ՀարցուԳԻՏԱփորձ

Ի վերջո՝ ի սկզբանէ՞ էր խոսքը․ «ՀարցուԳԻՏԱփորձ»

«Մի խելքը գլխին բան ասա, մի քնքուշ խոսք ասա, մի պատմություն պատմիր, մի լուծում առաջարկիր, կիսվիր քո ներսում եղածով․․․»

Խոսիր կամ գրիր՝ թարգմանիր հույզդ, զգացումդ, միտքդ մարդկային լեզվով ու ես կճանաչեմ քեզ։ Լսիր կամ կարդա, հասկացիր՝ ինչ է մտածում մարդը ու կճանաչես նրան։
Բոլոր ճշմարտություններին բնորոշ կանոնով այս մեկը ևս բացառություն ունի։

«Միևնույն է լեզուն մնում է երևույթ, որը ստեղծվել է մեզ շրջապատող նյութական աշխարհը բացատրելու համար, ու եթե քո որոնումներում գալիս ես մի կետի, որը այդ նյութականի սահմաններում չէ, ավելի բարձր է, կանգնում ես խնդրի առաջ»։

Բարև, եթերում «ՀարցուԳԻՏԱփորձ» հաղորդումն է, ես Արուսյակ Կապուկչյանն եմ։ Այսօր խոսելու ենք խոսքի մասին։

***

Մենք կարծում ենք, որ խոսքի ազատությունը կարևոր է։ Եթե անգամ առանձնապես չենք հասկանում՝ ինչու է կարևոր և ինչ պակաս կունենանք առանց դրա, միևնույն է՝ կպայքարենք դրան հասնելու համար․ այդպես բոլորն են անում։

Շատ տրամաբանական կլիներ, եթե այս մտքերը մեզ դրդեին մասնագետներից խոսքի ազատության մասին հարցուփորձ անել։ Բայց սա հաղորդում է պարզ հարցերի մասին, ուրեմն սկսենք մեկնարկային կետից․ ազատ խոսքը դեռ մի կողմ՝ մեր ինչի՞ն է պետք խոսքն ընդհանրապես։

Մենք խոսեցինք հասկացված լինելու համար։ Որսի գտնվելու վայրի, վտանգի մասին իրար պարզ ինֆորմացիա փոխանցելը բավարար չէր, սկսեցինք խմբի ներսում իրար պատմություններ պատմել։ Այդ թվում՝ իրար մասին։ Պատմաբան Յուվալ Նոյ Հարարին ասում է՝ բանբասանքը ամրացրեց մեր սոցիալական կապերը և մենք սկսեցինք մյուս կենդանիներից ավելի ճկուն գործակցել՝ այդպիսով աշխարհը ղեկավարող կարգվելով։

Եվ մեր բառերն ավելի բազմազան ու դիպուկ դարձան, սովորական դարձած շատ բաների պես սկսեցինք չնկատել, որ բառապաշարը աշխարհը ճանաչելու ու աշխարհին ճանաչելի դառնալու համար մեր ունեցած ամենապրակտիկ գործիքն է։

Բայց խոսքը կարո՞ղ է պատմել մեր մտքում եղած ամեն բան, գոյություն ունե՞ն բառերով չնկարագրվող երևույթներ, մենք իրար համար հասկանալի դառնալու ի՞նչ տարբերակներ ունենք և ի՞նչ կարևորություն ունի խոսքն այդ տարբերակներում․ «ՀարցուԳԻՏԱփորձ»-ն այսօր այս հարցերի մասին է։

«Հիմա որ հարցնեմ՝ իսկ ի՞նչ ես կարծում, ո՞ր մոդալությունն է քո մոտ առաջնային, որ իրավիճակում ո՞րն ես օգտագործում, դու կդժվարանաս պատասխանել։ Դա պարզ հարց չի, պատասխանելու համար պետք է հետահայաց նայել, հասկանալ՝ իսկ ընդհանրապես ես ո՞նց եմ մտածում։ Սա գլոբալ հարց է, և բոլոր նրանց, ովքեր հիմա լսում են այս զրույցը, ես կուզեմ, որ մի պահ դադար տան ու մտածեն․ իսկ ես գիտե՞մ՝ ոնց եմ մտածում»։

Երբ փիլիսոփա Արման Ղարագուլյանին խնդրեցի մեկնաբանել Սոկրատեսի «Խոսիր, որ տեսնեմ քեզ» արտահայտությունը, փոխադարձ մի բան ինքն ինձ խնդրեց․ ասաց՝ ասա՝ ո՞նց ես ճանաչում աշխարհը։ Պատասխանը միանշանակ էր՝ ես խոսք ու բառի մարդ եմ, աշխարհն ինձ համար բառային կոդ է։ Պարզվեց՝ մեր մտածելու մասին մենք մի քիչ ավելի երկար պետք է մտածենք․

Սոկրատեսը

«Երբ սկսում ես մի քիչ հետևողական վերլուծել, հասկանում ես, որ այդքան պարզ, այդքան միանշանակ չի։ Ինչպես մարդիկ տարբեր են իրենց խառնվածքներով, նյարդային համակարգի առանձնահատկություններով, այդպես էլ տարբեր են մտածողությամբ։ Եթե ձեզ մոտ առաջնայինը տեսողականն է, իհարկե «Խոսիր, որ տեսնեմ քեզ»-ը ձեզ համար շատ հետաքրքիր, բազմասպեկտորային ինչ-որ բան կնշանակի։ Իսկ ինձ համար, ով նախ և առաջ լսողական է՝ ներիքն միտք, անալիզ, ներքին խոսք, վերլուծություն, «Խոսիր, որ տեսնեմ քեզ»-ը ինչ-որ հետաքրքիր բան չի ասում, որովհետև ես նույնը կարող էի ձևակերպել «Խոսիր, որ հասկանամ քեզ», իսկ եթե մեր հետ նստած լիներ նաև ինչ-որ մեկը, ում մոտ առաջնային մակարդակում զգացողություններն են, գուցե կասեր «Խոսիր, որ զգամ քեզ»։ Այն, որ ձեր դուրը եկել է, ընդամենը որոշակի ախտորոշում է, և երբ ես վիզուալ նայում եմ (դե լսողը չի տեսնում, բայց ես կասեմ), այնուամենայնիվ վիզուալը ձեզ մոտ առաջնային է, որովհետև արտաքին տեսքը, աքսեսուարները, մանրուքները խոսում են այն մասին, որ ես գործ ունեմ հստակ վիզուալ տիպի ներկայացուցչի հետ»։

Այսպես մի քանի հուշում, սեփական անձը ճանաչելու մի փոքր ջանք ու հասկանալի կդառնա՝ մտածողության ինչ տիպ, խոսքի նկատմամբ ինչ վերաբերմունք ունենք, ինչ ենք սպասում դրանից, ինչ ճանապարհներով է այն հասնում մեր մտքին և ինչ արձագանք է ունենում։ Բայց մեր ինչի՞ն է պետք սա իմանալը․

— Իսկ դուք գիտե՞ք՝ ինչքան խնդիրներ են առաջանում միջանձնային հաղորդակցությունում, երբ ես չգիտեմ էդ ամենն ինչի մասին։ Ես ունեմ մտածելու ինչ-որ մի ձև, ու ինձ թվում է՝ բոլոր մարդիկ էդպես են մտածում։ Իմ կյանքում եղած իրավիճակ պատմեմ․ ինչ-որ լուրջ բան ենք քննարկում վիզուալ մարդու հետ, դե քանի որ իմ մոտ առաջնային է ներքին խոսքը, ես փորձում եմ մաքսիմալ ուշադիր լինել, մաքսիմալ կենտրոնացած լինել, որ հանկարծ բան բաց չթողնեմ, հանկարծ ինչ-որ բան սխալ չհասկանամ։ Ի՞նչ եմ անում դրա համար՝ աչքերս փակում եմ, որ մաքսիմալ կենտրոնացած լինեմ պրոցեսի վրա։ Իսկ քանի որ իմ դիմաց վիզուալ է, հիմա ձեզ եմ հարցնում, ինչ-որ մեկի հետ խոսում եք, լուրջ քննարկում եք անում, ինքը աչքերը փակում է, ձեր ռեակցիա՞ն։
— Վայ-վայ-վայ…
— Վայ-վայ-վայ…խոսում եմ, մի հատ էլ վրաս չես նայում։ Բայց մարդը անկեղծորեն առավելագույն ջանքերն է թափում, որ ինչ-որ ձև նպաստի խնդրի, իրավիճակի մաքսիմալ ըմբռնմանը, մաքսիմալ հասկացմանը։

Այսպես խոսելու ձևի, մոտեցման մասին մենք գուցե մտածենք, որովհետև այդ հարցում ձախողելու դեպքում խնդիրը՝ կոնֆլիկտը, երկար չի սպասեցնի։ Բայց, Արման Ղարագուլյանի կարծիքով, ոչ պակաս կարևոր է խոսքի՝ բառամթերքի ծավալին ուշադրություն դարձնելը.

«Մենք ունենք աշխարհի ճանաչողության հետ կապված 2 հստակ սահամանփակումներ․ առաջինը մեր նյարդային համակարգի սահմանափակումներն են՝ ես կարող եմ ճանաչել էլեկտրամագնիսական ալիքի մանուշակագույնից կարմիր տիրույթը, կարող եմ լսել 10 հերցից մինչև 20 000 կիլոհերց, ասպես կարող ենք շարունակել։ Երկրորդ սահմանափակումը մեր բառերն են։ Ես կարող եմ կիսվել մենակ նրա մասին, ինչը կարող եմ ձևակերպել բառերի լեզվով»։

Ասում է՝ մեզ մարդկային դարձնողը խոսքն է։ Արտաքին տեսքով չենք զարմացնի. հնարավոր է գտնել մեզ շատ նման կենդանի, լավ հագուկապը մեր մասին քիչ բան է ասում. նկատե՞լ եք՝ ինչ գեղեցիկ հագուստ են կրում որոշ ընտանի կենդանիներ։ Բայց ակնհայտ է, որ մենք ունենք մի բան՝ միտք, հույզ ու ապրում, որը մեզ տրվել է ամուր բազուկի, սուր ժանիքների ու արագավազ ոտքերի փոխարեն.

«Էն ինչ մեզ մարդկային է դարձնում, դա էն խորքայինն է, որը պետք է ինչ-որ ձև դրսևորվի, արտահայտվի։ Իսկ ո՞նց կարող է արտահայտվել, եթե ոչ բառային համակարգով։ Նյութական առումով իմ պրոցեսները շատ չեն տարբերվելու կենդանիներից, ես կարող եմ հոգատարություն ցույց տալ, գնալ, շոյել, ոջիլներից մաքրել, ոնց-որ կապիկներն են անում, գրկել, պաշտպանել, խփել։ Դրանից էն կողմ մարմնական մակարդակում ինչ-որ բան չեմ կարողանա ցույց տալ։ Բայց երբ գնում ենք խորքային էութենականին, այդտեղ իմ գործիքը դառնում են բառային, լեզվական արտահայտչամիջոցները»։

Նյութականը, մարմնականը, արտաքինը մեքենան է՝ մգեցված ապակիներով։ Ներսում գտնվող վարորդին տեսնելու համար նա պետք է ինչ-որ բան անի, պետք է խոսի, որ վիզուալ մտածողություն ունեցողը՝ տեսնի, լսողը՝ հասկանա, զգացողը՝ զգա նրան։ Եվ ինչքան սուր ու ամուր լինի գործիքը՝ խոսքը, այնքան արդյունավետ կընթանա աշխարհի հետ կիսվելու, ճանաչելի դառնալու ու ճանաչելու գործընթացը։

«Այո, ի սկզբանե էր բանը, բառը, խոսքը, որը մարդուն դարձրեց մարդ»։

Գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դասախոս Տաթևիկ Մերջանյանն ասում է՝ մարդկության շարունակական աճի շղթան բառային օղակներով է կապվում։ Մասնագիտական հպարտությունը չէ, որ դրդում է նրան կարծել, թե բոլոր ժամանակներից մեզ հասած գիտելիքը գրավոր խոսքի միջոցով է պահպանվում։ Դա իմանալու համար գիտափորձերի կարիք անգամ էլ չկա՝ ասում է։ Սակայն, նրա կարծիքով, արժե ուսումնասիրել՝ հարուստ խոսքը հարուստ մտքի ցուցի՞չ է։ Առաջնային դիտարկումը հետևյալն է. խոսքը կարող է անշուք լինել, միտքը՝ ձիգ ու բազմաշերտ.

«Նայենք մեր սփյուռքահայ գրականությունը՝ Համաստեղ, Մնձուրի, որոնք պարզ խոսքի մեջ են։ Երբ տեքստերը կարդում ենք, հատկապես Մնձուրու, թվում է, թե գրեթե ասելիք չկա, ինչ-որ պատմություններ են կորած, անհետացած գյուղի մասին, բայց երբ սկսում ենք ընկալելով մոտենալ… տեքսին պիտի մոտենալ ընկալմամբ։ Ես տեքստ եմ կարդում, չեմ կենտրոնանում՝ ինչպիսի բառամթերքով է, ինչ ոճով է, գուցե անշուք լինի, բայց ներքուստ ունենա գաղափար»։

Տաթևիկ Մերջենյանի խոսքով՝ հայ գրավոր խոսքի կարևորագույն նախադասություններից մեկը՝ «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»-ն արդեն իսկ խոսքը ամենակարևոր դիրքերում է դնում։ Բայց արդյո՞ք սա ծայրահեղացված, գերագնահատված գնահատական չէ խոսքին։ Ինչով է պակաս կարևոր, ասենք, տեսնելը.

«Լևոն Շանթի «Հին աստվածներ»-ն այստեղ հիշեցի․ ասում է՝ թե ուզում ես տեսնել աշխարհը, ապա աշխարհին նայիր փակ աչքերով։ Գուցե չտեսնես աշխարհը, բայց հիանալի պատկերացնես աշխարհը, աշխարհընկալում ունենաս, աշխարհայացք ձևավորվի մարդու մեջ ու դա դրսևորվի խոսքի միջոցով, լեզվի միջոցով»։

***

«Երբ մի քիչ ներհայեցում ենք անում, հասկանում ենք, որ հուզական աշխարհի բովանդակությունը շատ ավելի հարուստ է, քան դրա արտահայտման լեզվական միջոցները։ Հասկանանք, որ իրականում հիմա էլ մեր կյանքում շատ բան մենք անում ենք բառերը շրջանցելով։ Ներսումդ ինչ-որ տեղ ինչ-որ բան խուտուտ է տալիս, եզրակացնում ես, որ լավ է, կամ էնքան էլ լավ չի»։

Խոսքը, ամեն դեպքում, ստեղծվել է պարզ բաների՝ որսի գտնվելու վայրի, վտանգի մասին իրար պարզ ինֆորմացիա փոխանցելու համար՝ ասում է Արման Ղարագուլյանը։ Երբ այդ նյութականից դուրս, դրանից մեծ ու բարձր, հոգևոր ծանրակշիռ ապրում ենք ունենում, պետք է ներողամիտ գտնվեք նյութական կյանքը նկարագրելու համար ստեղծված բառերին՝ սահմանափակ լինելու համար։

Բայց ամեն դեպքում՝ ջանալ է պետք։ Այդ մեծ ու բարձր ապրումները միայնակ զգալու մեջ փոքր-ինչ էգոիզմ կա, դրանք պետք է կիսել աշխարհի հետ՝ այն ավելի լավը դարձնելու նպատակադրմամբ։ Դրա համար սուր գործիք՝ խոսք է պետք։ Սա է միտքը լայնացնելու, մտքի լայնությունը ցույց տալու ճանապարհը։ Մեր բովանդակությանը ձև ու փաթեթավորում՝ լեզվական կաղապար է պետք։

Back to top button