ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Միակողմանի զիջումնե՞ր, թե՞ երկարատև խաղաղության ապահովում. սահմանազատման մեկնարկը Տավուշից խորհրդարանական ճեպազրույցների առանցքում էր 

Քարտեզների ընտրությունն ամենաբարդ խնդիրն է, որին պետք է հասնել բանակցությունների ընթացքում՝ ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Տավուշում սահմանազատման գործընթացին։

Առանց վերջնական համաձայնության և փոխադարձության սկզբունքի պահպանման՝ հատվածական սահմանագծումն ու սահմանազատումը, խորհրդարանական ընդդիմության պնդմամբ, ամբողջությամբ բխում են Ադրբեջանի շահերից։ Դա պետական հանցագործություն է, որի մասնակիցները պետք է պատասխանատվություն կրեն՝ խորհրդարանական ճեպազրույցներում թեմայի քննարկումների ժամանակ հայտարարել են ընդդիմության ներկայացուցիչները։ Ըստ իշխանական պատգամավորների՝ հիմա թեման ավելի շատ շահարկվում է, մինչդեռ, իշխանությունը գնում է ո՛չ թե միակողմանի լուծումների, այլ՝ երկարատև խաղաղության խնդրի լուծման ճանապարհով։

Կան բազմաթիվ քարտեզներ և դրանք էլ անընդհատ փոփոխման կարիք են զգում՝ ԱԺ պատգամավոր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, բացատրում է, թե ինչու է քարտեզների ընտրությունն ամենաբարդ խնդիրը սահմանազատման և սահմանագծման գործընթացում.  

«Քանի որ կարող է գետի հուն փոխվի, սարի հետ կապված փոփոխություններ լինեն, հանքարդյունաբերությունը փոխում է բնական ներկայացվածությունը նաև թղթի վրա, այսինքն՝ քարտեզը միշտ փոփոխվում է։ Հիմա պետական սահման գծելու ծրագիր է իրականացվում հատվածական։ Այս ընթացքում այնքան  քարտեզի թեման չի շահարկվում, որքան այն, թե Հայաստանն իր տարածքն է զիջում։ Հայաստանը զիջելու ոչինչ չունի»։

Խորհրդարանական ընդդիմությունը, մինչդեռ, պնդում է, որ առանց վերջնական համաձայնության և փոխադարձության սկզբունքի պահպանման, հատվածական սահմանազատումն ու սահմանագծումը ամբողջապես բխում է Ադրբեջանի շահերից։ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը նաև պնդում է.

 «Ես կարծում եմ՝ այս ընթացակարգի խախտումը նաև սահմանադրական նորմի խախտում է՝ հանցագործություն է, և գտնում եմ, որ այս գործընթացի մեջ ներառված մարդիկ պետք է պատասխանատվություն կրեն»։  

Նշենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ սահմանազատման համար համաձայնեցված քարտեզներ չկան՝ միաժամանակ նշելով, որ Տավուշի Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց գյուղերից է սկսվելու սահմանազատումը։ Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանական ճեպազրույցում հստակեցրեց, թե որն է այն տրամաբանությունը, որով շարժվում է իշխանությունը.

 «Հայաստանի գործող իշխանությունները շարժվում են պարզ  սկզբունքով՝ այն, ինչը մերն է՝ մերն է, բայց դա պետք է արձանագրել երկկողմանի համաձայնագրի շրջանակներում։ Այսինքն՝ այն, ինչ-որ մենք գիտենք միջազգայնորեն ճանաչված  սահմանագծման արդյունքում, դա պետք է ընդունի նաև հակառակ կողմը»։

Ընդդիմության համոզմամբ՝ սահմանագծումը հատկապես Տավուշի մարզից սկսելը հանգեցնելու է ՀՀ-ի ամենանախապատրաստված առաջնագծի հնարավորությունների նվազեցմանը, և այդ հատվածում հավելյալ վտանգներ են ստեղծվելու սահմանամերձ բնակավայրերի բնակչության համար։ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը համոզված է՝ Տավուշի 4 գյուղերի հանձնումով ռազմավարական նշանակություն ունեցող այդ ճանապարհահատվածի նկատմամբ վերահսկողություն է հաստատում Ադրբեջանը, ինչը բազմապատկելու է ՀՀ-ի անվտանգության սպառնալիքները։

«Կարծում եմ, որ և՛ ՀՀ-ում, և՛ սահմանամերձ բնակավայրերի բնակիչները, և բանակում կան խելացի մարդիկ, որոնք որ այս անօրինական գործընթացից կարող են հրաժարվել։  Ամենակարևորը՝  սահմանագծում և սահմանազատում գործընթացը հատվածական իրականացնելը նշանակում է, որ այդ հատվածի վրա պարտադրանք գոյություն ունի, նշանակում է, որ այդ գործընթացից հետո մենք չենք կարող վստահ լինել, որ ադրբեջանական ստորաբաժանումները այլ հատվածներից հետ են քաշվելու»։  

Իշխող խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը շեշտում է՝ հիմա շատ է շահարկվում, թե այս լուծումներին իշխանությունը գնում է միակողմանի.

«Բացարձակ, միակողմանի չի կարող լինել։ Մենք դեռ  անցնելիք ճանապարհ ունենք՝ պարզելու, թե որն է մերը, որը՝ իրենցը։ Այ, դա է խնդիրը, որ բաժանումն այնպես պետք է լինի, որ երկարատև խաղաղության խնդիրը լուծի»։    

ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Աննա Մկրտչյանի դիտարկումը․ «Եթե անգամ ինչ-որ տեղ գտնվում են այդ քարտեզները, դրանք չեն կարող միջպետական սահմանի սահմանազատման, առավել ևս՝ երկկողմ պայմանագրի հիմք հանդիսանալ, որովհետև դրանք Սովետական Միության ներքին օրենսդրությանը համապատասխան գծված քարտեզներ են։ Դրանք եղել են Խորհրդային համայնքների կամ այդ համայնքային միավորների ժողովների կողմից ընդունված քարտեզներ, որոնք որևէ կերպ միջպետական սահմանի գծման կամ պետությունների միջև սահմանի որոշման հետ կապ չունեն»։    

Չխճճելու ու չխճճվելու համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արթուր Հովհաննիսյանն իր հերթին շեշտում է. «Կարևոր է ֆիքսել հետևյալ սկզբունքը՝ այն, ինչը գտնվում է ՀՀ-ի միջազգայնորեն ճանաչված սահմաններից ներս, Հայաստանի Հանրապետությանն է և, որևէ մեկը չի պատրաստվում և չի կարող հանձնել որևէ հողակտոր։ Ինչը դուրս է գտնվում այդ սահմաններից, ուրեմն՝ դուրս է գտնվում»։

Ինչ վերաբերում է չհամաձայնեցված քարտեզներով սահմանագծման ու սահմանազատման գնալուն՝ Արթուր Հովհաննիսյանը նկատում է. «Վարչապետը նշեց, որ դա մեր պատկերացումների քարտեզ չէ, որ ինչ-որ մի թվականի կոնկրետ քարտեզ պետք է լինի, այլ՝ տարբեր թվականների քարտեզներ գոյություն ունեն, տարբեր թվականների իրավական հիմքեր, որոշումներ գոյություն ունեն, որոնցով ձևավորվել են ԽՍՀՄ սահմանները, որոնք Ալմաթայի հռչակագրով պետք է հիմա դառնան մեր պետական սահմանները։ Սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովում հասցեագրվում են այս հարցերը, և առաջ ենք շարժվում՝ հաշվի առնելով բոլոր հնարավոր ռիսկերը, որոնք գոյություն ունեն»։

Ռիսկեր միշտ էլ գոյություն ունեն, չենք ասում, որ առանց ռիսկերի ճանապարհով ենք շարժվում՝ հավելեց իշխանական պատգամավորը, եզրափակելով՝ ռիսկեր ու մարտահրավերներ կան ու հենց այդ մարտահրավերները լուծելու համար են այդ ճանապարհով շարժվում։

Կարդացեք նաև

Back to top button