ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

ԱԺ լսումներ՝ ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ

Ազգային ժողովը հունիսի 21-ին խորհրդարանական լսումներ կհրավիրի ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու թեմայով։ Առաջարկը ներկայացրել է «Ժողովրդավարական ուժերի հարթակը», որը միավորում է չորս արտախորհրդարանական ուժերի և քաղհասարակությանը։ Այս հանրաքվեն չի նշանակելու, որ հաջորդ օրն իսկ Եվրամիությանն անդամակցելու հայտ ենք ներկայացնելու՝ խորհրդարանական հանձնաժողովի նիստում ասել են հեղինակները և նշել, որ առաջարկի նպատակը  հանրության քաղաքակրթական կողմնորոշումը պարզելն է։

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում միաձայն ընդունվեց Հայաստանի ԵՄ անդամակցության  հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկը։

«Ազատ Քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը ԵՄ ուղղությունը կարևորում է անվտնագային տեսանկյունից ու բացատրում, թե ինչու։

«Հայաստանի ԵՄ անդամակցությունը մենք դիտարկում ենք ոչ միայն որպես քաղաքակրթական կողմնորոշման , աշխարհաքաղաքական միավոր ստեղծելու, այլ նաև անվտանգության ու տնտեսության տեսանկյունից։ Մենք տեսնում ենք, որ անվտանգության տեսանկյունից Հայաստանն ավելի սերտ կապերի մեջ է մտնում ԵՄ երկրների, ինչպես նաև գլոբալ Արևմուտքի հետ, որի նախամուտքը մեզ համար հենց ԵՄ–ն  է։ Իհարկե, նաև Հնդկաստանին ու մեր մյուս գործընկերներին չենք մոռանում»։

Ըստ Խուրշուդյանի՝ ԵՄ ուղղությունը կարևոր է նաև տնտեսական առումով, քանի որ 500 միլիոնանոց եվրոպական շուկայում ավելի մեծ դեր ունենալը բերելու է Հայաստանի տնտեսության որակական աճին։ Նա կարծում է, որ այս ու այլ հիմնավորումներով  առաջարկը պետք է համախոհություն գտնի։

«Տպավորություն ունենք, որ իշխանությունը ևս շահագրգռված է խորացնելու կապերը ԵՄ–ի հետ՝ ընդհուպ մինչև ինտեգրում։ Կարծում եմ՝ իշխանության համար էլ կարևոր կլինի լսել իշխանության ձայնը և ստանալ ժողովրդի կողմից մանդատ՝ կամ գնալ ԵՄ, կամ չգնալ եթե ժողովուրդը որոշի, որ հիմա պահը չէ։ Ըստ մեր դիտարկումների՝ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունն ուզում է, որ Հայաստանն ընդգրկվի ԵՄ–ի մեջ՝ որպես լիիրավ անդամ»։

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը համոզված է, որ ԵՄ անդամակցությունը կբարձրացնի Հայաստանի դիմադրողականությունը։

«Այս տուրբուլենտ ժամանակահատվածում հենց այսպիսի հանրաքվեով կարևոր ուղերձ ենք հղում մեր գործընկերներին, հարևաններին, ԵՄ երկրներին և ԱՄՆ–ին , որ Հայաստանը բոլորովին նոր որակի պետություն դառնալու հանձնառություն է վերցնում ՝ հանրաքվեի ճանապարհով»։

Հանրաքվե անցկացնելը  դեռ չի նշանակում, որ վաղը ԵՄ անդամ ենք դառնալու՝ հստակեցնում են առաջարկի նախաձեռնողները։ Սակայն պետք է սկսել հանրաքվեի անցկացման գործընթացը, և դա անել շատ արագ, որպեսզի աշնանն արդեն հանրաքվեի օր նշանակվի՝ պնդում են առաջարկի հեղինակները՝ հույս հայտնելով, որ լավ աշխատանքի դեպքում նախաձեռնությունը դրական ելք կունենա ։

ԱԺ ՔՊ խմբակցության անդամ Արսեն Թորոսյանը կարծում է՝ ԵՄ–ին անդամակցության հայտ ներկայացնելու թեման արտախորհրդարանական ուժերի օրակարգը պետք է դառնա ընտրությունների ժամանակ։  

«Չե՞ք կարծում, որ շատ ավելի բնական և տրամաբանական  կլիներ նման օրակարգով մասնակցել ընտրությունների և ոչ թե հանրաքվե անել։ Այն ուժերը, որոնք նման հավակնություններ ունեն իրենց ծրագրերում, թող գրեն՝ կարծում են, որ Հայաստանը պետք է անդամակցի ԵՄ–ին, և գնան, քվե ստանան ընտրողներից ու իրենք իրագործեն իրենք։ Թե չէ դրանից հետո քայլերի պատասխանատվությունը մնում է այսօր ձևավորված ԱԺ–ի ու կառավարության վրա, և արհեստական մի բան է ստացվում»։

Հովսեփ Խորշուդյան․ «Մենք ունենք լրջագույն աշխարհաքաղաքական փոփոխությունների ռիսկ և հնարավորություն։ Քանի որ այսօր արտահերթի հնարավորություն ես չեմ տեսնում, ուստի ժամկետի տեսակետից սպասել հերթական ընտրություններին կարծում եմ կնշանակի՝ խոչընդոտ ստեղծել իշխաանությունների մանևրի դաշտում։ Իրականում հանրաքվեի արդյունքները հիմք են լինելու իշխանությունների կողմից գործնական քաղաքականություն վարելու համար»։

ՔՊ խմբակցության անդամ Սոնա Ղազարյանը կարևորում է, որ ԱԺ-ում կայանալիք խորհրդարանական լսումների ժամանակ գնահատվեն Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելու մարտահրավերները, օրինակ՝ դրա ազդեցությունը  ՀՀ-Իրան հարաբերությունների վրա։

«Ակնկալում եմ շատ բաց խոսակցություն ռիսկերի առումով, և հանրաքվեի գնալիս ծայրահեղությունների մեջ ընկնել պետք չէ։ Մեր բոլոր լուծումները ԵՄ–ում չեն։ Մեր բոլոր լուծումներն այստեղ՝ Հայաստանում են, և ես կցանկանայի, որ խոսակցությունը հենց այդ ծիրում տեղի ունենար»։

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը,հանրաքվե անցկացնելու հարցով լսումներ հրավիրելուն կողմ արտահայտվելով, ընդգծեց՝ բոլոր ռիսկերը պետք է  գնահատվեն բաց քննարկման ընթացքում։

Back to top button