Երկրորդ շնչառություն

60-ից հետո կատարվող գինեկոլոգիական սքրինինգները կարող են կյանքեր փրկել․ «Երկրորդ շնչառություն»

Պետական առողջապահական համակարգը 60 և ավելի տարեկան կանանց հնարավորություն է տալիս անվճար սքրինինգ անցնել՝ նպատակ ունենալով վաղ հայտնաբերել և բուժել արգանդի պարանոցի քաղցկեղը:

«Հերացի» համալսարանական պոլիկլինիկայի գինեկոլոգ Իդա Նավասարդյանի խոսքերով, դաշտանադադարի շրջանում կանայք հաճախ որոշակի գանգատներով դիմում են բժշկի: Հենց այս շրջանում էլ գինեկոլոգները խորհուրդ են տալիս անցնել ՊԱՊ թեսթ, որը հնարավորություն է տալիս վաղ հայտնաբերել արգանդի վզիկի քաղցկեղը:

«ՊԱՊ թեստի շնորհիվ բացահայտվում են տարբեր աստիճանների նախաքաղցկեղային վիճակները, կարելի է ասել, որ դրա շնորհիվ կյանքեր են փրկվում»,- ընդգծում է բժիշկը՝ հիշելով, թե ինչպես է վաղ ախտորոշումը փրկվել 8 երեխաների մոր կյանքը: Եթե որևէ գանգատ չկա, երեք տարին մեկ անհրաժեշտ է անցնել անվճար հետազոտությունը:

Նրա խոսքերով, 46-54 տարեկանում սկսվող դաշտանադադարը կարող է ավելի վաղ վրա հասնել վնասակար սովորությունների, մասնավորապես, ծխելու հետևանքով, սթրեսը հաջորդ հիմնական պատճառն է: Նա նշում է, որ ֆիզիկական ակտիվությունը, կյանքի լավ որակը, դրական էմոցիաները կարող են նպաստել, որ դաշտանադադարի հետևանքները շատ զգալի չլինեն:

«Եթե բուժառուն 40-ին մոտ է, մենք փորձում ենք ախտորոշել ու տարբերակել արդյոք դա իսկապես դաշտանադադար է, թե հորմոնալ խանգարումների հետևանք»,- բացատրում է բժիշկը՝ ավելացնելով, որ այդ պարագայում բուսական ծագմամբ ֆիտոէստրոգեններն արդյունավետ են լինում:

Առաջնահերթ դիտարկվում է արգանդի լորձաթաղանթը. չորությունը, անտանելի քորն ազդում են կնոջ կյանքի որակի վրա: Մկանային թուլության պատճառով տարբեր աստիճանի իջեցումները նույնպես անհետևանք չեն լինում: Գինեկոլոգիական հատուկ օղակների տեղադրմամբ հնարավոր է լուծել նաև անմիզապահության խնդիրը: Այս դեպքում կարելի է դիմել թե՛ գինեկոլոգներին, թե՛ ուռոլոգներին: Երբեմն կարիք է լինում խորհրդակցել երկու մասնագետների հետ և համատեղ միջոցներ ձեռնարկել:

Բժիշկ Նավասարդյանը դեմ է օնլայն ախտորոշումներին ու բուժումներին: «Հարկավոր է տեղում կատարել մասնագիտական զննում, որպեսզի ախտորոշումը ճիշտ լինի և բուժումը՝ խիստ հասցեական»,-եզրափակում է նա:

Կարդացեք նաև

Back to top button