Մտքի ուժը

Որքա՞ն և ինչո՞ւ էր բարձրացել Դեբեդը, ինչո՞ւ էին գետերն աղմկում. «Մտքի ուժը»

Ի վերջո, ի՞նչ տեղի ունեցավ Աղստև, Դեբեդ ու Տաշիր գետերի հետ՝ մայիսի 25-ին ու 26-ին։ Մասնագետները վերլուծում են՝ հանրապետության գետերում ջրի հոսքը խիստ անհամաչափ է բաշխված, այդ թվում և տարեկան կտրվածքով։ Գետերի ջրային ռեժիմում առանձնացնում են սակավաջուր ու ջրառատ փուլեր։ Հանրապետության գետերի մեծ մասում տարեկան հոսքի 30-90 տոկոսը անցնում է գարնանային վարարումների փուլի ժամանակ։

ԵՊՀ աշխարհագրության ու երկրաբանության ֆակուտլետի ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնի դոցենտ Վարդուհի Մարգարյանը պատմում է.  «Գարնանային վարարումների փուլի բնութագրերի ձևավորումը բավականին բարդ գործընթաց է, ինչը պայմանավորված է բազմաթիվ գործոնների համատեղ ազդեցությամբ՝ ջրհավաք ավազանի առանձնահատկություններ, մթնոլորտային շրջանառություն, ձյան մեջ եղած ջրի պաշար, ձյան կուտակում և հալքի ընթացք, հեղուկ տեղումների քանակ և ինտենսիվություն, ջերմաստիճան, հողի խոնավություն, նախորդ շրջանի գետային հոսք և այլն։ Գարնանային վարարումների վրա ազդում են հիմնականում նախաձմեռային, ձմեռային ու վարարումների շրջանի ջրաօդերևութաբանական պայմանները։ Կախված նրանից, թե ինչպիսին կլինեն այդ պայմանները, գարնանային վարարումների բնութագրերը, այդ թվում և հոսքի ծավալը կարող է լինել միանգամայն տարբեր։ Մարտի 25-ի դրությամբ հանրապետությունում ձնածածկույթ կար 1500 մետրից ավելի բարձրություններում։ Իհարկե, այս տարածաշրջաններում դիտված աղետը ձյան ծածկույթով չէր պայմանավորված, քանի որ այստեղ լեռների բարձրությունը ավելի ցածր է, քան Արաքսի ավազանին պատկանող գետերի ջրհավաք ավազաններում և ձնհալքը սկսվում է ավելի վաղ։ Ապրիլի 1-ի դրությամբ Տավուշում և Լոռիիում, կարելի է ասել, ձնածածկույթը բացակայում էր»։

Մեծաքանակ ու ինտենսիվ անձրևներ․ այն ինչ տեղի ունեցավ մայիսի 25-ին ու 26-ին Տավուշում և Լոռիում, պատճառները գիտնականներն այսպես են բացատրում։ ԵՊՀ աշխարհագրության ու երկրաբանության ֆակուտլետի ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնի դոցենտ Վարդուհի Մարգարյանը փոխանցում է․ 

«Մի քանի օր շարունակ հեղուկ տեղումներ՝ անձրևներ էին դիտվում, այն էլ մեծ ինտենսիվությամբ։  Լոռիում 12 ժամվա  ընթացքում մոտ 50 մմ տեղումներ են  թափվել։ Նման իրավիճակի կրկնությունն արդեն վտանգավոր է։ Կարևոր գործոն  է նաև հողի խոնավության աստիճանը»։ 

Պետք է հողը հագեցած լինի խոնավությամբ, որ թափվող հեղուկ տեղումների զգալի մասը վերածվի մակերևութային հոսքի և սնի գետերին։ Հայաստանում գետերն ունեն խառը սնում՝ սնվում են անձրևաջրերով, հալոցքաջրերով ու ստորերկյա ջրերով։ Գետերում օրը երկու անգամ՝ ժամը 8-ին ու 20-ին, ջրի մակարդակի չափումներ են կատարվում։Ջրի մակարդակի բարձրացումը մայիսի 25-26-ին արդեն հուշում էր տեղումների քանակը․

 «Փամբակ գետի Վանաձորի գետահատվածքում, եթե մայիսի 25-ի առավոտյան ժամը 0800-ին ջրի ծախսը եղել է 129 մ3/վրկ, ապա ժամը 2000ին՝ արդեն կազմում էր 324 մ3/վրկ։ Իսկ Դեբեդ գետի եզրափակիչ Այրում դիտակետում նույն օրը ժամը 2000ի դրությամբ ջրի ծախսը 119 մ3/վրկ էր, այն դեպքում, երբ ժամը 0800-ին՝ 868 մ3/վրկ էր։ Արդեն մայիսի 26-ի առավոտյան Դեբեդ գետով մեկ վայրկյանում անցնում էր նախորդ օրվա համեմատ մոտ 55 անգամ ավելի ջուր»։

Հատկանշական է, որ 1946 թվականին, երբ Երևանում Գետառն էր վարարել, կրկին մայիսի 25-ն էր։ Մայիսը տեղումնառատ ամիս է համարվում։  Հրազդան գետի Երևանի գետահատվածքում այդ պահին մասնագետի պնդմամբ, վտանգավոր ելքերից հեռու ցուցանիշ է՝ մոտ 7-8 անգամ ավելի քիչ։ Գետառի հետ կապված էլ փաստացի տվյալներ չկան։ 

«1946 թվականին մայիսի 25-ին Գետառում ջրի մակարդակը որոշ աղբյուրների համաձայն, մոտ  100 անգամ բարձրացել է։ Այժմ գետի հունը փակված է, մարդը միջամտում է, կարգավորում։ Գետառում ուժեղ հեղեղումներ գրանցվել են սկսած 1873-ից, սակայն ամենաաղետալի սելավը դիտվել է 1946թ., երբ Երևան քաղաքը ենթարկվել է զգալի ավերածությունների։ Այդ ժամանակ գետի ջրի մակարդակը բարձրացել է մինչև 100 անգամ, սելավի կոշտ հոսքն, ըստ մասնագետների, գնահատվել է 415 000 մ3 , իսկ առավելագույն ելքը՝ 200 մ3 /վ»:

Վարարում և հորդացում․ գիտականորեն երկու հասկացություն է առանձնացվում։ Վարարումը յուրաքանչյուր տարի նույն սեզոնին գետի ջրի քանակի մեծացման օրինաչափ կրկնվող երևույթ է։ Հորդացումը դա գետի ջրի ծախսի հանկարծակի մեծացումն է, որն առաջանում է պատահական պատճառներից (հանկարծակի թափվող տեղատարափ անձրևներ, տաք քամուց առաջացած ուժեղ ձնհալք, ջրամբարի ամբարտակի փլուզում և այլն) և յուրաքանչյուր տարի նույն սեզոնին օրինաչափ կրկնվող երևույթ չէ։ Այնուամենայնիվ, այն լինելով պատահական երևույթ՝ ևս բնորոշվում է իր օրինաչափություններով։

Բնության դեմ մարդն անզոր է՝ ամփոմում են գիտնականները։ Մարդկությունը ի զորու չի կասեցնելու կամ փոփոխելու աղետային երևույթների ընթացքը: Սակայն, դրանց կործանիչ ուժը նվազեցնելու համար անհրաժեշտ է ստեղծել և զարգացնել այնպիսի համակարգ, որը թույլ կտա անընդհատ հետևել հիդրո­­օդերևու­թա­բանական երևույթներին, կանխատեսել վտանգավոր երևույթները, նախազ­գու­շաց­նել որոշում կայացնող մարմիններին և բնակչությանը վերահաս վտանգի մասին:

Back to top button