
ԱԺ հաջորդ շաբաթվա լիագումար նիստի ժամանակ խորհրդարանական ընդդիմությունը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, պատրաստվում են օգտվել «ԱԺ կանոնակարգ» օրենքով սահմանված իրավունքից և հրատապ նիստ հրավիրել: Առաջարկում են քննարկել սահմանագծման և սահմանազատման գործընթացին վերաբերող հարցերը՝ խորհրդարան հրավիրելով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին ու արտգործնախարար Արարատ Միրզոյանին:
«ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ պատգամավորներն իրավունք ունեն հերթական նիստերի երեքշաբթի օրվա երրորդ հիմնական նիստում անցկացնել հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով մեկ քննարկում։ Ըստ ԱԺ հերթական նիստերի ժամանակացույցի՝ ընդդիմության նախաձեռնած քննարկումը տեղի կունենա ապրիլի 9-ին, 14:30-ին, կտևի 1.5 ժամ:
Ընդդիմադիրներն առաջարկում են քննարկել սահմանագծման և սահմանազատման խնդիրները և որպես հիմնական զեկուցող խորհրդարան հրավիրել հայ-ադրբեջանական հանձնաժողովի աշխատանքները համակարգող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին և արտգործնախարար Արարատ Միրզոյանին։
Ընդդիմադիրների համոզմամբ՝ իշխանության ներկայացուցիչների՝ Տավուշում իրականացվելիք գործողություններին նախորդած հայտարարությունները մտահոգիչ են։
«Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Գեղամ Մանուկյանը վկայակոչում է մի փաստաթուղթ, որն անտեսվում է Ադրբեջանի հետ ընթացող բանակցություններում: Պատգամավորը պնդում է, որ փաստաթուղթը փոխանցվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակ: Այն կներկայացվի նաև առաջիկա հրատապ քննարկման ժամանակ:
«Շատ կարևոր փաստաթուղթ է. 1988 թվական, հունվար: Ստորագրել է Ադրբեջանի նախարարների խորհրդի նախագահի տեղակալ և Հայաստանի կողմից հանգուցյալ Վլադիմիր Մովսիսյանը: Հայաստանի և Ադրբեջանի ՍՍՀ-ների միջև սահմանագծման համաձայնություն է, որը ստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների կողմից, վավերացվել է Մոսկվայի կողմից: Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները քննարկել են, հստակ ամրագրել են սահմանագծումն ու սահմանազատումը, մի կետով էլ ասում է՝ Բաղանիսի և Ոսկեպարի սովխոզներին վերադարձվում են համարժեք տարածքներ, որոնք հող են հատկացվել Ասկիպար գյուղի տների կառուցման համար: Այս փաստաթղթի վրա աշխատել են 1969 թվականից: Երկու հարևան, որ իրար հետ կռվում են հողի մեկ սանտիմետրի համար ամեն մեկը գնում է արխիվ, կադաստր, մահվան թղթեր է հանում, ատամներով պաշտպանում է իր փաստաթուղթը»:
Պատգամավորը վկայակոչում է նաև միջազգային իրավունքը, մասնավորապես, ԵԱՀԿ քարտուղարության ընդունած փաստաթուղթը, որով հստակ ամրագրվում է, որ սահմանազատում կարող է տեղի ունենալ իրար նկատմամբ փոխադարձ վստահություն ունեցող երկրների միջև: Ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիայի և միակողմանի զիջումներ պարտադրելու պայմաններում նման վստահության մասին խոսելն այս պահին ընդդիմությունն անիմաստ է համարում:
Այս ամենին «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հավելում է սահմանազատման հատվածական լուծումների դեպքում ընթացակարգերի խախտման հավանականությունը:
«Որովհետև չկա Ադրբեջանի հետ որևէ համաձայնագիր, որևէ քարտեզ չկա և այս ամենը չիրականացված, կարծում եմ, նաև սահմանադրական նորմի խախտում է, հանցագործություն է: Առանց վերջնական համաձայնության և փոխադարձության սկզբունքի պահպանման հատվածական սահմանազատումն ու սահմանագծումը ամբողջությամբ բխում է Ադրբեջանի շահերից: Հատկապես Տավուշի մարզից սկսելը հանգեցնելու է ՀՀ ամենանախապատրաստված առաջնագծի հնարավորությունների նվազեցմանը և այդ հատվածում հավելյալ վտանգներ են առաջանալու»:
Սահմանագծման և սահմանազատման հարցերով հնչող քննադատություններին խորհրդարանական մեծամասնությունից Վաղարշակ Հակոբյանն արձագանքում է՝ գործընթացում հայկական կողմը նույնպես ունի առաջարկներ և պահանջներ:
«Խնդիրը պրոպագանդան է, որին ենթարկվում է այս գործընթացը հենց ներհայաստանյան տարբեր ուժերի կողմից: Ես չգիտեմ՝ այդ ուժերն իրենց պատվերները որ երկրներից և որ ուժային կենտրոններից են ստացել, բայց խնդիրն այն է, որ ինֆորմացիան խեղաթյուրվում է: Սա մի գործընթաց է, որը երկուստեք սահմանների ճանաչում է ենթադրում և այստեղ ընդհանրապես կարևոր չէ, թե տարբեր կառույցներ ինչ հայտարարություններ են անում: Այստեղ կարևոր է, որ միջազգային լեգիտիմ գործընթացի արդյունքում մենք կարողանանք մեր սահմանը դարձնել անվտանգ: Ընդ որում՝ եթե լինի այդ սահմանագծումը, երկկողմանի ճանաչումը, սահմանին այլևս երբեք վտանգ չի սպառնա, և մենք չենք ունենա այն ռազմական վտանգները, որ միգուցե ունենք այսօր, ունեինք երեկ»:
Հայաստանի իշխանությունները, սակայն, այս պահին դեռևս հավաստիացում չունեն Ադրբեջանից, որ վերջինը նույնպես պատրաստ է գործընթացի արդյունքում իր զորքերը հետ քաշել Հայաստանի օկուպացրած տարածքներից:




