
Արցախից բռնի տեղահանված առանձին ֆիզիկական անձանց ոսկու գրավով վարկային պարտավորությունները կներվեն։ Պարտադիր պայման կա դրված՝ վարկը չպետք է գերազանցի 5 մլն դրամը։ Կառավարությունում պարզել են, որ վարկառուների 80 տոկոսը գրավադրել ու վերցրել է մինչև 500 հազար դրամի վարկ։ 5 մլն դրամից ավելի ոսկու գրավով վարկ ունի Արցախից բռնի տեղահանված 5 քաղաքացի։
Դեռ նախորդ տարեվերջին խորհրդարանում ֆինանսների նախարարը հատարարեց, որ երկարատև ուսումնասիրություններից և վերլուծություններից հետո Հայաստանի կառավարությունը որոշել է իր վրա վերցնել Արցախի ֆինանսաբանկային համակարգի՝ պարտատոմսերի և վարկային բեռի մի մասը։
Շուրջ 315 մլրդ դրամ պարտավորությունների վերջնական չափը վերակառուցվելու էր կառավարության և ֆինանսական կազմակերպությունների միջև՝ համապատասխանաբար 70 և 30 % համամասնությամբ: Պարզվում է՝ քաղաքացիների վերցրած վարկերը ընդհանուր պարտքի միայն մի փոքր մասն են, շուրջ 270 միլիարդը Արցախի կառավարության ու տարբեր հիմնադրամների վերցրած վարկերն են։ Եվ ահա գործադիրում որոշել են բռնի տեղահանված քաղաքացիների ոսկու գրավով վարկերը ներել՝ նրանց վերադարձնելով իրենց իրերը։
Մոտ 6 հազար քաղաքացի շուրջ 3 մլրդ (2․8 մլրդ ) դրամ վարկային պարտավորություն ունի, ասում է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը․

«Փաստացի ֆինանսական կազմակերպություններում շարունակվում է պահվել շուրջ 1800 քաղաքացու պարտավորությունների դիմաց գրավադրված մոտ 30 կգ շուրջ 7800 հատ ոսկյա իր։ Մոտ 2․3 մլրդ դրամ ընդհանուր վարկային պարտավորությունների կազմը հետևյալն է՝ մինչև 500 հազար դրամ վարկերը 5241 հատ են, 500 հազարից 1 մլն-ը՝ 718 հատ են, մեկ մլն-ից երկու մլն՝ 221, 2 մլնից 2․5 մլն՝ 25 հատ են, 2․5 մլն-ից 5 մլնը՝ 15 հատ, 5 մլն-ից ավելի ՝ 5 հատ»։
Շահառուները կարող են դիմում ներկայացնել ֆինանսների նախարարություն և պարտքի ներման համաձայնագիր կնքել։ Պարտքի ներման համաձայնագրի կնքումից հետո ոսկյա իրերը կվերադարձվեն։

Վարչապետը հստակեցնում է՝
«Որոշումը բացառպես վերաբերում է ԼՂ-ից բռնի տեղահանված մեր այն քույրերին ու եղբայրներին, որոնք այս ընթացքում հայաստանյան բանկերից ու վարկային կազմակերպություններից ստացել են ոսկու գրավադրմամբ վարկեր»։
Նիկոլ Փաշինյանը բացատրում է՝ մինչ այդ կառավարությունը վարկային պորտֆելի իրավունքներն ու պարտավորությունները վերցրել էր իր վրա, այս որոշումն այդ որոշման տրամաբանական շարունակությունն է․
«Քննարկեցինք ու որոշում կայացրեցինք, որ անտրամաբանական է հատկապես այս իրադրության մեջ, երբ մենք փորձում ենք ամեն ինչ անել, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերն ու եղբայրները հնարավորինս լավ պայմաններում հայտնվեն, մենք ահա այս որոշումը կայացրել ենք»։

Վարկառուների 80 տոկոսը գրավադրել ու մինչև 500 հազար դրամի վարկ է վերցրել։ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հստակեցնում է․
«6 հազար վարկառուի կամ 7 հազար վարկի զգալի մասը վերջին օրերին բանկերն ու ֆինանսական կազմակերպությունները վերադարձրել են։ Սա մնացորդային մասն է, մի մասը տեղափոխվել է Հայաստան։ Հիմնական մասը հենց Արցախում են վերադարձրել մարդկանց»։
Պարտքի ներման համաձայանգիր կնքելու համար Արցախից բռնի տեղահանված, ոսկու գրավով մինչև 5 մլն դրամ վարկ ունեցողները ՀՀ ֆինանսների նախարարություն դիմում կարող են ներկայացնել առձեռն, փոստով, էլեկտրոնային փոստով՝ դիմումն ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեին, կամ www.e-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով։
Դիմումի հիման վրա նախարարությունը պարտքի ներման համաձայնագիր կկազմի և դրա օրինակը ստանալու համար կծանուցի դիմումատուին ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայանալու օրվա և ժամի վերաբերյալ՝ դիմումով նշված հեռախոսահամարով կամ էլեկտրոնային փոստի հասցեով: Ծանուցագրում նշված օրը և ժամին դիմող անձը պետք է ներկայանա ՀՀ ֆինանսների նախարարություն, ստորագրի և ստանա պարտքի ներման համաձայնագրի իր օրինակը:




