
Ռուսաստանաբնակ այգեձորցիների ներդրումներով, ինչպես նաև տարբեր համագործակցությունների (Կառավարություն, Բերդի համայնքապետարան) շրջանակում Այգեձոր բնակավայրում վերջին տարիների ընթացքում մի շարք մեծածավալ աշխատանքներ են իրականացվել: Այս պահին ընթացքի մեջ են հացատան շինարարական աշխատանքները, հայտնում են Բերդի համայնքապետարանից։


«Գյուղի գերեզմանատանը կից, համայնքային սեփականություն հանդիսացող հացատունը գտնվում էր վատթար վիճակում, և այն հիմնանորոգելու խիստ անհրաժեշտություն էր առաջացել: Ռուսաստանաբնակ այգեձորցիների՝ ավելի քան 16 մլն. ՀՀ դրամի սահմաններում կատարած ներդրումների շնորհիվ այժմ կառուցվում է միանգամայն նոր՝ 250 հոգու համար նախատեսված հացատուն՝ իր օժանդակ կառույցներով: Հիմնանորոգվել է նաև «Գոմեր» թաղամասում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հացատունը: Աշխատանքներն իրականացվել են թաղամասի ռուսաստանաբնակ մեր հայրենակիցների ներդրումների շնորհիվ: Այն կազմում է 3 մլն ՀՀ դրամ: Իմ երախտագիտությունն եմ հայտնում բոլորին՝ կարևոր ներդրումների, Արման Ապրեսյանին և Սամվել Մակինյանին՝ նաև կազմակերպչական աշխատանքները պատշաճ իրականացնելու համար»,-տեղեկացրել է Այգեձոր գյուղի վարչական ղեկավար Լորիս Միրզոյանը:


Վարչական ղեկավարը ներկայացրել է նաև 2023թ.-ի ընթացքում ներդրումների շնորհիվ իրականացված աշխատանքները. «Սամվել Ղարախանյանի բարերարությամբ կառուցվել է գյուղի Սբ. Հովհաննես Եկեղեցին, Գերասիմ Միրզոյանի միջոցներով 2023 թ.-ին հյուրատուն և գազալցման կետ է կառուցվել, Արման Ապրեսյանի միջոցներով՝ առևտրի սրահ, կից դեղատուն և ռեստորան»:
Ռուսաստանաբնակ այգեձորցիների և Բերդի համայնքապետարանի համագործակցությամբ առաջիկայում նախատեսվում է իրականացնել ճանապարհաշինական աշխատանքներ:


Լորիս Միրզոյանի խոսքով՝ «Հիմնանորոգվելու են «Ղամանց ձոր», «Միջին թաղ», «Մրմնջանի թաղ» թաղամասերի ճանապարհները և 10-րդ փողոցի մի հատվածը, որը տանում է դեպի գյուղի հանգստի գոտիներ: Այգեձորի 11 փողոցներից 8-ը ասֆալտապատվել և սալիկապատվել է, և նշված թաղամասերի ճանապարհները վերանորոգելուց հետո գյուղի բոլոր թաղամասերը բարեկարգ կլինեն»:
Վերջին տարիներին գյուղում մեծածավալ ճանապարհաշինական աշխատանքներ են իրականացվել պետություն-համայնք-ռուսաստանաբնակ այգեձորցիներ արդյունավետ և հաջողված համագործակցության արդյունքում:
Մասնավորապես՝ սուբվենցիոն ծրագրերի շրջանակում՝ Կառավարության, Բերդի համայնքապետարանի և ռուսաստանաբնակ այգեձորցիների համաֆինանսավորմամբ՝ 2022 և 2023 թթ.-ին Այգեձորում հիմանորոգվել(ասֆալտապատում) և վերանորոգվել(սալիկապատում) են ընդհանուր 5 կմ երկարությամբ ներբնակավայրային ճանապարհներ:




