Երաժշտական եռանկյունի

Արամ Թալալյանի «Եյլի եղբայրությունը». «Երաժշտական եռանկյունի»

ՀՀ վաստակավոր արտիստ, թավջութակահար, Երևանի պետական կոնսերվատորիայի դոցենտ Արամ Թալալյանը միակ հայաստանաբնակ երաժիշտն է, ով բարձրագույն կրթություն է ստացել՝ սովորելով և 1995 թ. ավարտելով ԱՄՆ-ի Եյլի համալսարանը: Եյլի համալսարանը, Հարվարդի և Փրիստոնի համալսարանների հետ կազմում է ամերիկյան համալսարանների, այսպես կոչված, մեծ եռյակը: Այն հիմնադրվել է  1701 թվականին և այսօր հանդիսանում է աշխարհի լավագույն կրթօջախներից մեկը: Բավական է թերթել համալսարանավարտների ցանկերը և մենք կտեսնենք, որ քաղաքականությունից մինչև թատրոն, կինո և երաժշտություն ինչ քանակի գործիչներ են համաշխարհային համբավ ձեռք բերել:

Մեր հյուրի հետ հատկապես խոսեցինք համալսարանական ավանդույթների, տարբեր կրթական մոդելների արդյունավետության և պետության մեջ նման կրթօջախների կարևորության շուրջ: «Այնպես ստացվեց, որ հանձնելով բոլոր քննությունները՝ առաջրկ ստացա դառնալու Եյլի ուսանողական համայնքի անդամ և  համալսարանում անցկացրած տարիների մասին հիշում եմ մեծ երանությամբ: Եյլի համալսարանական ավանդույթներից կարևորագույնը նաև այն է, որ բոլոր շրջանավարտները կազմում են հատուկ համայնք, որի անդամները մշտական կապի մեջ են իրար հետ, կիսվում են ստեղծագործական նվաճումներով և ժամանակ առ ժամանակ հավաքներ կազմակերպում՚,-ասում է Արամ Թալալյանը:

Խոսելիս Եյլի կրթության առանձնահատկությունների և հատկապես երաժշտական դեպարտամենտի կրթական մոդելի մասին՝ մեր հյուրը նշում է, որ գաղտնիքը կայանում է նրանում, որ  առանձնահատուկ բծախնդրությամբ ընտրվում է դասախոսական կազմը: Օրինակ, անցյալ դարի հետպատերազմյան շրջանում Եյլի երաժշտական դեպարտամենտի ղեկավարը Պաուլ Հինդեմիթն էր: Նման մարտավարությունը ապահովում է համալսարանի առաջադեմ դիրքերը՝ աշխարհի կրթօջախների միջև և ստեղծում  ուրույն ստեղծագործական մթնոլորտ՝ համալսարանի պատերի ներքո:

Համալսարանը առաջարկում է իր սաներին խորացված տեսական և պատմական կուրսեր, և ինչը հատկապես հատկանշական է Եյլի համար՝ կատարողական արվեստների խորը ուսուցանում, որը ներառում է երաժշտության տարբեր ժամանակաշրջանների յուրահատկությունների ուսումնասիրում, իսկ պրակտիկորեն՝ յուրաքանչյուր ժամանակաշրջանին հատուկ կատարողական տեխնիկայի լուրջ յուրացում: Այս ամենի հետ համատեղված է ուսանողների պարտադիր պրակտիկան և մասնակցությունը տարբեր ձևաչափերի նվագախմբերի հետ համագործակցությամբ՝ քառյակից մինչև սիմֆոնիկ նվագախումբ:

Բացի այդ, ուսանողների մասնակցությունը ամենատարբեր համալսարանական համերգներում, աշխարհահռչակ դիրիժորների և մենակատարների հետ մշտական շփումը, այնպիսի բարձր մակարդակի են բարձրացնում այդ համերգները, որ յուրաքանչյուր համերգ դառնում է մշակութային մեծ իրադարձություն: Ի դեպ, բոլոր այդ համերգները բաց են լայն հասարակության համար և ուսանողական տարիներից հնարավորություն են տալիս երիտասարդներին ի հայտ բերելու իրենց տաղանդն ու կատարողական արվեստը լայն հասարակությանը:

Անդրադառնալով մեր հարցին, թե արդյո՞ք կարելի է համեմատականներ տանել Երևանի պետական կոնսերվատորիայի կրթական սիստեմի հետ, ուր Թալալյանը դասավանդում է 1997 թվականից, նա պատասխանեց, որ այստեղ կան բազմաթիվ համակարգային և հայեցակարգային խնդիրներ, որոնց լուծումը պահանջում է ֆինանսական, ստեղծագործական և մտավոր լուրջ ներդրումներ:

«Այդ բացերից մեկը, օրինակ, այն է, որ բարոկո շրջանի երաժշտությունը պատշաճ կերպով չի դասավանդվում մեր Կոնսերվատորիայում մի շարք օբյեկտիվ պատճառներով, այնինչ արևմտաեվրոպական երաժշտության 90 տոկոսը ստեղծվել է հենց այդ ժամանակաշրջանում: Նաև տարբերություն կա ուսանողական պրակտիկան լիարժեք կերպով կազմակերպելու, դասախոսական կազմի աշխատանքը նյութապես և բարոյապես բարելավելու և ուսանողների ինքնագիտակցությունն ու աշխատասիրությունը պատշաճ մակարդակի բարձրացնելու համար: Մեր Կոնսերվատորիան իր պրոֆեսորադասախոսական կազմով բոլոր նախադրյալներն ունի, որպեսզի ճիշտ պայմաններում առավել արդյունավետ դրսևորի իր բոլոր որակներն ու առավելությունները»,- ասում է երաժիշտը:

Back to top button