
2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտն էր, Էմման՝ կապիտան Արսեն Ահանյանի կինը, վաղ առավոտյան արթնացավ ու, սովորության համաձայն բացելով տան պատուհանը, տեսավ Մարտունին ծխի մեջ կորած, րոպեներ անց լսեց չդադարող ռումբերի ձայներ։ Անմիջապես կանչեց ամուսնուն․ «Արս, էս ի՞նչ է»։ Ամուսինն էլ իրեն հատուկ բնավորությամբ հանգիստ պատասխանեց. «Պատերազմ է Էմ, արագ արթնացրու երեխաներին, հագցրու, որ նկուղ իջեցնեմ ձեզ»։
Էմմայի, երեխաների ու Արսենի վերջին հանդիպումը հենց սեպտեմբերի 27-ին էր։ Նրանց համատեղ կյանքը տևել է ընդամենը յոթ տարի։ Չնայած կյանքի կարճ ճանապարհին՝ Էմման ու Արսենը վայելել են երջանիկ և ուրախ օրեր։ Նրանց սիրո ուղին սկսվել էր ուսանողական տարիներին։ Էմմայի ու Արսենի մեծ սիրո ապացույցը նրանց երկու տղաներն են, որոնք այսօր ուժ են տալիս մայրիկին ու հարազատներին՝ ապրելու հանուն վաղվա։




