Երաժշտական եռանկյունի

Աննա Այվազյան. ճանապարհ դեպի օպերային բեմ. «Երաժշտական եռանկյունի»

Օպերային արվեստը ցանկացած երկրում բոլոր բեմական արվեստներից գլխավորն է համարվում: Օպերային թատրոնը նշանավորում է տվյալ երկրի դերակատարությունը համաշխարհային մշակույյթի մեջ: Հենց սրա պատճառով էլ այդքան մեծ նշանակություն է տրվում ազգային օպերային թատրոնի գործունեությանը Հայաստանում: Պատմականորեն այնպես է դասավորվել, որ օպերային թատրոնի դեմքը ձևավորում են առաջին հերթին մեներգիչները, որոնցից մեկի՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի Աննա Այվազյանի հետ զրուցում ենք նրա ստեղծագործական ուղու, դերերգերի և Հայաստանի օպերային արվեստի մասին:

ՙԵս այն սերնդի ներկայացուցիչն եմ, ում բաժին ընկավ սովորել Երևանի պետական Կոնսերվատորիայում 2000-ականներին՝ երկրի և հատկապես արվեստի համար ամենադժվար շրջանում, երբ չկար լույս, Կոնսերվատորիան և մշակութային օջախները չէին ջեռուցվում և սկսվել էր արվեստագետների արտահոսքը երկրից: Բայց նաև ինձ բախտ է վիճակվել սովորել պրոֆեսոր Սերգեյ Դանիելյանի մոտ, ով ոչ միայն մասնագիտական բարձր չափանիշներով էր առաջնորդվում, այլ նաև բացառիկ մարդկային որակների կրող էր՚, — ասում է Աննա Այվազյանը:

Պետք է փաստենք այն հանգամանքը, որ Սերգեյ Դանիելյանը կերտել է օպերային երգիչների մի ամբողջ սերունդ, որը փայլել և փայլում է ոչ միայն հայաստանյան, այլ նաև համաշխարհային բեմերում:

Աննա Այվազյանին դեռևս Կոնսերվատորիայի ասպիրանտուրայում սովորելիս նկատեց մեկ այլ մեծանուն հայ երգիչ, այն տարիների օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը՝ աշխատանքի հրավիրվելով Օպերային թատրոն և վստահելով նրան մասնակցությունը ՙԴավիթ Բեկ՚ օպերայում:

Երիտասարդ երգչուհու համար նման մուտքը օպերային բեմ ճակատագրական նշանակություն ունեցավ, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2000-ականներին քիչ էին օպերային բեմադրությունները: Սրան հաջորդեց երկրորդ հայկական նշանային օպերային դերերգը երգչուհու համար՝ Չուխաճյանի ՙԱրշակ Բ՚ օպերայում: Անդրադարձը հայկական օպերաներին եղել է Աննա Այվազյանի կյանքում տարիներ անց՝ 2017 թվականին, Ա.Հարությունյանի ՙՍայաթ-Նովա՚ օպերայում, այնուհետև 2022 թվականին Անուշի դերերգը Ա.Տիգրանյանի ՙԱնուշում՚:

Ինչպես խոստովանում է երգչուհին, իր սկիզբը օպերային արվեստում եղել է որպես մեցո-սոպրանո, բայց ձայնի բնատուր մեծ դիապազոնի և հսկայական աշխատասիրության շնորհիվ այսօր նա կատարում է նաև սոպրանային դերերգեր, հատկապես իտալական կոմպոզիտորներ Բելինիի, Պուչինիի և Վերդիի օպերաներում: Այստեղ հարկ է նշել նրա դերերգերը Պուչինիի ՙՏոսկա՚, ՙՏուրանդոտ՚ և ՙՄադամ Բաթերֆլայ՚, Ջուզեպե Վերդիի ՙԱիդա՚ և ՙԲալ-մասկարադ՚, Բելինիի ՙՆորմա՚ օպերաներում:

Աննա Այվազյանը ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանի կինն է և անդրադառնալով ստեղծագործական ընտանիքի թեմային ասաց, որ իր գլխավոր խորհրդատուն և օգնականը, իհարկե, ամուսինն է, ում հսկայական բեմական փորձը, միջազգային ճանաչումը, աշխատանքը լավագույն թատրոններում, լավագույն դիրիժորների և ռեժիսորների հետ ամենամեծ գրավականն են սեփական ստեղծագործական ուղին հղկելու և կատարելագործվելու գործում:

Back to top button