ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Հարցազրույցի իմիտացիա՝ քաղաքական նպատակներով․ թե ինչպես է դա արվում, գիտեն Բաքվի բանտերում հայտնվածները

Հերթական շոուի մասին է անոնսում Բաքուն՝ տեղեկացնելով, որ ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը հարցազրույցներ է արել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների հետ։ Թե ինչ բովանդակություն է մատուցվելու հարցազրույցներով, դեռ պարզ չէ, բայց պարզ է, թե ինչու է տարածվելու այդ բովանդակությունը։ Մասնագետները հորդորում են գերզգույշ  լինել դրանց մեկնաբանությունների հարցում, հիշել, որ այդ բովանդակությունը տարածվում է Բաքվի քաղաքական նպատակները սպասարկելու համար։ Գնահատականը սեփական փորձառությամբ հաստատում են նաև ադրբեջանական բանտերում գոյատևած հայ կամ օտարերկրացի բանտարկյալները, որոնք գերությունից վերադառնալուց հետո սարսափելի իրականության մասին են պատմել։

Կասկածից վեր է, որ այն, ինչ ցուցադրում կամ ներկայացնում է Ադրբեջանը հայ գերիների նկարների, տեսագրությունների ու հարցազրույցների միջոցով, իրականության  խեղաթյուրված պատկեր է, քարոզչական նպատակներով տարածվող կեղծիք։ Մասնագետները կասկած չունեն՝ հարցազրույցները ճնշումներով, պարտադրանքով ու սպառնալիքներով ստեղծված բովանդակություն ունեն։

Բաքուն հերթական շոուն է բեմադրել՝ տեղեկացնելով, թե ադրբեջանական AzTV-ն հարցազրույցներ է վարել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի հետ։ Առայժմ միայն հարցազրույցների անոնսներն են տարածվել, բայց դժվար չէ ենթադրել, թե ինչ բովանդակություն են ունենալու բուն հարցազրույցները։ Դրանք քննարկելիս ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը հորդորում է զգույշ լինել։

«Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության թեմայով ադրբեջանական նյութերը օգտագործելը շատ մեծ զգոնություն ու զգուշավորություն է պահանջում, պետք է հասկանալ, որ այդ ամենը մեր դեմ մղվող տեղեկատվական, հոգեբանական պատերազմի մաս է։ Նպատակը նրանց հարցազրույցները հայ հանրության դեմ օգտագործելն է։ Անկախ այդ անձանց հանդեպ մեր անհատական վերաբերմունքից, պետք է հասկանալ, որ նրանք գտնվում են ճնշումների ներքո, բարդ իրավիճակում»։

Թե ինչ բովանդակություն է մատուցվելու հարցազրույցներով, դեռ պարզ չէ, բայց պարզ է, թե ինչու է տարածվելու այդ բովանդակությունը։

Թեմային սեփական փորձառությամբ բազմիցս անդրադարձել է ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինը։ Բաքվի բանտից ազատ արձակվելուց  հետո նա մանրամասն պատմել է, թե ինչպես էին իրեն նկարահանումների համար տեղափոխում  էլիտար խուց, ստիպում ժպտալ, հետո դարձյալ իրական խուց տեղափոխում, որտեղ տարրական պայմանների բացակայությունն էր ու կտտանքների ռեժիմը։ Ադրբեջանական բանտում  յոթ ամիս անցկացնելուց հետո  Լապշինը գրում է՝ Հայաստանում բնակվողները բացարձակ չեն հասկանում, թե ինչ է Ադրբեջանը, ովքեր են ադրբեջանցիները և ինչ է Ալիևի ռեժիմը։

«50 օր գերության մեջ» վերնագրով գրքով  ադրբեջանական գերության մասին  պատմել է նաև  հոգևոր հովիվ  Հովսեփ տեր Սահակյանը։ Նա 44-օրյա պատերազմի ժամանակ գնացել էր Արցախ՝  աջակցելու հայ զինվորներին , սակայն վիրավորվել ու գերի էր ընկել։ Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքում գրել է նաև հոգևորականի հետ հանդիպման մասին։   

«Նա ծանր վիրավորվել է, գերեվարվել Ադրբեջանի կողմից, դաժան խոշտանգումների ու բռնությունների ենթարկվել։ Նրան և մյուս գերեվարված հայերին մահվան սպառնալիքի ներքո ստիպել են տեսախցիկի առաջ ասել՝ «Ղարաբաղը Ադրբեջան է» «Մեզ խաբել են՝ տանելով ռազմաճակատ՝ ընդդեմ եղբայրական ադրբեջանական ժողովրդի»։ Հետո նրան տարել են Բաքվի եկեղեցի՝ շոուի, իբր «հանդուրժողականություն» ներկայացնելու, ցույց տալու, թե ինչպես են ադրբեջանցիները հարգում քրիստոնեությունը և բանտարկյալին թույլ են տալիս աղոթել եկեղեցում»։

Հայ հոգևորականը Հայաստան վերադարձած 44 հայ գերիների խմբում է եղել։ Մեջբերելով նրա հետ հանդիպումից հատվածներ՝ Լապշինը  գրում է, որ  ադրբեջանցիներն իր հետ վարվել են այնպես, ինչպես հայ գերիների հետ, անգամ նույն Քուրդախանի բանտում են պահել։

«Կասկածից վեր է, որ հայերը ենթարկվել են սարսափելի կտտանքների ու բռնությունների. նրանց վիրավորներին ծեծել են, տանջել։ Ինձ հետ նման բան չի եղել, ադրբեջանցիները վախենում էին ինձնից՝ հասկանալով, որ եթե ես մահանամ իրենց բանտում, դա կբարդացնի իրենց հարաբերությունները Իսրայելի հետ։ Պատահական չէ, որ Քուրդախանի բանտում իմ վրա հարձակումից երկու ժամ անց բռնապետ Ալիևն ինձ ներում շնորհեց և արագ ուղարկեց Թել Ավիվ»։

Հետագայում Եվրոպական դատարանը 2021 թվականի մայիսի 20-ի որոշմամբ Լապշինի անունից գրված նամակները կեղծ է համարել, իսկ Ադրբեջանի իշխանություններին պատասխանատու համարել  ապօրինի ձերբակալության, խոշտանգումների և սպանության փորձի համար։

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության հետ ադրբեջանական հեռուստաընկերության հարցազրույցների մասին անոնսների տարածումը  քարոզչական դաշտում է դիտարկում։

«Կոնկրետ նորմ չկա, որն արգելում է նման հարցազրույցները, մյուս կողմից՝ իշխանությունները փորձում են ներկայացնել հանրությանը, որ թեև անազատության մեջ են, բայց նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Սա մակերեսորեն։ Հումանիտար իրավունքը որոշակի սահմանափակումներ է նախատեսում կալանքի տակ գտնվող ռազմագերիների պատկերներ լուսանկարներ հրապարակելու հարցում, այնքանով, որքանով դա չի արվի նրանց արժանապատվությունը ոտնահարելու արդյունքում՝ ցույց տալով նրանց կյանքի պայմանները։ Եվ ամենակարևոր հարցն այն է, որ պետք է նրանց համաձայնությունը լինի։ Եթե մարդը անազատության մեջ տալիս է հարցազրույց, բոլորը հասկանում են, առավել ևս դատարանները, որ դրանց արժանահավատությունը ի սկզբանե կասկածի տակ է, որովհետև մարդը անազատության մեջ է»։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Սարիբեկյանի և նրա իրավահաջորդների ներկայացուցիչ , միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը հիշեցնում է նաև 2010 թ. սեպտեմբերի 11-ին անասուններին փնտրելու հետևանքով Ադրբեջանում հայտնված Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ 20-ամյա Մանվել Սարիբեկյանի գերության ընթացքում տված հարցազրույցի հրապարակման դեպքը։

«Նախ՝ պետք է հնարավորություն տրվի, որ նրանք խոսեն իրենց հարազատների հետ, բացի դրանից՝  նրանք պետք է կարողանան իրենց կամքով  ընտրել փաստաբանին, դա իրավունք է։ Եթե Ադրբեջանն այդ իրավունքները չի հարգում, ինչ խոսք կարող է լինել հարցազրույցի մասին, որով փորձում են ցույց տալ, թե նրանք վայելում են որոշակի ազատություն։ Սարիբեկյանի օրինակը մեջբերեմ, երբ նա կարդում էր ինչ-որ տեքստ, Հայաստանից հնարավոր եղավ ապացուցել, որ այդ տեքստն ամբողջական չէ, որ նա ոչ թե հարցազրույց է տալիս, այլ դիմացը դրած տեքստ է կարդում, այսինքն՝ հարցազրույցի այդ իմիտացիան ծանոթ  է և դատավարությունների ընթացքում դրանք հերքվել են ։ Առայժմ երկու օրինակ ունենք՝ Լապշինը և Սարիբեկյանը, որոնց վերաբերյալ կան դատական որոշումներ»։

Առնվազն պետք է կասկածով վերաբերվել հարցազրույցների արժանահավատությանը՝ պնդում է միջազգային իրավունքի մասնագետը, նկատելով, այս դեպքում դրանք միայն Բաքվի քաղաքական նպատակներին են ծառայում։

Կարդացեք նաև

Back to top button