Երաժշտական եռանկյունի

Արմեն Պետրոսյանի կիթառային արվեստը. «Երաժշտական եռանկյունի»

Կիթառային երաժշտությունը առավել բուռն և հետաքրքիր զարգացման ընթացք է ստացել հատկապես հատկապես 20-րդ դարում: Հանդիսանալով մարդկության ստեղծած հնագույն նվագարաններից մեկը՝ այն անճանաչելի կերպով ձևափոխվեց անցած դարի ընթացքում, ինչը, բնականաբար, նշանավորվեց նոր երաժշտական ձևերի և ժանրային ուղղությունների զարգացումով:

1950-1960-ական թթ. Հայաստանում կիթառն այնքան էլ տարածված չէր, և կատարողական արվեստը սիրողական մակարդակի վրա էր, քանի որ երաժշտական ինքնագործունեությունը խրախուսվում էր Խորհրդային շրջանում: Այնուամենայնիվ, հենց այդ ժամանակաշրջանում և ձևավորվեց պրոֆեսիոնալների փոքր խումբ, որոնք չունեին մասնագիտական կրթության հնարավորություն, սակայն ունեին համառություն և մեծ ցանկություն՝ մասնագիտանալու կիթառի ոլորտում: «Զարմանալի ժամանակներ էին, պատկերացրեք, ինքնուս երաժիշտները ստեղծեցին և՛ ուսումնական համակարգ, և՛ զբաղվում էին կիթառով պրոֆեսիոնալ մակարդակով՝ ընդգրկվելով պետական երաժշտական, էստրադային կոլեկտիվներում, և բազմաթիվ ջազային և ռոք խմբերի կազմերում: Ես նման ճանապարհ եմ անցել՝ կրթվելով շատ հաճախ միայն ձայնասկավառակներով, որովհետև հայթհայթել կիթառային նոտաներ գրեթե անհնար էր»,- խոստովանում է կիթառահար, վիրտուոզ Արմեն Պետրոսյանը:

Երաժիշտն անցել է հետաքրքիր ճանապարհ՝ կիթառի երաժշտության սիրահարից մինչև բարդագույն տեխնիկական հնարքներին տիրապետող պրոֆեսիոնալ: 1970-ականներին նա անդամակցում էր մի քանի խմբերի, համագործակցում բազմաթիվ երգիչ-մենակատարների և տարբեր ժանրերում աշխատող գործիքային երաժիշտների հետ: Ժամանակին հայտնի ՙՏալվորիկ՚ էստրադային խումբը, որի կազմում նվագում էր Արմեն Պետրոսյանը, մեծ համբավ էր ձեռք բերել Խորհրդային շրջանում, ընդգրկվել Հայհամերգի կոլեկտիվների կազմում և բազմաթիվ շրջագայություններով հանդես էր գալիս Խորհրդային հանրապետություններում:

Նվագակացանկի առանձնահատկությունը կայանում էր նրանում, որ խումբը գործիքավորում և նորովի էր մատուցում հայկական, ժողովրդական երաժշտությունը, ստեղծում փորձարարական կոմպոզիցիաներ՝ համադրելով հայկական երաժշտությունը լատինաամերիկյան և արևմտյան ռիթմերի և եղանակների հետ: Դրան հետևեց երաժշտի անհատական կարիերայի և գործունեության ժամանակահատվածը, երբ նա հորինում էր սեփական կոմպոզիցիաները, հղկում կատարողական ոճը և տեխնիկան: Այդ շրջանում նա անդրադառնում էր և՛ ակուստիկ, և՛ էլեկտրոկիթառին՝ զբաղվելով ֆլամենկո, պոպ և էթնոջազ երաժշտությամբ:

Վերջին շրջանում երաժիշտը հաճախ հանդես է գալիս խմբակային և մենահամերգներով՝ ներկայացնելով ժանրային գունեղ նվագացանկ և համագործակցելով Հայաստանի հայտնի ջազային երաժիշտների հետ, որոնց թվում է վիրտուոզ ֆլեյտահարուհի Նելլի Մանուկյանը, ում հետ ձայնագրել են բազմաթիվ ստեղծագործություններ և ներկայացրել են բազմաբնույթ համերգային ծրագրեր:

Back to top button