
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքների մեկնարկը ժամանակային առումով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժվարանում է հստակեցնել, բայց չի բացառում, որ այդ աշխատանքները գործնականում սկսվեն Տավուշի մարզից։ Հնարավոր փոփոխությունների առնչությամբ Փաշինյանը հանձնարարականներ արդեն տվել է․ այս մասին վարչապետը խոսել է այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ։ Նիկոլ Փաշինյանը հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին պատասխանել է շուրջ երեքուկես ժամ։ Նրան ուղղվել է երկու տասնյակից ավելի հարց՝ արտաքին քաղաքական ու անվտանգային խնդիրներից մինչև ներքաղաքական հարցեր ու Սահմանադրության փոփոխություն։
Ադրբեջանի դեմ միջազգային ատյաններում դատական հայցերից հրաժարվելու հավանականություն կա, հաստատել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այդ հարցը բանակցություններում քննարկվել և քննարկվում է։ Հայկական կողմը, սակայն, ունի հստակ պատկերացում, թե որ դեպքում կդիմի այդ քայլին։
«Դա մի հարց է, որը կարող է քննարկվել ամենավերջում, երբ ըստ էության, խաղաղության պայմանագրի դրույթները արդեն իսկ համաձայնեցված կլինեն և արդեն ակնհայտ կլինի, որ երկու կողմերը պատրաստ են դրանք ստորագրել։ Եվ դա տրամաբանական է, որովհետև եթե կողմերը կնքում են խաղաղության պայմանագիր ինչո՞ւ են շարունակում իրավական պատերազմները իրար դեմ։ Ես չեմ բացառում երկուստեք նման լուծման գնալու։ Խոսքը չի վերաբերում միայն ՀՀ–ին։ Իսկ եթե չեն կնքում խաղաղության պայմանագիր, ՀՀ համար դա մի գործոն է, որը կարևոր է նաև մեր ասելիքը և մեր օրակարգը առաջ մղելու համար»։
Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի 4 միջպետական գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ, ևս մեկ գանգատ ընդդեմ Ադրբեջանի քննվում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում: Ադրբեջանը Հայաստանի դեմ ներկայացրել է երկու հայց, որոնք, ըստ մասնագետների, թույլ են և հեռանկար չունեցող:
Փաշինյանն ասում է՝ այնպես չէ, որ բանակցային սենյակի մթնոլորտը «պոզիտիվ է»։ Անգամ հարաբերությունների կարգավորման սկզբունքների հաստատումից և Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին բանավոր հայտարարություններից հետո հստակություն չկա, թե այդ ձևակերպումների տակ ինչ են հասկանում կողմերը։
Ինչ է հասկանում Հայաստանը հարցին Փաշինյանը նաև վիզուալ պատասխան էր պատրաստել։ Ասուլիսին ներկայացել էր Հայաստանի քարտեզի այն մակետով, որը համապատասխանում է Ալմաթիի հռչակագրին, ԽՍՀՄ փլուզումից հետո ամրագրված 29 800 քկմ–ին, որի մեջ փոքրիկ կտորով մտնում է նաև Ադրբեջանում ունեցած անկլավը։ Ասուլիսի ընթացքում վարչապետը բազմիցս դիմեց քարտեզի օգնությանը՝ ցուցադրելով այն և հայտարարելով։
«ՀՀ–ն սա է և սա։ Ադմինիստրատիվ սահմանից ինչը որ գտնվում է դեպի այն կողմ, պայմանական ասած Ադրբեջան է, ինչ գտնվում է դեպի այս կողմ՝ Հայաստան»։
Թե որ կողմում են գտնվում այն գյուղերը, որոնք Ադրբեջանը Հայաստանից դեռ պահանջում է՝ հրապարակելով դրանց ադրբեջանական անվանումները, դեռ պարզ չէ։ Վարչապետը միայն հստակեցնում է, որ Տավուշի մարզի ադմինիստրատիվ սահմաններում գտնվող որևէ գյուղի փոխանցումը Ադրբեջանին բացառում է։ Սակայն այդ հատվածում կան ճանապարհներ, որոնք փոխվելու են, քանի որ այս պահի դրությամբ կոմունիկացիաների մի հատված անցնում է Ադրբեջանի տարածքով։ Փաշինյանը հավանական է համարում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծումն ու սահմանազատումը սկսվեն հենց Տավուշի հատվածից։
«Անընդունելի և անհեթեթ խոսակցություն է, որ Տավուշի մարզից որևէ բնակավայր կարող է հանձնվել։ Բայց երբ վերցնում ենք այս քարտեզը, այս քարտեզի վրա ճշգրիտ տեսնում ենք, որ օրինակ, Ոսկեպար գյուղի հատվածում ճանապարհի մի կտոր դե յուրե Հայաստանի գիծը հատում է, հետո նորից մտնում է Հայաստանի տարածք։ Նախկին քննարկումներում այդպիսի ֆոն կար, որ այդ հարցը լուծենք հետևյալ կերպ․ այդ ճանապարհի հատվածը պահենք, ուրիշ տեղից համարժեք չափով տանք և այլն, և այլն, բայց մենք հետագայում, հիմա ես ինքս եկել եմ այն եզրակացության, որ պետք չէ այդպես վարվել, որովհետև դա ստեղծում է լրացուցիչ անորոշություններ։ Փոքր մի քանի կտոր կա, ոչինչ, մի քիչ կվերակառուցենք այլ կերպ։ Արդեն այդ հանձնարականը տվել եմ, նաև առաջիկայում պատեհ առիթով կգնամ և այս մեր գյուղերի բնակիչներին կբացատրեմ, թե ինչ եմ մտածում և ինչու եմ այդպես մտածում»։
Ինչը և ինչուն մանրամասնվեցին այլ հարցերի պատասխաններում։ Խաղաղության օրակարգի լինել– չլինելը, վարչապետի ձևակերպմամբ, համարժեք է Հայաստանի լինել–չլինելու հարցին։ Փաշինյանը համոզված է, որ «խաղաղության օրակարգից երբեք, ոչ մի պարագայում չպետք է հրաժարվել», իսկ այն քարտեզը, որն ասուլիսի ընթացքում վարչապետի ձեռքին էր, մեր պաշտպանության ռազմավարությունն է ։ Ըստ նրա՝ «այն, ինչ արտահայտված է քարտեզում, լիարժեք ու աներկբա լեգիտիմ է», և լեգիտիմությունն է այն գործոնը, որը պետք է չափավորի բոլոր ախորժակները՝ «այդ թվում` նաև մեր»՝ ասում է Փաշինյանը:
«Փոխվող գլոբալ աշխարհում կենսունակ կգտնվեն այն պետությունները, ովքեր այդ գլոբալ փոփոխությունների հետ փոխվելու ընդունակություն ունեն և ուժ ունեն իրենց մեջ փոխվելու, փոխելու իրենց դիտանկյունը, փոխելու իրենց պատկերացումը կամ առնվազն հարցականներ դնելու և այդ հարցերի պատասխանների հետևից գնալու»։
Այսպես է վարչապետը բացատրում նաև Հայաստանի նոր Սահմանադրություն մշակելու առաջարկը՝ այն որևէ կերպ չկապելով ադրբեջանական պահանջների հետ։ Հակառակ նախօրեին տարածված լուրի, թե նոր Սահմանադրության հայեցակարգը պատրաստ է, վարչապետ Փաշինյանն ասում է, որ որևէ հայեցակարգ կամ նախագիծ դեռ չկա, կա պարզապես այդ հարցը քննարկելու առաջարկ, իսկ հանրաքվե կլինի միայն այն ժամանակ, երբ կզգան, որ հանրություն իրազեկված է և պատրաստ առաջարկվող փոփոխություններին։
Ասուլիսին անդրադարձ եղավ նաև հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից Էդմոն Մարուքյանի հեռանալուն և բերված հիմնավորումներին։ Եթե վերջինը պնդում է, որ տարաձայնություններ է ունեցել իշխանության հետ վարվող արտաքին քաղաքականության և բանակցային գործընթացում զիջողական, հարմարվող քաղաքականության պատճառով, ապա Փաշինյանը հակադարձում է այլ հարթությունում։ Չանդրադառնալով մեղադրանքներին՝ վարչապետը հայտարարում է, որ ինքն է դժգոհ եղել Մարուքյանի աշխատանքից, տեղեկացրել է նրան դրա մասին և չի տվել որևէ հանձնարարական։




