Հասարակություն

Քննությունը պետք է դառնա գիտելիքի ստուգում և ոչ թե քաղաքական, սոցիալական, հանրային քննարկման առարկա

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Ընդունելության քննությունների կազմակերպման և «Հայոց լ եզվի» թեստերի մասին են այսօր խոսել հայոց լեզվի մասնագետ, վաստակավոր ուսուցչուհի Բեատրիչե Ստեփանյանն ու փորձագետ Սուսաննա Աբազյանը: Լեզվի մասնագետները նշել են, որ և  նախորդ, և այս տարվա քննական թեստերում սխալներ չեն եղել, փոխարենը՝ բազմաթիվ նենգություններ են եղել շտեմարաններում: Սուսաննա Աբազյանը նկատել է, որ հայերենը պետք է լինի տոն բոլորի համար և ոչ թե սթրես: Իսկ շտեմարանը պետք է ծառայի գիտելիքի ստուգմանը և ոչ թե երեխային մոտ առաջացնի հոգեցունց իրավիճակ:

Քննությունը պետք է դառնա գիտելիքի ստուգում և ոչ թե քաղաքական, սոցիալական, հանրային քննարկման առարկա, այսօր լրագրողների հետ զրույցում նկատեց հայոց լեզվի փորձագետ Սուսաննա Աբազյանը` հավելելով, որ պետք է ընդհանրապես սկսել ոչ թե քննությունների քննարկումից, այլ դպրոցից, դասագրքից և լեզվամտածողությունից: Սուսաննա Աբազյանը կարծում է, որ հայերենի քննությունը պետք է դառնա տոն և ոչ թե սթրես։

Ի պատիվ այս և անցյալ տարվա քննական թեստերը կազմողի` արդեն 2-րդ տարին է թեստերում սխալները բացառվել են: Բայց այդ սխալները պետք է բացառվեն ոչ միայն քննական թեստերում, այլև շտեմարաններում, նկատեց լեզվի մասնագետ, վաստակավոր ուսուցչուհի Բեատրիչե Ստեփանյանը։

Սուսաննա Աբազյանը կարծում է, որ շտեմարանը երեխային տվեց ընդամենը ուղղորդվելու կարողություն և ոչ ավելին։ Շտեմարանում առկա սխալներն ընդգծելու համար Բեատրիչե Ստեփանյանը նույնիսկ մի քանի կոնկրետ օրինակ բերեց և նշեց, որ դիմորդներին ամենաշատը անհանգստացնում է պնդումների փունջը, որտեղ կան հարցեր, որոնց պատասխանել պարզապես անհնար է: Կան նաև դասագրքերից դուրս հարցեր, նկատեց Սուսաննա Աբազյանը:

Ճիշտ է՝ հայերենն ունի նաև իր բարդություններն ու նրբությունները, բայց մասնագետներն ընդգծեցին, որ այն նաև շատ գեղեցիկ լեզու է և չպետք է դառնա ամենաբարդ և անհաղթահարելի քննությունը։

Կարդացեք նաև

Back to top button