ՀարցուԳԻՏԱփորձ

Ո՞վ իմ ցավն ինձնից լավ կհասկանա․ «ՀարցուԳԻՏԱփորձ»

«Երբեք այն մարդկանցից չեմ եղել, իհարկե, որոնք կարծում են, որ հոգեբանի գնում են միայն ինչ-որ շա՜տ լուրջ խնդիրներ ունեցող մարդիկ, պարզապես կարծում էի, որ, այ քեզ բան, մի՞թե ինքդ չես կարողանում լուծել, որ հոգեբանի ես գնում»։

Ունենում ես կամք կամ ընկեր, որ ինքդ քեզ կամ ինքը՝ քեզ ասի՝ տես՝ ինչ լավ եղանակ է, ծաղիկները ծաղկում են, թռչունները՝ ծլվլում, առվակը՝ քրքրջում, դու սիրուն աղջիկ ես կամ խելացի տղա․ հավաքի՛ր քեզ։ Այդ պարզ բաները նկատած չլինելու ինքնամեղադրանքով դու հավաքում ես քեզ՝ փոշին գորգի տակ թաքցնելով սենյակը հավաքելու պես:

«Այստեղ հեղինակության ու վստահության հարցն է․ ո՞վ է ասողը, ո՞վ է լսողը, ի՞նչ փորձերով են կիսվում իրար հետ։ Դա կարո՛ղ է օգնել: Հենց որ չի օգնի, կդիմեք հոգեբանի»։

Բարև։ Սա «ՀարցուԳԻՏԱփորձ» հաղորդումն է, ես Արուսյակ Կապուկչյանն եմ։ Այսօր պարզելու ենք՝ ո՞վ իմ ցավն ինձնից լավ կհասկանա։

***

Զգացումն ու ապրումն իմն է, մտահոգությունը, տագնապն ու զայրույթը՝ նույնպես։ Խնդիրն իմն է և ես եմ տեղյակ դրա բոլոր զարգացումներից, ծանոթ՝ բոլոր կողմերին ու դրսևորումներին։ Թվում է՝ չկա ցավի նկատմամբ մենաշնորհային տրամադրվածություն ունենալու ավելի լեգիտիմ հիմք և չի կարող լինել մեկը, ով ինձնից լավ գլուխ հանի իմ գլխում կատարվողից։

Այսպես շատերն են մտածում։

Բայց այս մտքի զուգահեռ կողմում գտնվողներն ասում են՝ ինչ-որ մարդիկ սովորել, մասնագիտացել ու հմտացել են այդ ցավը ճանաչելու մեջ և ավելի լավ գիտեն դրա հետ վարվելելու ձևը։ Ի վերջո, եթե հոգեբանությունը գիտություն է, ապա դրա ուսումնասիրության առարկան՝ հոգեկան աշխարհը հենց գիտնականին՝ հոգեբանին է պետք վստահել։

Մեր՝ ցավի տիրոջ իրավունքով ձեռք բերած ինքնավստահության և հոգեբանի՝ մասնագիտության տիրոջ իրավունքով ձեռք բերած վստահության մեջտեղում հարցն է՝ ո՞ւմ վստահել մեր էմոցիան։ Ո՞ր խնդիրներն են, որ ենթակա են ինքնուրույն լուծման, ո՞ր կետից ընկեր-բարեկամի տված խորհուրդն էլ բավարար չէ, մենք ինքներս մեր հոգեբանը լինել կարո՞ղ ենք․ «ՀարցուԳԻՏԱփորձ»-ն այսօր այս հարցերի մասին է։

«Ես համաձայն եմ, որ մարդն իր հոգսը, իր պրոբլեմը ավելի լավ է հասկանում, քան որևէ այլ մարդ, նույնիսկ հոգեբանը։ Բայց ցանկացած խնդիր ունի կառուցվածք, նաև մաթեմատիկական իմաստով՝ պայման, պահանջ, լուծում։ Երբ մարդն ունի անձնական խնդիրներ, ու իր ձևով, իր տառապանքի, ցավի միջով է դա ձևակերպում, դա ուրիշ խնդիր է, երբ հոգեբանական ձևակերպում է ստանում, ունենում է կառուցվածք»։

Հրաչյա Հովհաննիսյանը հոգեբանական գիտությունների թեկանծու է, ԵՊՀ դոցենտ։ Իր գործը մեկ նախադասության մեջ է ամփոփում․ մենք մարդու անհանգստությունը դարձնում ենք խնդիր՝ մաթեմատիկական հավասարում։ Իսկ խնդիրը մի առանձնահատկություն ունի․ այն միշտ լուծելի է։ Անհանգստությունը խնդիր դարձնելու այս գործը մարդը կդժվարանա ինքնուրույն անել։ Ընդ որում, դա լիարժեքորեն անելու հարցում չի օգնի նաև հարազատը, հատկապես՝ իսկապես սրտացավ հարազատը։

«Մարդը, որպես կանոն, իր անձնական անհանգստությունները կառուցվածքային առումով որպես խնդիրներ չի դիտարկում, հետևաբար չի կարողանում լուծել։ Մի բան է, երբ իր հարազատ մարդը իր հույզերի տեսանկյունից է ձևակերպումներ անում, պրոյեկցիաներ անելով, համեմատելով, փորձելով ապրումակցել, կարեկցել, մեկ այլ բան է, երբ երևույթից, ֆենոմեններից հասկացող մասնագետն այդ տեսանկյունից է ձևակերպում՝ համարյա թե մաթեմատիկական կառուցվածքի բերելով»։

Ամենապարզ բանը, ասենք՝ տրամադրության ակնթարթային փոփոխությունը, անսպասելի հայտնված, բայց անկայուն մոտիվացիան, մի ջերմ խոսքն ու հայացքը կարող են փոխել անփոփոխ խնդրի նկատմամբ մարդու վերաբերմունքը։ Բայց դրանից խնդիրը չի փոխվում։ Պարզվում է՝ մեզ այն ինքնուրույն լուծելու հարցում խանգարում է մեր թվացյալ «մրցակցային առավելությունը»՝ խնդրի տերը լինելը։

«Սարի վրա կանգնած Դուք երբեք սարը չեք տեսնում։ Դուք պետք է բավականին հեռու լինեք, որ սարը երևա։ Հաճախ մարդիկ, թաղված լինելով իրենց խնդիրների մեջ, կարող են իրավիճակների պատկերը չտեսնել։ Դրա համար պետք է հեռանալ։ Իսկ անձնական նախաձեռնությամբ հեռանալը շատ դժվար է, որովհետև ցավը չի թողնում, անհանգստությունը չի թողնում հեռանալ այդ իրողություններից։ Հոգեբանը նաև օգնում է մարդուն ժամանակավորապես մտավոր առումով հեռանալ և դիտարկել այդ հոգսերի սարը կողքից, որ ուրվագիծը երևա։ Հետո նորից կվերադարձնի նրան այդ իրավիճակ՝ արդեն ավելի հրամարված»։

Բայց հոգեբանը բոլոր դեպքերում իր դուռը գալ չի հորդորում։ Որտե՞ղ էին հոգեբանությունը՝ որպես գիտություն, հոգեբանը՝ որպես մասնագետ, երբ մարդիկ կային, ապրում, փոխհարաբերվում էին։ Տասնյակ հազարավոր տարիներ մարդն օգնել է ինքն իրեն ու իր նմանին՝ առանց որակավորված մասնագետ լինելու։ Սա հիմա էլ է տեղի ունենում․ անլուրջ կլինի կարծել, թե աշխարհում ամեն մարդու մեկ կամ մի քանի հոգեբան է բաժին հասնում։

Այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ՝ երբ է մասնագետի բազկաթոռ պետք, և երբ՝ ընկերոջ հոգատար ուս կամ «խելքի գալու» ինքնապահանջ։ Այստեղ, ասում է, գործին պետք է խառնվեն ինտուիցիան և զարգացումներին ուշադիր հետևելու մարդու կարողությունը․

«Նույնիսկ իմ հաճախորդներին ես տրամադրում եմ, որ դու ինքնուրույն էլ կարող ես այդ խնդիրը լուծել, դա վերջը չի։ Բոլոր մարդիկ հնարավորություն ու ռեսուրս ունեն իրենց պրոբլեմնները լուծել ինքնուրույն, բայց հաճախ դա այնքան երկար է տևում՝ տարիներով, որ մի խնդրի վրա կուտակվում է մեկ այլ խնդիր, բարդանում է, ռեսուրս է կորցնում ու, մեծ հաշվով, մարդու բարեկեցությունն ու կյանքի որակն է տուժում։ Դրա համար հոգեբանը ավելի շատ կատարում է արագացուցչի դեր, որ եթե մի պրոբլեմը հնարավոր է լուծել մի քանի տարում, հնարավոր լինի լուծել մի քանի ամսում կամ շաբաթում»։

«Ավելի երիտասարդ տարիքում, երբ դեռ ուսանող էի և իմ շրջապատի մարդիկ ասում էին, որ հոգեբանի կարիք ունեն, ես իրենց, պիտի անկեղծ լինեմ, քմծիծաղով էի նայում և թույլ մարդու հետ էի ասոցացնում։ Տարիներ առաջ, երբ որոշ դեպքեր տեղի ունեցան իմ կյանքում, ես հակացա, որ փաստորեն լինում են կետեր, երբ պետք է պարզապես մտքերը դասավորել, կամ ուժ է պետք որևէ իրավիճակի կամ տրավմայի դեմ պայքարելու համար, բայց դու չես կարողանում գտնել այդ ուժը։ Եվ նաև այդ ժամանակ հասկացա, որ գուցե մարդիկ տարբեր են ու տարբեր ծանրության դեպքերի ժամանակ են կորցնում այդ ուժը»։

Վեգա Անդրեասյանը հոգեբան չէ։ Ես այս նախադասությունը կարող եմ կրկնել մի քանի տասնյակ անգամ, ինչպես ինքը դա արեց մեր՝ ոչ այնքան երկար զրույցի ընթացքում։ Դա անելու հիմքեր ունի․ ռադիոլրագրող, ինֆլյուենսեր Վեգային վաղուց էլ սիրելի օծանելիքի, հագուստի բրենդի, սրճարանի մասին չեն հարցնում՝ ինչպես բնորոշ է սոցցանցային կանոններին։ Նրան ուղղված հարցերը կարող էին հնչել ցանկացած հոգեբանի սենյակում։

«Իմ կյանքում եղավ բեկումնային շրջան, երբ ինքս հոգեբանական բարդ իրավիճակի միջով անցա, հոգեբանից աջակցություն ստացա, և դրանից հետո իմ զգացածը բառավորում էի, տեքստեր էի գրում, ու քանի որ ես վիզուալ կոնտենտ եմ ստեղծում, դրանք վերածում էի վիդեոյի, ներկայացնում էի իմ լսարանին։ Դա շատ մեծ արձագանք գտավ, ինձ սկսեցին գրել տարբեր մարդիկ, որոնք հայտնվել են կամ գտնվում են այնպիսի իրավիճակում, որում ես եմ եղել այդ տեքստերը գրելիս։ Ինչ-որ պահից ես սկսեցի վախենալ այդ պատասխանատվությունից, որովհետև նույնիսկ մտքեր էին հնչում, որ, օրինակ, Վեգան ռիլերում այնպես է խոսում, որ ուզում եմ գլուխս դնել ծնկներին՝ լացել, կամ պատմել՝ ինչ է տեղի ունեցել։ Սկսեցի շատ վախենալ պատասխանատվությունից, որ հանկարծ մարդիկ ինձ մասնագետի հետ չշփոթեն»։

Վեգան ընկերների խորհրդատուն է, բոլոր ռիսկային նամակները շարադրողը, հարաբերություններ փրկելու կամ ավարտելու ճանապարհներ ցույց տվողը։ Օնյալն հարթակում դա անում է իր ինստագրամյան էջի միջոցով, ունի նաև փոդքասթ շատ խոսուն՝ «Հարցրու Վեգային» անունով։ Սակայն ամեն բանից առաջ ինքն էլ մարդ է՝ ուրիշներից բացի իրեն օգնելու հավակնություններով։ Ասում է՝ մեծ մասամբ ստացվում է, բայց առանձնահատուկ դեպքերում հոգեբանի օգնության դիմելն անխուսափելի է։

«Կարծում եմ՝ ինքս ինձ հոգեբան լինել հնարավոր է, բայց մասնագետը կսովորեցնի, թե ինչպես»։

Վերադառնանք այն «սար»-ին, որի մասին մեզ Հրաչյա Հովհաննիսյանն էր պատմել․ հիշում եք՝ մասնագետը մեզ օգնում է հեռանալ խնդրից, տեսնել այն, ճանաչել, հետո ավելի պատրաստ վերադառնալ։ Թե ինչու սա չենք կարող անել ինքնուրույն կամ հարազատ մարդու օգնությամբ՝ արդեն հականալի է։ Բայց ինչո՞ւ է կարևոր հենց մասնագետի առկայությունը։

«Բժշկագիտական հասկացություն կա՝ ինկապսուլյացիա։ Երբ օտարածին մարմին է հայտնվում օրգանիզմում ու օրգանիզմը չի կարողանում դուրս մղել այն, կատարում է կենսաբանական պաշտպանություն՝ հատուկ սպիտակուցային թաղանթով է պատում, որ կենսական օրգաններին չխանգարի։ Այդպես մարդը կարող է ապրել երկար ժամանակ, օրինակ, բեկորը մարմնի մեջ։ Հաճախ բժիշկները դրան ձեռք էլ չեն տալիս, որովհետև վստանգավոր է կպնելը, բացելը․ թույներ կան, կարող են կպնել կողքի կենսական օրգաններին, մկաններին, նյարդերին և այլն։ Նույն ձևով կլինիկական հոգեբանության մեջ օգտագործվում է էդ ինկապսուլյացիան․ շատ բաներ կան, որ մարդու հոգեկանի խորքում են, անգիտակացական ձևով խնամքով պահպանված են։ Եվ շատ փորփրելու դեպքում կարող ենք կպնել նաև այդ տեղերին ու ակտիվացնել դրանք՝ մեր գլխին նոր պրոբլեմներ ստեղծելով»,— ասում է Հրաչյա Հովհաննիսյանը։

Մենք մեզ ու մեր նմանին օգնել կարող ենք՝ առանց հոգեբանների օգնության էլ։ Բայց յուրաքանչյուր ճշմարտություն իր բացառությունն ունի․ մասնագետն ասում է՝ օգնեք ձեզ ու ուրիշներին, եթե դա հնարավոր է, բայց զգոն եղեք, որ օգնությունը աղետ չդառնա։

Back to top button