ԿարևորՀասարակություն

Օրը կարճ․ 30․01․2024

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը շարունակում է հանդիպում-քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ զբաղվող տնտեսվարողների հետ, հայտնում են Առողջապահության նախարարությունից։

«Տեխնիկական թվացող այս գործընթացի հիմքում մեր քաղաքացիների առողջությունն է, նպատակը` պացիենտներին որակյալ դեղերով ապահովելը, ինչպես նաև ինքնաբուժությունից ու գերդոզավորումից զերծ պահելը»,- կարևորելով այս բարեփոխումը՝ նշել է ԱՆ դեղորայքային քաղաքականության վարչության պետ Մարինե Հարությունյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը: Հանդիպմանը մասնակցել են «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները, Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող gmp International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քայելին, պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներ:

Թոբիաս Քայելը մանրամասներ է ներկայացրել «Ակադեմիական քաղաք» ծրագրի նախագծահետազոտական աշխատանքների, շահագրգիռ կողմերի հետ քննարկումների վերաբերյալ և նշել, որ արդյունքում վերահաստատվել է «Ակադեմիական քաղաք»-ի տեսլականը: Նա նշել է, որ մինչև այս տարվա երկրորդ կիսամյակ հիմնական հայեցակարգը պատրաստ կլինի և ընդգծել, որ հարակից գործընթացներն արդեն իսկ կարելի է սկսել:

Օրերս Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնել էին, որ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով զբաղվող պետական հանձնաժողովները կհանդիպեն հունվարի վերջին։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից այսօր հնարավոր չի եղել պարզել՝ արդյո՞ք վաղը հանդիպումը տեղի կունենա։ Ավելի վաղ Մհեր Գրիգորյանը հայտնել էր, թե հերթական հանդիպմանն ինչ հարցեր են քննարկելու։

Քրեական ենթամշակույթի տարրեր պարունակող տեսալսողական հաղորդումներն ու ֆիլմերը, որտեղ այս ենթամշակույթի ներկայացուցիչների կերպարները հերոսացվում են, ազդում են անչափահասների վրա։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն առաջարկում են  փոփոխություններ կատարել  «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում։ 

Հեղինակների գնահատմամբ՝ նման ֆիլմերը բացասական ազդեցություն են ունենում անչափահասների վրա, ուստի առաջարկվում է առավոտյան 6-ից մինչև կեսգիշեր արգելել նման  քարոզ պարունակող ֆիլմերի ու տեսալսողական հաղորդումների ցուցադրումը։

https://www.facebook.com/armradio.am/videos/1412871962964038

Չինարենով «诺亚之地-Nuò yǎ zhī dì»,  թարգմանաբար «Նոյի երկիր»․ այս խորագրի ներքո է հունվարի 30-ից սկսվում Երևան քաղաքի պատմության թանգարանի նմուշների համաչինական շրջագայությունը։

Հավաքածուն մեկ տարի շարունակ կցուցադրվի այդ երկրի առաջնակարգ «A» դասի երեք թանգարաններում։

Հայ տղամարդու և կնոջ 9 բնօրինակ տարազները կներկայացվեն ամբողջական կազմով՝ ոտնաման-գուլպայից մինչև գլխազարդ։ 19-րդ դարի առարկաներ են, բոլորը հայ վարպետների ձեռքի աշխատանք՝ ասում է թանգարանի գլխավոր ֆոնդապահ Անահիտ Ամիրյանը։

Կենտրոնական բանկն այս տարի առաջին անգամ խորհրդի նիստ է անցացրել, որոշելով կես տոկոսային կետով նվազեցնել վերաֆինասավորման տոկոսադրույքը։ Միայն 2023-ին գլխավոր դրամատունը տոկոսադրույքը նվազեցրել է հինգ անգամ։Փորձագիտական դաշտում կարծում են, որ առաջիկայում առևտրային բանկերի կողից տրվող վարկերի տոկոսադրույքները ևս կնվազեն։ Սրանով իսկ նպաստավոր պայմաններ կստեղծվեն տնտեսական գործունեության ակտիվացման տեսանկյունից, ինչն էլ իր վերջնական ազդեցությունը կունենա տնտեսական աճի ավելացման գործում։

ԵԽԽՎ և Ադրբեջանի խիստ բարդ հարաբերությունները անցել են նոր փուլ։ Մի կողմից Բաքվում առաջարկներ են հնչում փոխադարձ պատժամիջոցներ կիրառել եվրոպական հարթակներում, մյուս կողմից՝ ԵԽԽՎ «մութ անցյալից» բացահայտումները շարունակում են հետապնդել անգամ նախկին պատգամավորներին։

Ուշագրավ է, որ այդ բացահայտումները կապված են հենց Ադրբեջանի կողմից Եվրոպայի սրտում ներդրված կոռուպցիայի և լոբբինգի սխեմայի հետ, որը ստացել է «Ադրբեջանական լվացքատուն» անվանումը։

ԵՄ դիտորդներին կարգավիճակ տալու համաձայնագրին հավանություն տալով, Հայաստանի կառավարությունը տեխնիկական ընթացակարգ է իրականացնում։ Փորձագետները ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության մեկ տարվա ընթացքում չեն տեսել առաքելության տեղեկայման հիմքում դրված նպատակների իրականացմանն ուղղված կոնկրետ քայլեր։ Նրանցից ոմանք կարծում են, որ դիտորդների քանակի ավելացումը էական նշանակություն չի ունենա նրանց գործունեության արդյունավետության համար։

Ամերիկյան Neuralink ընկերությունը, որը հիմնադրել է գործարար Իլոն Մասկը, պատմության մեջ առաջին անգամ մարդու ուղեղում չիպ է տեղադրել: Մասկը հայտնել է, որ առաջին կամավորը հաջողությամբ է անցել վիրահատությունը, և սարքի աշխատանքի ցուցանիշները խոստումնալից են, հայտնում է BBC-ն։

Ընկերության նպատակն է միացնել մարդու ուղեղը համակարգիչներին՝ դրանով լուծելով բարդ նյարդաբանական խնդիրներ։

Ամբերդ պատմամշակութային արգելոցն ընդգրկվել է «7 ամենավտանգված» ծրագրի կարճ ցուցակում՝ որպես Եվրոպայի 11 ամենավտանգված ժառանգության վայրերից մեկը։

«Եվրոպա Նոստրան», Մշակութային և բնական ժառանգությանը նվիրված քաղաքացիական հասարակության եվրոպական ձայնն ու Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲինստիտուտն այսօր հայտարարել են Եվրոպայում գտնվող և 2024 թ․ «7 ամենավտանգված» ծրագրում ընդգրկված հուշարձանների ու ժառանգության վայրերի անունները:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը կաշխատի NBA-ում հանդես եկող «Միլուոկի Բաքս» ակումբում։

NBA-ում 30 տարվա փորձ ունեցող հայազգի մասնագետը կլինի «Միլուոկի Բաքսի» գլխավոր մարզիչ Դոկ Ռիվերսի օգնականը։

Ռեքս Կալամյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը կմասնակցի Աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլին։

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել և կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետության տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք։

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը հյուրընկալել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ արժևորելով երկու կառույցների միջև ձևավորված կառուցողական երկխոսությունը և մարզի համար կարևորություն ներկայացնող ուղղությունների շուրջ համագործակցելու անհրաժեշտությունը։

Կարդացեք նաև

Back to top button