Երաժշտական եռանկյունի

Աշոտ Գասպարյանի երգի բանաձևը. «Երաժշտական եռանկյունի»

Հայաստանի երգարվեստը ներկայացված է բազմաթիվ ժանրային տեսակներով՝ էստրադայից մինչև ռոք, պոպ երաժշտությունից մինչև հեղինակային երգ: Տասնամյակների ընթացքում ձևավորված ավանդույթները երաժշտասեր հանրույթին թույլ են տալիս  յուրաքանչյուր այդ ժանրային տիրույթում հեշտ կողմնորոշվել և նախընտրելի տեսակի հետևորդը դառնալ: Այդ բազմազանության մեջ մենք տեսնում ենք երգահան և երգերի տեքստերի ստեղծող Աշոտ Գասպարյանի եզակի տեսակը, որը կարելի է բնորոշել որպես հայկական քաղաքային շանսոն:

«Չգիտեմ ինչով է պայմանավորված հենց այդ երգի տեսակին հարելը, գուցե նրանից է, որ երկար տարիներ ապրել եմ Եվրոպայում, հատկապես Ֆրանսիայում երկու տարի բնակվելուց հետո վերջնականապես սիրահարվեցի ֆրանսիական շանսոնին, նաև կատարել եմ Փարիզում բնակվելու շրջանում»,- ասում է Աշոտ Գասպարյանը:

Բեմը մշտապես ձգել է Աշոտին, դեռևս խորհրդային շրջանում նա աշխատել է Հայֆիլհարմոնիայում՝ որպես հանդիսավար, կոնֆերանսիե և հաճախ նաև հանդես է եկել որպես նվագակցող և կատարող: Աշոտի երգարվեստին հատուկ է փոքր-ինչ բարի հեգնական նրբերանգը, երևույթերին հումորով մոտենալու հատկությունը, որը հատկապես արտահայտվում է Երևանին նվիրված երգերում: Այստեղ որպես հերոսներ հանդես են գալիս մայրաքաղաքի փողոցները, խաչմերուկները, քաղաքում ճանաչված թաղային կերպարները, նրանց շուրջ ձևավորված պատմությունները և ասույթները: Երգերը լսելիս կարծես մտովի տեղափոխվում ես երևանյան այդ ջերմ կոլորիտի մեջ, ողողվում երևանցիներին հատուկ հարաբերությունների ջերմությամբ և, անկասկած, հին քաղաքի կարոտով:

Աշոտ Գասպարյանը երկլեզու ստեղծագործող է, գրում է հայերեն և ռուսերեն և հատկապես ռուսերեն տեքստերով գրված երգերի տրամադրությունն ու թեմաները աղերսվում են ռուսական հեղինակային երգի հետ՝ բացահայտելով նաև ռուսական շանսոնի հետ հեղինակի գեղագիտական կապը: Հաջորդ ասպարեզը, ուր մեր հաղորդման հյուրը հանդես է գալիս, երգերի տեքստերի և այլ հեղինակների տեքստերի հիման վրա գրված երաժշտության ստեղծագործական ասպարեզն է:

Այստեղ Աշոտ Գասպարյանը մի պարագայում հանդես է գալիս որպես երգիչ-կատարող, մյուս պարագայում՝ որպես երգի հեղինակ: Ինչպես նշում է հեղինակը, իր երգերն, ի տարբերություն հեղինակային երգի ժանրում ընդունված դաշնամուրով կամ կիթառով նվագակցմանը, պահանջում են գործիքավորում, և Գասպարյանը համագործակցել է լավագույն հայ գործիքավորողների հետ, կատարել ձայնագրություններ, որոնք իրենց տեղն են գտել նաև հայկական կինոյի ոլորտում:

Այսօր Աշոտ Գասպարյանն աշխատում է իր ստեղծագործության հանրայնացման նոր ոլորտում, ստեղծել է համացանցային պոդքաստ և ուղիղ միացումներով իր տնային ստուդիայից կատարում է սեփական երգերը, շփվում իր ստեղծագործությունը սիրող հանրույթի հետ:

Back to top button