ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Հայ-թուրքական հարաբերություններում կանաչ լույս կվառվի, երբ հնչի Ալիևի զանգը․ քաղաքագետ

 «Ապրի Արմենիա»–ի «Կառուցելով ապագան» 2024  ֆորումի ընթացքում անդրադարձ է կատարվել  Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ապագային, խոսվել է դրանում Ադրբեջանի, այսպես ասենք, ներկայության մասին։ Թուրք փորձագետը հստակեցրել է, որ Անկարան կցանկանար մոտ ապագայում բարելավել հարաբերությունները հարավկովկասյան երեք երկրների հետ, բայց դրանք, ըստ նրա, չեն կարող համահավասար լինել։ Հայաստանում անցկացված վերջին սոցհարցումների արդյունքներով՝ հարցվածների 64 տոկոսը դեմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։

Եթե Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները կագավորվեն, դա դրական ազդեցություն կունենա հայ-թուրքական հարաբերությունների վրա՝ ասում է «Թուրքիայի արտաքին հարաբերությունների խորհուրդ» վերլուծական կենտրոնի նախագահ Մուստաֆա Այդընը՝ նկատելով, սակայն, որ հարավկովկասյան երեք երկրների շարքում Թուրքիայի հարաբերությունները Հայաստանի հետ կլինեն ոչ առաջնահերթ։

«Թուրքիան կցանկանար մոտ ապագայում բարելավել հարաբերությունները հարավկովկասյան բոլոր երկրների հետ, սակայն դրանք չեն կարող համահավասար լինել։ Հայ-թուրքական հարաբեությունները նվազ կարևոր կլինեն այդ շարքում։ Ադրբեջանի հետ հարաբերությունները, իհարկե, կլինեն ավելի զարգացած»։

Աշխարհում և տարածաշրջանում ընթացող զարգացումների համատեքստում  կտեսնենք թուրքակա՞ն, թե՞ թուրք-ռուսական  կամ թուրք-արևմտյան  գերակայություն հարցին ի պատասխան թուրք փորձագետը պարզաբանեց։

«Կան ցանկություններ և կա իրականություն։ Թուրքիան բավանականաչափ փորձ ունի Հարավային Կովկասում, որպեսզի ինքնուրույն ձևավորի իր կապերն ու կազմի օրակարգ։ ՌԴ–ն տարածաշրջանում է, կլինի դեռ  5-6 տարի հետո էլ, բայց կլինի թուլացած և ուշադրությունը շեղված դեպի Ուկրաինա, և Թուրքիան դա հաշվի կառնի»։

«Ապրի Արմենիա»–ի քաղաքագետ Բենիամին Պողոսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման գործընթացը պայմանավորում է Բաքվի հետ Երևանի հարաբերություններով։

«Այսպես թե այնպես, հստակ է դիրքորոշումը, որ Թուրքիան քայլ կանի  հայ-թուրքական հարաբերությունները նորմալացնելու ուղղությամբ, երբ ստանա կանաչ լույս Ալիևից։ Որպեսզի նման բան տեղի ունենա, մենք պետք է հասկանանք, թե ով է շահագրգռված հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացմամբ։ Իմ գնահատմամբ՝ ԱՄՆ–ն, քանի որ սա նրանց համար հնարավորություն է Հայաստանի համար ռեալ քայլեր ձեռնարկելու տարածաշրջանից ՌԴ հեռանալու ուղղությամբ , և երկրորդ՝ գործարկելու կենտրոնական Ասիա-Եվրոպա միջանցքը։ «Միջին միջանցք»–ը Եվրոպան պետք է կապի Չինաստանի հետ, բայց ամերիկացիների տեսանկյունից պարտադիր չէ, որ վերջին կետը լինի Չինաստանը, Կենտրոնական Ասիան Եվրոպայի հետ կապելն էլ արդեն իրենց համար բավականաչափ կաևոր է»։

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում թուրք փորձագետ Մուստաֆա Այդընը բավականին անկեղծ էր․ Ցեղասպանությունը, ըստ նրա, Թուրքիան մոտ ապագայում չի ճանաչի։ Երբ Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները, միտք կար հայ և թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղծելու։ Գործընթացը, նրա կարծիքով, դրանից ավելի առաջ չի անցնի։

Բենիամին Պողոսյանը համոզված է՝ Թուրքիան մտադրություն չունի ճանաչելու Հայոց ցեղասպանությունը։

«Անկեղծ ասած՝ բացարձակ չեմ պատկերացնում մի իրավիճակ, երբ Թուրքիան ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, առավել ևս որ տարեցտարի Հայոց ցեղասպանությունը դառնում է պատմության մաս, հետևաբար, ոչ միայն մոտ ապագայում, այլև, ես կասեի, մեր կյանքի ընթացքում դժվար թե տեսնենք Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչում»։

Եվրասիա համագործակցություն հիմնադրամի փոխտնօրեն Վազգեն Կարապետյանը կարծում է, որ այս առումով  անելիք ունի պաշտոնական Երևանը։  Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը, եթե ՀՀ կառավարությունն այդ հարցը ներառի օրակարգում և կարողանա ձևակերպել, թե ինչ է ակնկալում ճանաչումից՝ ասում է նա։ Իսկ հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման գործընթացում, նրա կարծիքով, երկու երկրների քաղհասարակություններն ավելին են արել «ֆուտբոլային դիվանագիտության»  ժամանակահատվածում, քան երկու երկրների կառավարությունները, սակայն պատկերը փոխվեց 2016 թ-ին՝ Թուրքիայում հեղաշրջում անելու տապալված փորձից հետո։ Անկարայի դիրքորոշումն ավելի կարծրացավ 2020թ պատերազմից հետո։

«Եթե հիշենք, մինչև 2020 թվականը Թուրքիան նույնիսկ առաջարկում էր, որ եթե Ղարաբաղյան կոնֆլիկտում հայկական կողմն ինչ-որ բան զիջի,  ապա դա խթան կդառնա, որ հայ-թուրքական հարբերությունները բարելավվեն։ Պատերազմից հետո, բնականաբար, ախորժակը մեծացավ, պահանջներն ավելի կարծրացան և, այո ,այս պահին դա է Թուրքիայի դիրքորոշումը»։

Հայ–թուրքական հարաբերությունների հարցում Հայաստանում և Թուրքիայում տարբեր է նաև հանրային վերաբերմունքը։  Ըստ սոցհարցումների՝ 2020 թ 44-օրյա պատերազմից հետո  Հայաստանում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը դեմ է հարցվածների 64, իսկ Թուրքիայում ՝ 41 տոկոսը։

Կարդացեք նաև

Back to top button