Սփյուռքի ձայնը

Սփյուռքահայ, հայաստանցի ու իսրայելցի իրավաբաններն ու Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը՝ ընդդեմ հրեա գործարարի. «Սփյուռքի ձայնը»

  • Ինչո՞ւ սփյուռքահայ փաստաբանների օգնությունը չընդունեց Երուսաղեմի Հայոց պատրիարքը՝ իսրայելյան դատարան դիմելիս։
  • Դատական ի՞նչ գործընթացներ են սկսել Երուսաղեմի Հայոց պատրիարքությունն ու սաղիմահայերությունը։

Երուսաղեմի Հայոց պատրիարքության՝ 99 տարով հրեա գործարարին  հայկական հողակտորի վարձակալության տալու գործարքը ոչ միայն հայկական հողերի ճակատագրի, այլև այնտեղ ապրող հայերի ապագայի վրա է ազդելու։ Տարիներ ձգվող պայքարից հետո, վերջապես, սաղիմահայերը, աշխարհասփյուռ հայությունն ու քաղաքական որոշ ազդակներ Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան Մանուկյանին պայմանագրից հրաժարվելու քայլին տարան։

«Արդեն մի քանի ամիս է սաղիմահայ համայնքն ու պատրիարքությունը պայքարում են հրեա գործարարի՝ հայկական տարածքում սկսվող շինարարական կամ քանդման աշխատանքների դեմ, ինչպես նաև այդ պայքարը տեղափոխել են իսրայելյան դատարան, սակայն երկու տարբեր հայցով»,- ասում է սաղիմահայ ակտիվիստ Հակոբ Ջերնազյանը։

 «Կովերի պարտեզը», որն այդ անվանումն ստացել է պատմականորեն անասունների արոտավայր լինելու պատճառով, ներկայումս օգտագործվում է որպես ավտոկայանատեղի՝ մեծամասամբ հայերի կողմից, ովքեր ամեն առավոտ աշխատանքի են գնում Հին քաղաքի պարիսպներից դուրս։ «Կովերի պարտեզը» Երուսաղեմի պարիսպների ներսում Հայկական թաղամասի մի ընդարձակ կտոր է կազմում:

Հողատարածքը, Երուսաղեմի երկուհազարանոց հայ համայնքի, խռոված վեճի կիզակետում է հայտնվել, երբ պարզվել է, որ Երուսաղեմի Հայկական եկեղեցին «Կովերի պարտեզը» և Հայկական թաղամասի որոշ այլ հատվածներ գրեթե մեկ դարով վարձակալության է հանձնել ավստրալա-իսրայելական մի ներդրողի պատկանող «XANA Capital» ընկերությանը:

Ըստ հաղորդումների՝ «XANA Capital»-ի վարձած էքսկավատորները կայանված են Երուսաղեմի հայերի տեղադրած արգելափակոցների դիմաց:

Տեղի հայ համայնքի աղմուկի ֆոնին Երուսաղեմի Հայոց պատրիրաքարանը փորձել է չեղարկել վարձակալության պայմանագիրը: Նոյեմբերի 1-ին եկեղեցին հայտարարություն է հրապարակել՝ տեղեկացնելով «Կովերի պարտեզի» վարձակալության պայմանագրի չեղարկման  մասին: Պարզ չէ, թե իրավական ի՞նչ կշիռ ունի նման հայտարարությունը ստորագրված պայմանագրի կողքին: Պատրիարքարանի հայտարարության հրապարակումից քիչ անց ակներևաբար «XANA Capital»-ի վարձած բուլդոզերները մուտք են գործել և սկսել են քանդել հողատարածքի տարբեր հատվածներ:

«XANA Capital»-ի կողմից առաջարկվող կառուցապատման մանրամասները մնում են մշուշոտ, բայց շատերը վախենում են, որ դա կարող է լինել շքեղ բնակարանային համալիր՝ ավելի թանկ բնակարաններով, քան Երուսաղեմի հայերի մեծ մասը կարող են վճարել, դրանով իսկ տների վաճառքից հետո թուլացնելով հայկական վերահսկողությունն իրենց պատմական հողի նկատմամբ։

Հակոբ Ջերնազյանը չմանրամասնեց հայ և իսրայելցի իրավաբանների համատեղ հայցադիմումների մանրամասները, նշելով, որ դրանք կարող են վնասել գործընթացին։ «Մի քանի շաբաթ հետո բոլոր հարցերի պատասխանները կունենանք»,- եզրափակեց սաղիմահայ ակտիվիստը։

Back to top button