
Պատերազմները կարմիր թելի պես անցնում էին Գոռի կյանքի կարճ, բայց արժեքավոր ճանապարհով։ 2016 թվականի ապրիլյան պատերազմին հերոս տղան կամավոր մեկնեց ռազմաճակատ։ Պատերազմից վերադառնալուն պես մորը՝ տիկին Ալիսային նվիրեց իր ոտնահետքով կտավը։ Մոր հարցին` ինչո՞ւ արյունոտ ոտնահետք, Գոռը պատասխանեց` կտավի իմաստը տարիներ հետո են հասկանալու։ Մայրը հիմա արդեն հասկանում է։
Գոռ Հակոբյանը ծնվել է 1992 թվականի մարտի 21-ին Լոռու մարզի Ջիլիզա գյուղում` ուսուցիչների ընտանիքում։ Գերազանց գնահատականներով ավարտել է դպրոցը, բարձր բալերով ընդունվել Վանաձորի մանկավարժական ինստիտուտի Կերպարվեստ և գծագրություն բաժինը և կարմիր դիպլոմով ավարտել այն։




