Երաժշտական եռանկյունի

Ջազի ուղիներով. Աննա Վարդազարյան

Ջազային երգչուհի, Հանրային ռադիոյի  էստրադային սիմֆոնիկ նվագախմբի մեներգչուհի Աննա Վարդազարյանը ծնվել է երաժշտական ընտանիքում, հայրը անվանի կոմպոզիտոր, հայկական էստրադային և ջազային երաժշտության բնագավառում մեծ ավանդ ունեցած կոմպոզիտոր Մարտին Վարդազարյան է։

«Իմ մուտքը երաժշտության աշխարհ պայմանավորված էր առաջին հերթին այդ հանգամանքով։ Կրթություն եմ ստացել որպես դաշնակահարուհի և չնայած ջազն ու էստրադան մեր տան մթնոլորտի անբաժանելի մասն էին, ավելի լավ էի ինձ զգում դասական երաժշտության տիրույթում», — խոստովանում է երգչուհին։

Ծնողների շփման շրջանակը, հայտնի արտիստների ելումուտը, ընտանեկան հավաքները և բազմաթիվ համերգներն ու այլ նշանակալից երաժշտական իրադարձությունները տարիների ընթացքում հղկում և ձևավորում էին Աննա Վարդանյանի վերաբերմունքը թեթև երաժշտական ժանրերի նկատմամբ։

Անդրադարձը ջազին եղավ բավականին ուշ, 2000-ականների սկզբին, երբ Աննայի ընտանիքը տեղափոխվեց Մոսկվա, և հենց այստեղ նա առաջարկ ստացավ կատարել ջազային ստանդարտները հանրահայտ ԷՍՍԵ ջազային ակումբում։ Հանդիսատեսի արձագանքը և ընդունելությունն այնպիսին էին, որ երգչուհին որոշեց շարունակել «էքսպերիմենտը» և շատ կարճ ժամանակահատվածում ստեղծեց սեփական երգացանկը՝ համագործակցելով Մոսկվայի լավագույն ջազմենների հետ։ Կարծես ինքնաբերաբար ձևավորվեց անհրաժեշտությունը ձայնագրելու հոր՝ Մարտին Վարդազարյանի երգերը, և ծնվեց առաջին ստուդիական ալբոմը։

Ճակատագրի բերումով ընտանիքը վերադառնում է Հայաստան, և Աննան, որն արդեն հղկել էր իր և՛ վոկալ տեխնիկան, և՛ իմպրովիզացիոն արվեստը, ամենաակտիվ կերպով ներթափանցում է հայկական ջազային իրականության մեջ՝ հանդես գալով բոլոր ջազային հարթակներում՝ ակումբներ, փառատոներ, համերգային սրահներ։ Սկսում է հայ երաժիշտների հետ համագործակցության շրջանը, բազմաթիվ սեյշըններ, հեռուստատեսային և ստուդիական ձայնագրություններ, հրավեր` համագործակցելու հանրային ռադիոյի նվագախմբի հետ։ Այնուհետև ստանում է հրավեր անվանի կոմպոզիտոր Կոմպոզիտոր Կոնստանտին Պետրոսյանի կողմից՝ ձայնագրել իր լեգենդար «Կոնցերտը ձայնի և բիգ բենդի համար»։

Աննա Վարդազարյանը հայաստանյան եզակի ջազային երգչուհիներից է, որի ստեղծագործությունը հատուկ հմայք է  ավելացնում երկրի ջազային գունապնակին։

Back to top button