Ժամանակի վկան

Ամերիկացի լրագրողուհու Գետաշեն այցելությունն ականատեսի բացառիկ վկայությամբ․ Անի Մկրտիչեան․ «Ժամանակի վկան»

1991թ․-ի ապրիլին ճանաչված ամերիկացի լրագրողուհի Բրի Ուոքերը ՍիԲիԷս (CBS) ամերիկյան լրատվական գործակալության լրագրողական խմբի հետ այցելեց Գետաշեն, որտեղ նրանց ընդունեց և իրադրության մասին հարցազրույց տվեց լեգենդար Թաթուլ Կրպեյանը։ Այցելության մանրամասնությունները ներկայացնում է  ականատես թարգմանչուհին, ամերիկահայ իրավաբան Անի Մկրտիչեանը, ում հետ Լոս Անջելեսում հանդիպել է հաղորդման հեղինակ Իրինա Բարսեղյան-Կրպեյանը։

Այս հաղորդաժամին ունկնդիր կլինեք 1991թ․-ի ապրիլին ամերիկուհի լրագրող Բրի Ուոքերի՝ Գետաշեն այցելության մանրամասնություններին՝ ականատես, ամերիկահայ փաստաբան Անի Մկրտիչեանի բացառիկ վկայություններով։ Հաղորդմանը կցված լուսանկարները լուսանկարվել են Գետաշեն այցելության ժամանակ։

1991թ․ Գետաշենում իրականացված խորհրդա-ադրբեջանական համատեղ «Օղակ» պետական ահաբեկչական, ցեղասպանական հատուկ գործողությունից մի քանի օր հետո, մայիսին էր, հստակ օրը չեմ հիշում Հայաստանի հեռուսատատեսությամբ ցուցադրվեց մոտ 35 րոպեանոց ֆիլմ, որը պատրաստել էր Հայաստան այցելած CBS ամերիկյան լրատվական գործակալության լրագրողական խումբը՝ ճանաչված հեռուստահաղորդավար Բրի Ուոքերի գլխավորությամբ։

Տարիներ անց, ես սկսեցի փնտրել ֆիլմը մեր ընտանեկան արխիվի համար։ Երկար փնտրտուքի ընթացքում, ամերիկահայ մեր հայրենակիցների հետ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ ես միշտ հարցուփորձ էի անում այն ակնկալիքով, որ միգուցե որևէ մեկը տեղյակ լինի ֆիլմի մասին կամ կապ ունենա ամերիկացի թղթակցուհու հետ։

Ի ուրախություն ինձ, իմ զրույցներից մեկի ընթացքում նշմարվեցին որոշակի հնարավորություններ գտնելու որոշ նյութեր։ Տարիներ առաջ, ինձ հետ կապ հաստատեց Միացյալ նահանգներում բնակվող սփյուռքահայ հայրենակցուհիներից մեկը՝ Զարմինեն, և փոխանցեց մի տեսաժապավեն, որտեղ CBS ամերիկյան լրատվական գործակալության ամերիկացի լրագրողուհի Բրի Ուոքերի պատրաստած ֆիլմն էր Հայաստանի մասին։ Տեսանյութն այնքան էլ որակյալ չէր, քանի որ ձայնագրված էր անմիջապես հեռուստատեսային եթերի ընթացքում։

Այդ ժամանակվանից սկսած ես ավելի գործուն կերպով շարունակեցի իմ որոնողական աշխատանքները, որոնք ընթացան նաև անմիջականորեն ԱՄՆ-ում, երբ 2024 թ․ մայիսին գտվում էի հրավերով՝ ներկայացնելու իմ հեղինակած երկու գրքերը․ «Թաթուլ Կրպեյան․ Հյուսիսային Արցախի Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտանությունը» հայերեն մենագրությունը՝ հրատարակված 2016 թ․, և 2019 թ․ հրատարակված համանուն գրքի անգլերեն թարգմանությունը։

Մայիսի 4-ին Սան Ֆրանցիսկոյում հայկական համայնքային բազմամարդ հավաքույթի ընթացքում տարածվում են իմ գրքերի՝ հաջորդ օրը կայանալիք շնորհանդեսի և դասախոսությունների մասին հայտարարագրերը։ Ներկաներից մեկը՝ մի երիտասարդ՝ Արմեն անունով, իր հետ տուն է տանում գովազդային թերթիկը և ցույց տալիս տատիկին։ Մեծ մայրն անսպասելիորեն ասում է թոռանը․ «Իսկ դու գիտե՞ս, որ մայրդ անձամբ ճանաչել է Թաթուլ Կրպեյանին, և եղել է Գետաշենում ամերիկացի լրագրողների խմբի հետ ու թարգմանել նրանց ու Թաթուլ Կրպեյանի զրույցները»։

Օրեր անց, երբ արդեն Լոս Անջելեսում էի, և արվարձաններից մեկում՝ Լա Կրեսենտա քաղաքի հայկական կենտրոնում տեղի ունեցավ հերթական շնորհանդես-դասախոսությունը, ներկա էին նաև նույն երիտասարդը՝ Արմենը, իր մայրիկի՝ Անի Մկրտիչեանի հետ։ Ուրախությանս չափ չկար։ Ավելի քան 33 տարվա փնտրտուքս անսպասելիորեն պսակվել էր հաջողությամբ։

Վերադարձիցս մեկ օր առաջ՝ մայիսի 16-ին, ես և Անին հանդիպեցինք Գլենդելի՝ իր փաստաբանական գրասենյակում, և ձայնագրեցինք այս բացառիկ վկայությունները գետաշենյան տարեգրությունից։

Երախտագիտությունս եմ հայտնում նաև կազմակերպչական դժվարին աշխատանքը կատարած Արևմտյան Ամերիկայի ՀՅԴ բոլոր կառույցներին, կազմակերպչական աշխատանքը կանոնակարգող հանձնախմբի բոլոր անդամներին, առանձնահատուկ շնորհակալությունս՝ ուղղված, մասնավորապես, Հիլտա Սալիպային և Թամար Մանուէլեանին՝ մշտապես իմ կողքին լինելու և բարձր մակարդակով հանդիպումները կազմակերպելու համար։

Անի Մկրտիչեանի ու իմ զրույցը հաղորդման մեջ ներառված է հատվածաբար։ Այն ձայնագրվել է Լոս Անջելեսում՝ 2024թ․-ի մայիսի 16-ին։

Back to top button