
Այսօր սկսվում է Մեծ Պահքի շրջանը, որը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության՝ Զատկի տոնի նախօրեն: Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք, հրաժարվում են մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից:
Հայ առաքելական եկեղեցու հետևորդները սկսում են հոգի-մարմին-միտք եռամիասնությունն ապաքինելու 48-օրյա հոգևոր ճամփորդությունը՝ Մեծ պահքը։ Չօգտագործել մսամթերք, կաթնամթերք, ձուկ ու ձու․ սրանք մակերեսային՝ բոլորին հայտնի կանոններն են։ Բայց Աստված մեր սրտին ու հոգուն է նայում, ոչ թե ստամոքսին՝ ասում է Տեր Եսայի քահանա Արթենյանը։ Նրա և փիլիսոփա Արման Ղարագուլյանի հետ փորձել ենք հասկանալ՝ ինչի մասին է պահքն իրականում՝ մի քանի պարզ հարցով։
Հարց №1․ Պահքը սուգ է՝ առանց տխրությա՞ն
«Շատերն այսօր, ցավոք սրտի, կարծում են, որ պահքը տառապանքի, սգի, տխրության մի շրջան է, և այս կոնտեքստում շատերի համար պահքը մի դժվար իրագործելի իրողություն է թվում։ Իրականում որքան էլ պահքը ենթադրում է հոգևոր սուգ գործած մեղքերի համար, սուգ, որ մարդը սխալներ է գործել, դրա համար մենք ցավ ենք ապրում, զղջումով, ապաշխարհությամբ փորձում ենք անդրադառնալ մեր սխալներին ու մեր գործած մեղքերին, բայց այդ սուգը բառի ուղիղ իմաստով այն սուգը չէ, որ մենք պատկերացնում ենք առօրյա կյանքում»։
Պահքի ընթացքում մարդիկ իրենց սննդակարգը վերանայելուց բացի հոգ են տանում նաև մտքերի մաքրման մասին, հրաժարվում են սովորությունից, վայելքից կամ կախվածությունից՝ առաջնորդվելով դրանց սուբյեկտիվ գնահատականով ու հոգևոր տակտի զգացումով։
Հարց №2․ Ինչի՞ց է հրաժարումը
Փիլիսոփա Արման Ղարագուլյանի կարծիքով՝ մեր շուրջ ու մեր մեջ եղած մանրումեծ ավելորդությունները պարզապես բեռ են, առանց որոնց ապրելն ավելի հեշտ կլինի՝ անկախ կրոնական պատկանելիությունից։
«Մեծ բաներին հասնելու համար պետք է կարողանաս մանր, ավել-պակաս բաներից հրաժարվել։ Ես չեմ ուզում հիմա խիստ բուսակերության պաշտպանություն անել, բայց մի բան հաստատ է, որ բուսական սննդի անցնելը ավելացնում է մեր էներգետիկ զգայունակությունը, մենք սկսում ենք զգալ շատ ավելի նուրբ բաներ, նուրբ էմոցիաներ, էներգիաներ, որոնք նախկին կենսակերպում ավելի դժվար էին մեզ տրվում։ Նուրբ բաներ զգալու համար քո ներսում ևս ինչ-որ բան պետք է նրբանա, որովհետև երբ դու անընդհատ ծանր ես, անընդհատ ռմբահարում ես ինքդ քեզ, քո սենսորային համակարգը ծանր, գերծանր, գերուժեղ տարբեր խթանիչներով, պարզ է, որ այս համակարգում այս աստվածայինի տեղը շատ քիչ է մնում, և մենք պարզապես կորցնում ենք մեր ընկալունակությունը»։
Բայց պահքը տանջանքի չպիտի վերածվի՝ կարծում են զրուցակիցներս։
Հարց №3․ Հանուն ինչի՞ է հրաժարումը։
Տեր Եսայի քահանա Արթենյանի խոսքով՝ մեղքից, մեղավոր ցանկությունից, վայելքից, հաճելի ուտեստից ու սովորությունից հրաժարվելը հարցի մի կողմն է․ մյուս կողմում ավելի կարևոր հարցադրում է՝ հանուն ինչի՞ հրաժարվել․
«Օրինակ, երբ մենք մեզ ինչ-որ բանից զրկում ենք հանուն մեր սիրելի անձի, մի՞թե դա տառապանք ու տխրություն է, իհարկե ոչ։ Դա երջանկություն ու ուրախություն է քեզ բերում։ Առավել ևս հոգևոր կյանքում ու պահքի ընթացքում, երբ մենք մեզ զրկում ենք ինչ-որ բանից՝ սխալներից, մեղավոր ընթացքից, մեզ հաճելի թվացող իրողություններից ու կախվածությունից հանուն Աստծո, բնակնաբար սա մեզ համար պետք է լինի ուրախության ու երջանկության առիթ, ոչ թե սգալու»։
Իսկ Արման Ղարագուլյանը սա, ի թիվս ամենի, հաղթանակի համը ևս մեկ անգամ զգալու առիթ է համարում․
«Քանի որ դա ընդամենը արտաքին հարկադրանիք ազդեցություն է, պարզ է, որ տեղի չի ունենում այն, ինչի համար էս ամենը իմաստունների, սրբերի, հոգևորականների կողմից մեզ առաջարկվում է։ Ենթադրում է, որ էս պահանջները որ ներկայացվում են, օդից վերցված կամայական պահանջներ չեն և մենք պետք է հասկանանք, որ եթե ես կարող եմ ինձ սահմանափակել, դա ինձ ավելի ուժեղ է դարձնում, որովհետև դա ինձ ցույց է տալիս, որ տերը ես եմ, որոշողը ես եմ, և ես ունեմ էդքան կարողություն էս փուլում էսինչ-էսինչ փոքր բաներից հրաժարվելու, իսկ հաջորդ փուլում, երբ համապաստախանաբար մարտահրավերները ավելի բարդ կլինեն, ես կարող եմ վստահություն ունենալ, որ ուժ կունենամ հաջորդ աստիճաններին իմ առաջ եղած մարտահրավերները հաղթահարելու համար»։
Հացը №4․ Ե՞րբ է ավարտվում պահքը
Այս հարցը առաջին հայացքից հստակ պատասխան ունի․ այն այս տարի մեկնարկում է փետրվարի 12-ին ու ավարտվում դրանից 48 օր անց։ Բայց սա, ըստ էության, ավարտ չենթադրող գործընթաց է։ Մանրամասնում է Տեր Եսայի քահանա Արթենյանը,
«Դա նաև նրա համար է, որ երբ պահքից հետո վերադառնանք մեր նախկին կյանքի ռիթմին, գտնենք ոսկե միջինը մեր առօրյայի, սովորությունների, ուտելիքների, կենցաղի մեջ։ Երբ մենք սովորում ենք պահքի ընթացքում ապրել առանց մեզ հաճելի թվացող իրողությունից՝ կյանքի պարզ վայելքներից, ապա պահքից հետո մենք այդ նույն իրողություններին վերադառնում ենք ավելի ողջամիտ ու ավելի հավասարակշռված»։
Կարևոր հանգամանք՝ սա ինքնուրույն կայացրած որոշում պիտի լինի՝ ասում են զրուցակիցներս։ Եթե որոշել եք պահք պահել և ուտում եք ձեր բանջարեղենը՝ խորոված մսի մասին երազելով, եթե չեք բանբասում, բայց մտովի արդեն կազմել եք պահքից անմիջապես հետո քննարկվելիք մարդկանց ու իրադարձությունների ցանկը, եթե մարմինը հանգիստ է, բայց միտքը սովոր վայելքենրը վերհիշելով է զբաղված, ապա հավանաբար պահքն իր նպատակին չի ծառայի։




