
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը շարունակում է ստուգումները նաև ավտոմոբիլային վառելիքի շուկայում։ Առաջին եռամսյակում խախտումներ են արձանագրվել ինչպես ԱԳԼՃԿ–ներում, այնպես էլ բենզինի և դիզվառելիքի լցակայաններում։ Եռամսյակային ստուգումները, սակայն, խնդիրներ չեն հայտնաբերել հեղուկ գազի շուկայում։ Փոխարենը այստեղ խախտումներ են արձանագրվել վերջին օրերին, երբ գնի կտրուկ նվազումով պայմանավորված, տեսչականը նոր ստուգումներ է իրականացրել։
Հեղուկ գազը շարունակում է էժանանալ։ Հաշվի առնելով, որ Հայաստանում շահագործվող մեքենաների մեծամասնությունը գազով է աշխատում, իսկ գազով աշխատող մեքենաների զգալի մասը հեղուկ վառելիք է օգտագործում, վարորդների համար գնի շարունակական նվազումը անշուշտ հաճելի անակնկալներից է։ Իրականում հեղուկ գազի շուկայում հերթական կտրուկ գնանկումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, մասնավորապես՝ Ռուսաստանից ներկրվող վառելիքի էժանացումով և ներքին շուկայում մրցակցության խստացմամբ, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
Պայմանավորված շուկայում գերհագեցվածությամբ, ինչպես նաև ցածր էներգակիրների առկայությամբ, համաշխարհային շուկայում գները կտրուկ նվազել են։ Ներկայում Հոլանդիայի և Ռուսաստանի բորսաներում գազի մեծածախ գինը բավականին նվազել է, որն անշուշտ իր ազդեցությունն է թողնում նաև հեղուկ գազի շուկայի վրա։ Բացի այդ՝ Ռուսաստանում այժմ գազի կուտակումներ կան, չգիտեն՝ ինչ անել այդ գազի հետ։
Արդյունքում, ըստ Պարսյանի, անգամ էներգակիրներով հարուստ Իրանում մեծածախ գինն ավելի բարձր է, քան մեզ մոտ մանրածախը։
Համեմատության համար՝ մեր հարևան Իրանում գազի մեծածախ գինը մեկ տոննայի տատանվում է 300-320 դոլարի սահմաններում, մինչդեռ Հայաստանում մանրածախ գինը ընդամենը 25 դոլար է կազմում։
Հեղուկ գազի էժանանալը նաև դրամի արժեվորումով է պայմանավորված, նկատում է տնտեսագետը։
Ընդհանրապես էներգակիրները համաշխարհային շուկայում հիմնականում դոլարով են գնահատվում, և դոլարի փոխարժեքի նվազեցումը մեր շուկայում իր ազդեցությունն է թողնում ներկրվող ապրանքների վրա, և պատահական չէ, որ վերջին շաբաթների ընթացքում որոշ հեղուկ գազի լցակայաններ նույնիսկ 60-70 դրամ են դնում վառելիքի գինը։
Նույնիսկ գազալցակայան ունենք, որտեղ այս օրերին հեղուկ գազի գինը իջել է մինչև 30 դրամ։ Եվ դա այն դեպքում, երբ նույն լցակայանում օրեր առաջ հեղուկ գազն արժեր 100 դրամ։
Անշուշտ, սա իր բացասական ազդեցությունը կարող է թողնել, քանի որ սրա հետևանքով կարող են փոքր և միջին գազալցակայաններ սնանկանան և շուկայից դուրս գան, այսինքն, միգուցե սպառողները կարողանան մեկ շաբաթ էժան հեղուկ գազ օգտագործել, բայց երկարաժամկետում այդ գազի գինը դարձյալ թանկանալու է, քանի որ շուկան կգնա մոնոպոլացման։ Մենք պետք է փորձենք ավելի զգույշ լինել, կարգավորելով հնարավոր դեմպինգային դեպքերը։
Մինչդեռ արձանագրենք, որ Երևանի տարածքում հեղուկ գազի գինը հիմնականում շարունակում է մնալ 100 դրամի սահմաններում։ Սրան զուգահեռ կան նաև խնդիրներ, որոնք մասին ահազանգում են վարորդները. այն լցակայաններում որտեղ գինը ցածր է, հիմնականում խաբում են։ Գնային կտրուկ տատանումը չի վրիպել նաև Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ուշադրությունից։ Գործի դրված մեխանիզմները ուշագրավ արդյունք են արձանագրել, «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը։
Հենց այդ գնի նվազման ժամանակ, որ բումով վաճառվում էին շուկայականից բավական էժան գնով, հետաքրքրվեցինք հասկանալու համար՝ թերլիցքավորման կամ որակական խնդիր ունենք, թե՞ ոչ։ Տնտեսվարողներից մեկի մոտ ենք դեռևս իրականացրել և պարզել, որ այո, չափագիտական խնդիր ունենք, տնտեսվարողն իրականացրել է թերլիցքավորում։ Իսկ որակի հետ կապված փորձանմուշները վերցված են, պատասխանները դեռևս չենք ստացել։
Հատկանշական է, որ տնտեսվարողը, որը մինչ ստուգումը հեղուկ գազը վաճառել էր շուկայականից ցածր գնով, ստուգումից հետո վաճառքի գինն էականորեն բարձրացրել է։ Տեսչականի խոշորացույցի տակ հայտնված մեկ այլ լցակայանում էլ, որտեղ դարձյալ շուկայականից երկու անգամ ցածր գնով վառելիք է վաճառվել, լցակայանի աշխատակիցները փորձել են խոչընդոտել տեսուչներին, որոնք փորձել են ստուգել թերլիցքավորման առկայությունը։ Կատարվածը կասկածների տեղիք է տվել, ուստի տնտեսվարողը կենթարկվի վարչական պատասխանատվության, և կիրականացվեն նոր ստուգումներ:
Անդրադառնալով վառելիքի շուկայի մյուս ոլորտների ստուգումներին, Արմեն Կոտոլյանը հայտնեց, որ խախտումներ են հայտնաբերվել նաև այդտեղ։
ԱԳԼՃԿ-ներում առաջին եռամսյակում իրականացրել ենք 13 ստուգում, որից 5–ը ճնշման խախտում է արձանագրվել։ Բենզինի և դիզելային վառելիքի ոլորտում իրականացրել ենք 20 ստուգում, հայտնաբերվել է ցուցանիշների անհամապատասխանություն, 8 տնտեսվարողի մոտ, որոնցից 1-ը բենզին, 7-ը դիզելային վառելիք։
Ինչ վերաբերում է վառելիքի շուկայում գնային տատանումներին, դա բնական երևույթ է, նկատում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։ Ըստ տնտեսագետի՝ համեմատաբար կայուն է բենզինի գինը։ Դա էլ պայմանավորված է այս շուկայում գերիշխող դիրք ունեցող մի շարք տնտեսվարողների առկայությամբ, որոնք հիմնականում համաձայնեցված գնային քաղաքականություն են վարում։




