
Հնչեղ քրեական գործերով և տպավորիչ թվերով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը գնացել էր խորհրդարան 2023–ի տարեկան հաշվետվությունը ներկայացնելու համար։ Տպավորիչ են, սակայն, ոչ միայն, օրինակ՝ յուրացված կամ ապօրինի ճանապարհով ձեռք բերված գյուքերին առնչվող գործերը։ Անգամ իշխանական պատգամավորներն են ընդգծում, որ թմրանյութերի շրջանառության առումով 123.7 տոկոսի աճ կա նախորդ տարվա համեմատ, իսկ բացահայտելիության առումով կա նվազում։ Այդ տիպի հանցագործությունները բացահայտվել են ընդամենը 10.5 տոկոսով։ Արտաքին քաղաքականությունից մինչև ներքին աղմկահարույց և հնչեղ քրեական գործեր․ այս հարցերն են քննարկվել գլխավոր դատախազի հետ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ։
Գլխավոր դատախազության տարեկան հաշվետվության մեջ բացակայում են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ պատերազմական հանացագործություններ կատարելու հիմքով նախաձեռնված քրեական վարույթների ընթացքի մասին տեղեկությունները։ Խոսքը 19 պաշտոնյայի մասին է։ Վարույթն առնչվում է կոնկրետ ժամանակահատվածի․ ներկայացնում են 2022 թվականի դեկտեմբերի 12–ից Արցախի և Հայաստանի միջև միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը փակելու ապօրինի գործողություններից մինչև 2023 թվականի կոնկրետ ցեղասպանության կազմակերպման իրականացման վերաբերյալ փաստեր։
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հստակեցնում է՝ քննությունը շարունակվում է, բայց այդ գործով լռություն է պահպանելու․

«Վարույթը քննվում է գաղտնիության ռեժիմի սահմանափակման տակ։ Երբ վարույթ էր նախաձեռնել Քննչական կոմիտեն, այո, դրա մասին հրապարակեց, ընդհանուր գծերով նկարագրեց, որովհետև դեռևս չկար այդ սահմանափակումը, որը կա այդ վարույթի նկատմամբ: Մենք տեղեկատվությունը հրապարակային չենք կիսում, բայց հարցումների դեպքում փոխանցում ենք մեր այն գործընկերներին, որոնք այդ տեղեկատվությունը իրենց լիազորությունների շրջանակում կիրառելու անհրաժեշտություն ունեն։ Օրինակ՝ տարբեր միջազգային ատյաններում տեղեկատվությունը ներկայացնելու համար»։
Լռության քողարկված նպատակները անհանգստացնում են ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանին, բայց Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը միջազգային պրակտիկայից նմանատիպ այլ օրինակ է բերում։
Արծվիկ Մինասյան․ «Ցեղասպանության կանխարգելման Կոնվենցիայի համաձայն սա այն տեղեկությունը չէ, որ պետք է փակ լինի»։
Վլադիմիր Վարդանյան․ « Ադոլֆ Էյխմանի դատավարությունն Իսրայելում հրապարակային էր։ Բոլոր գործողությունները, որոնք տեղի ունեցան և նախորդեցին Ադոլֆ Էյխմանի պատասխանատվության կանչելուն, գտնվում էին խիստ գաղտնիքի ներքո։ Հակառակ դեպքում ոչ այդ դատավարությունը հնարավոր կլիներ, ոչ էլ՝ այս ոլորտի զարգացումը»։
Գլխավոր դատախազի լռության երկրորդ ուղղությունը առնչվում է սահմանադրական կարգի պահպանմանը, ինչպես դա մեկնաբանում է ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Նա ցանկանում էր իմանալ Աննա Վարդապետյանի կարծիքը առանց հանրաքվեի Հայաստանի սահմանները փոխելու գործընթացի վերաբերյալ։ Պատգամավորը վկայակոչում է ոչ միայն Տավուշում իրականացվող սահմանազատումը, այլև, օրինակ՝ Շուռնուխում տեղի ունեցած իրադարձությունները։ Ընդդիմադիր պատգամավորի փաստարկներին կրկին միջամտեց հանձնաժողովի նախագահը։
Արծվիկ Մինասյան․ «Այն տարածքները, որոնք այս պահի դրությամբ գտնվում են ՀՀ ինքնիշխան իրավազորության ներքո, որտեղ գործում են ՀՀ օրենքները, որտեղ գործունեություն կազմակերպող քաղաքացիները ունեն այդ հողերի օգտագործման իրավունքը և առանձին դեպքերում նույնիսկ սեփականության իրավունք։
Վլադիմիր Վարդանյան․ «Տեղեկացնեմ, որ ՀՀ օրենսդրությունը գործում է նաև մեր դիվանագիտական ներկայացուցչությունների տարածքում, բայց դրանից այդ տարածքը չի դառնում ՀՀ տարածք»։
Գլխավոր դատախազի լռության երրորդ ուղղությունը առնչվում է ապօրինի գույքի ձեռքբերման գործերով քննություններին։ Այստեղ գլխավոր դատախազը ներկայացնում է հստակ հիմնավորումներ․
«Եթե նկատել ենք, առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում դատախազությունը բացառապես դատարան ուղարկված գործերի մասին է խոսում։ Մինչդատական վարույթում մենք լուռ ենք և հնարավորինս հորդորում ենք մնացածին լինել լուռ։ Դա խանգարում է քննությանը։ Տարբեր տեսակի անձինք տարբեր եղանակներով փախչում են արդարադատությունից։ Լուռ նախաքննությունը թույլ է տալիս հանգիստ ուսումնասիրել բանկային տվյալները և հիմնավորված մեղադրանքներ տանել դատարան, մինչդեռ աղմուկի դեպքում այդ բոլոր բանկային տվյալները շատ արագ չքվում են, և մենք այդ գումարային կարողության վրա չենք կարողանում արգելանքներ դնել։ Երկու օր առաջ մենք 30 պատվիրակ ունեինք 11 եվրոպական երկրից։ Շվեյցարիա, Ավստրիա, Լյուքսեմբուրգ․ սրանք երկրներ են, որտեղ հոսել են մեր ֆինանսական միջոցները․ մենք ունենք տվյալներ այդ երկրների բանկերում Հայաստանի հետ փոխկապակցված ակտիվների մասին։ Մոտ 12 հազար էջ բանկային տվյալ ենք ստացել Ավստրիայից, Շվեյցարիայից, շատ կարևոր, հնչեղ գործով։ Մենք թույլ չենք տալիս, որ այդ գործերը «խոսեն» հիմա»։
Դատական քննությամբ ավարտված գործերով 2023 թվականին պետությանը վերադարձվել է 173 մլն դրամից ավելի գումար, իսկ մինչդատական վարույթում գտնվող գումարը 34 միլիարդից ավելի է:
Քաղաքական հնչեղություն ունեցող՝ «Մարտի 1–ի» և «Հոկտեմբերի 27»–ի գործերով ասելիք դատախազությունը ևս ունի։ «Մարտի 1»–ով նոր դիմում կա ՍԴ, ասում է Աննա Վարդապետյանը․
«Վճռաբեկ դատարանը գլխավոր դատախազի բողոքի հիմա վրա դիմել է ՍԴ՝ դատական հնարավորություն տրվի վարույթն իրականացնող մարմնին որակումը փոխելու։ Նախկին որակումը, որը ՍԴ–ն ճանաչեց հակասահմանադրական ( ՔՕ 300.1 հոդված, որն առնչվում է սահմանադրական կարգը տապալելուն – խմբ․ ) մեզ թույլ չի տալիս, որ մենք այլ հոդվածով արարքը վերավորակենք։ Հիմա սպասում ենք, թե ինչ դիրքորոշում կհայտնի ՍԴ–ն, որպեսզի հասկանանք՝ կարո՞ղ ենք արդյոք 3 նախկին պաշտոնատար անձի հետ կապված արարքը վերավորակել՝ սահմանադրական կարգի հետ կապված հանցագործությունները բերենք պաշտոնեական հանցագործությունների տիրույթ»։
«Մարտի 1»–ի գործով այս առումով, սակայն, առաջանալու են նոր իրողություններ։ Վաղեմության ժամկետի խնդիր է առաջանալու, հստակեցնում է դատախազը՝ պարզաբանելով, որ տարբերությունը արդարացնող և ոչ արդարացնող հիմքով հետապնդման դադարեցումն է։ Ոչ արդարացնող հիմքով վարույթի դադարեցման դեպքում հետևանքն առաջացրած անձի նկատմամբ որոշակի այլ ընթացակարգերով հայցային նոր պահանջներ կարող են ներկայացվել։ Սա, ըստ Վարդապետյանի՝ իրավական առումով որոշակի հնարավորություններ կտա տուժողներին։
Ինչ վերաբերում է «Հոկտեմբերի 27»–ի գործին, ապա այն վերաբացված է, նախաքննությունը շարունակվում է։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ներկայացմամբ՝ փոխվել է նախաքննական մարմինը, և այս պահին դեռ նոր տվյալ չկա ասելու։




