ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Տեխնոլոգիական հաբ ու կապ Հայաստանի հետ․ «Ներուժ»  ծրագիրը Սփյուռքից հայտեր կընդունի մինչև հուլիսի 15-ը

Արդեն 5 տարի իրականացվող «Ներուժ » ծրագրի նպատակը մասնագիտական հայրենադարձությունը խթանելն է, նորարար գաղափարներն ու պրոդուկտները հայաստանյան շուկա բերելը։ Ծրագրի շրջանակում աշխարհի տասնյակ երկրներից ստարտափեր են հրավիրվում Հայաստան՝ տեխնոլոգիական սկսնակ ընկերություններ հիմնելու համար: Լավագույն գաղափարներն արժանանում են դրամական պարգևի, որը հնարավորություն է տալիս գաղափարը վերածել բիզնեսի։ Այս տարի ծրագրի հայտերի ընդունման ժամկետը երակարացվել է մինչև հուլիսի 15-ը։

«Ներուժ» ծրագիրն ընդունում է հայտեր։ Ժամկետը երկարացվել է մինչև հուլիսի 15-ը։ Ծրագիրն ուղղված է այն սփյուռքահայերին, որոնք ունեն նորարար գաղափարներ կամ  պրոդուկտներ,  ցանկանում են դրանք շուկա դուրս բերել և զարգացել Հայաստանում։ Ծրագրի նպատակն է, օգտագործելով սփյուռքահայերի ներուժը, նպաստել Հայաստանի տնտեսական առաջընթացին և ստարտափ էկոհամակարգի զարգացմանը։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյան․

«Մի կողմից՝ սա մասնագիտական հայրենադարձության մասին է, մյուս կողմից՝ նաև մեսիջ է մեր Սփյուռքում գտնվող հայրենակիցներին, որ մենք բացել ենք դռները և ուզում ենք օգտագործել իրենց ներուժը ՝ ի բարօրություն ՀՀ-ի տնտեսության և էկոհամակարգի զարգացման»։

Տասնյակ երկրներից արդեն իսկ ստացված հայտերը դիտարկման փուլում են։ Ծրագրին կարող են մասնակցել տեխնոլոգիական և նորարարական ստարտափ գաղափարներ ունեցող այն թիմերը, որոնց անդամների կեսը սփյուռքահայեր են կամ հայրենադարձվել են վերջին 6 ամիսների ընթացքում։ Դրամաշնորհ ստանալու դեպքում նրանք պետք է վերադառնան Հայաստան, ընկերություն հիմնեն և մեկ տարի զբաղվեն տնտեսական գործունեությամբ: Նախագծի ամփոփիչ միջոցառումները տեղի կունենան սեպտեմբերի 24-ից 29-ը Դիլիջանում։ Մասնակիցների համար նախատեսվում է աքսելերացիոն ծրագիր։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծրագրերի վարչության պետ Հայկ Ենգիբարյան․

«Առաջին անգամ ենք նման աքսելերացիոն ծրագիր ենք ներմուծում «Ներուժի» մեջ։ Նախատեսում ենք նաև միջազգային աքսելերատորի հրավիրել, որ մեր ներուժցիների հետ աշխատի։ Պատրաստի «Ներուժի» մասնակիցներին ամփոփիչ՝վերջին օրվա իրենց ելույթի ներկայացմանը։ Նաև հաղթողների հետ մեկ ամիս աշխատի՝ նրանց մուտքը շուկա ապահովելու համար»։

SmartClick և Viral Mango ընկերությունների համահիմնադիր, հրեշտակ ներդրող Ռեմ Դարբինյանը նախորդ երկու տարիներին ծրագրի մենթորներից է եղել։ Նկատում է՝ հաճախ մասնակիցների համար բացահայտում էր Հայաստանի տեխնոլոգիական ներուժն ու զարգացման մակարդակը։  Ռեմ Դարբինյան․

«Այն մարդիկ, որ եկել և մասնակցել են «Ներուժ» -ին, Հայաստան գալու ծրագրեր չունեին, շատերն անգամ առաջին անգամ էին գալիս և բացահայտում, որ Հայաստանը կարող է տեխնոլոգիական երկիր լինել ու իրենք կարող են հաբ  և տեխնոլոգիական կապ ունենալ Հայաստանում։ Ծանոթացել եմ արտակարգ մարդկանց հետ, որոնք հիմա Հայաստանում գրասենյակ են ունենալու և Սփյուռքի ու Հայաստանի միջև կապն էլ ավելի ամուր է դառնալու»։  

Ծրագրի մրցանակային ֆոնդն այս տարի 90 մլն դրամ է։ Հաղթելու դեպքում «Գաղափարի փուլում» 1-ին, 2-րդ, և 3-րդ տեղերին համապատասխանաբար կտրամադրվի՝ 15,10 և 5 մլն, իսկ աճի փուլում՝ 30, 20 և 10 մլն  դրամ։ Ռեմ Դարբինյան․

«Այն փուլերում, որում գտնվում են ստարտափները, այսինքն, եթե գաղափարի փուլում են, ապա 15,10 և 5 միլիոնը թույլ է տալիս առաջին քայլերն անել և հասկանալ գաղափարը իրականանալի՞ է, հաջողության կհասնի, թե ոչ։ Հաշվի առնելով, որ ստարտափների 90 տոկոսը չեն հաջողվում , դա նորմալ պրակտիկա է, նույնիսկ եթե չեն հաջողում այդ ստարտափները , իրենք նոր գաղափարներ են ձեռք բերում, հասկանում են՝ ինչպես կարելի է ձախողել։ Շատ եմ տեսնում, որ երկրորդ , երրորդ անգամ արդեն հաջողում են»։

Ծրագիրը ստարտափների ոլորտային սահմանափակում չունի։ 2022-ին հաղթողները բիոթեք և առողջապահության ոլորտներից էին։ Նախորդ տարի հանձնաժողովի որոշմամբ գաղափարի փուլում գտնվող թիմերից 1-ին տեղը զբաղեցրել է Propulsion Lab-ը, 2-րդը` Dynamica-ն, 3-րդը` Maestrolls-ը, իսկ պրոդուկտ ունեցող թիմերից հաղթող են ճանաչվել Waveye Inc, Parsl.ai-ը, և OQNI ընկերությունները։ Դրամաշնորհը չհաղթելու դեպքում անգամ ծրագիրը նպաստում է ընկերությունների աճին․ դրանք, օրինակ, վերապրոֆիլավորվում են։

Կարդացեք նաև

Back to top button