխարհային արվեստից։ Նույնը, ենթադրենք, Ֆելինի հասկանալու համար։ Ամեն դեպքում էլիտարը օրինակելին ու գեղեցիկն է»։
Եթե ելնենք այն կանխավարկածից, որ գեղեցիկը գեղեցիկ է անկախ մեր ճաշակից և մենք պարզապես կարող ենք ընկալել կամ չընկալել այն, ապա պիտի վստահ լինենք՝ դարեր առաջ ստեղծված գեղեցիկն այսօր էլ է գեղեցիկ։ Ոչ թե համապատասխան է այն ժամանակվա ստանդարտներին, այլ հստակ գեղեցիկ է, իսկ մենք այժմ այն ընկալում ենք կամ չենք ընկալում մեր ժամանակների թելադրած ստանդարտների շնորհիվ կամ պատճառով։ Այսինքն՝ Մոնա Լիզնա գեղեցկուհի՞ է։ Մասնագետն ասում է՝ Մոնա Լիզայի նկարը գեղեցիկ է։
Շենքի, երաժշտության, հագուստի ու նկարի մասին դատողությունները կարող են մեր ինտելեկտի մասին խոսել, բայց մարդուն բարձրաձայն գեղեցիկ կամ տգեղ համարելիս մենք դեռ զգուշանում ենք։

«Այժմ ժամանակները փոխվել են ու գեղեցիկն ավելի շատ մարմնի տարբեր մասերի հարմոնիայի մեջ է, ոչ թե սիմետրկության։ Համենայն դեպս եթե դեմքի մասին է խոսքը, մենք փորձում ենք հարմոնիա տեսնել աչքերի հեռավորության, քթի, շուրթերի չափերի, կամ կզակի երկարության միջև, քան առանձին վերցրած օրգանը փորձենք գեղեցիկ սարքել»։
Արդեն 10 տարի պլաստիկ վիրաբույժ Արշակ Մնացականյանի գործը մարդկանց գեղեցիկ դարձնելն է։ Երբ հարցրի՝ ինչ է գեղեցիկը, որոշ ժամանակ լռեց։ Հետո արդեն պատասխանը հստակ էր․ գեղեցիկ է այն մարդը, ով գոհ է իր տեսքից․
«Փորձում ենք առաջին հերթին հաշվի առնել մարդու ցանկությունը, որովհետև որքան էլ կողքից պարտադրենք գեղեցիկի մասին մեր պատկերացումները․ միևնույն է՝ մարդը ինքնաբավ պետք է լինի իր արտաքինով։ Եթե իր սպասելիքները չեն արդարանում ու դու հրամցնում ես գեղեցիկի քո պատկերացումները, այդ պարագայում նա բավարարված չի լինում։ Իսկ չբավարարված մարդիկ սովորաբար գեղեցիկ տեսք չեն ունենում»։
Այլ կերպ ասած՝ լավ է, որ գիտությունը փորձել է հստակություն տալ «գեղեցիկ» հասկացությանը, բայց մարդը, մեկ է, ոչ թե դասագրքերում, այլ իր գլխում ամրագրված պատկերացումներով է առաջնորդվելու։ Ընդ որում՝ այդ պատկերացումները բավականին հաճախ են փոխվում։

«Ժամանակը տրենդն այնպես է փոխում, որ եթե հիմիկվա նման վիրահատեինք 10 տարի առաջ, գուցե ամենևին լավ չնայվեր։ Շատ-շատ են տարբերվում։ Ժամանակին պլաստիկ վիրահատության ենթարկվելը դիտվում էր որպես մոդայիկ ինչ-որ բան ու բոլորը փորձում էին ընդգծել, որ իրենք պլաստիկա են արել ու բոլոր արդյունքերը շատ արհեստական տեսք ունեին, իսկ այժմ բոլոր պլաստիկ վիրաբույժները փորձում են հնարավորինս բնական արդյուքներ ապահովել։ Մարմնի պլաստիկայի պարագայում փոքր ինչ այլ է, որովհետև բացարձակ նիհար երևալն այնքան տրենդային չի համարվում, ինչքան, օրինակ, նախորդ 5 տարիների ընթացքում»։
Ստացվում է՝ մարդն ուզում է փոփոխել իր արտաքինը վիրահատական միջամտությամբ իմանալով, որ 5-10 տարի հետո այսօր գեղեցիկ դարձրած օրգանը տգեղ կհամարվի։ Բժիշկը սրան շատ նորմալ է նայում․ գիտե՞ք, ասում է, ինչ կարևոր է մարդու 5-10 տարի տևող երջանկությունը։ Այլ հարց է, որ մարդը իր ուզած, ոչ թե հասարակության թելադրած չափորոշիչներով պիտի գեղեցկանա։ Այս դեպքում երջանկությունն ավելի երկարատև դառնալու պոտենցիալ է ստանում։
«Երիտասարդ աղջիկները կանգնում են հայելու առաջ ու տեսնում են, որ իրենք տարբերվում են մոդելներից, իրենց թվում է, թե իրենց մոտ մի բան նորմալ չէ, բայց մեր նպատակը կամ մեր գլխավոր միսիաներից մեկն այն է, որ ասենք, որ մոդելները ոչ թե վիճակագրական մեծամասնություն են, այլ ուղղակի բազմակի միջամտության ենթարկված պացիենտներ, որոնք ստատիստիկորեն 3-5 տոկոսը չեն անցնում։ Այդ դեպքերում միանշանակ մերժում ենք, որովհետև անտեղի արված միջամտությունը երբեք չի խրախուսվում մեր մասնագիտության մեջ»։
***
Գեղեցիկին սահմանում տրված է, բայց մարդը, հավանաբար, միշտ վստահ կլինի դրա վերաբերյալ սեփական ընկալումների ճշմարտացիության մեջ՝ կարծում են մասնագետները։ Գիտափորձեր ու հարցուփորձեր դեռ կլինեն, բայց միշտ կգտնվի մի կին, ով կխնդրի մի քիչ կորություն տալ կատարյալ համաչափ իր քթին կամ մի մարդ, ով կհորանջի Բեթհովենի «9-րդ սիմֆոնիա»-ի ռիթմին համահունչ։




