
Նոր Զելանդիայում Հայաստանի դեսպան Արեգ Հովհաննիսյանը (նստավայրը՝ Տոկիո, Ճապոնիա) Օքլենդում Հայաստանի պատվո հյուպատոսության պաշտոնական բացման կապակցությամբ աշխատանքային այց է կատարել Օքլենդ, հայտնում են Ճապոնիայում ՀՀ դեսպանությունից:
Մարտի 2-ին դեսպանը ներկա է գտնվել հայ համայնքի մասնակցությամբ Ավստրալիայի և Նոր Զելադիայի Հայոց թեմի առաջնորդ Հայկազուն Արքեպիսկոպոս Նաջարյանի կողմից մատուցված սուրբ պատարագին, որի ավարտին արքեպիսկոպոս Նաջարյանը հատուկ ծեսով օրհնել է Հայաստանի Հանրապետության այն դրոշը, որը տեղադրվելու էր պատվո հյուպատոսության առջև։


Պատարագից հետո կայացած ընդունելության ժամանակ սրբազան Նաջարյանը Նոր Զելանդիայում հյուպատոսության բացումը գնահատել է որպես պատմական իրադարձություն, հույս է հայտնել, որ այն մեծապես կնպաստի երկու երկրների միջև առևտրա-տնտեսական, հումանիտար, մշակութային կապերի ամրապնդմանը։ Իր հերթին՝ դեսպան Հովհաննիսյանը հաստատել է, որ իրադարձությունը պատմական է նաև նրանով, որ 32 տարի առաջ նույն օրը՝ մարտի 2-ին Հայաստանի Հանրապետությունը դարձավ ՄԱԿ անդամ, և Նյու Յորքում ՄԱԿ կենտրոնակայանի առջև բարձրացվեց Հայաստանի դրոշը։ Դեսպանը շնորհավորել է նորանշանակ պատվո հյուպատոս Հակոբ Կարապետին՝ մաղթելով նրան ամենայն հաջողություն, և շեշտեց, որ հյուպատոսությունը կարող է լինել նաև կարևոր գործոն Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացման համատեքստում։
ՀՀ պատվո հյուպատոս Հակոբ Կարապետն իր խորին երախտագիտությունն է հայտնել ցուցաբերված վստահության համար, և համոզմունք հայտնել, որ ամեն ջանք կգործադրի այն արդարացնելու համար։



Մարտի 3-ին Օքլենդում Հայաստանի պատվո հյուպատոսության առջև, արքեպիսկոպոս Նաջարյանի, եկեղեցականների և թեմական խորհրդի անդամների ներկայությամբ, Օքլենդի, ինչպես նաև այլ քաղաքներից և Ավստրալիայից ժամանած հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ, դեսպան Հովհաննիսյանը և պատվո հյուպատոս Հակոբ Կարապետը բարձրացրել են ՀՀ դրոշը։ Արարողությանը հաջորդել է պաշտոնական ընդունելություն։
Մարտի 4-ին դեսպան Հովհաննիսյանը մասնակցել է ՀՀ Պատվո հյուպատոսի կողմից կազմակերպված տոնական ճաշին, որին ներկա են եղել Օքլենդում հյուպատոսական կորպուսի ավագ, Քուք Կղզիների պատվո հյուպատոսը, ինչպես նաև Լեհաստանի, Լիբանանի, Պանամայի, Ֆինլանդիայի և այլ երկրների պատվո հյուպատոսները, Նոր Զելանդիայում Եվրոպական գործարար խորհրդի ներկայացուցիչները։ Ներկաները ջերմորեն ողջունել են Հայաստանի պատվո հյուպատոսության հիմնումը և պատվո հյուպատոս Հակոբ Կարապետին հայտնել են աջակցության և համագործակցության պատրաստակամություն։




