
Քրեական ենթամշակույթի տարրեր պարունակող տեսալսողական հաղորդումներն ու ֆիլմերը, որտեղ այս ենթամշակույթի ներկայացուցիչների կերպարները հերոսացվում են, ազդում են անչափահասների վրա։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն առաջարկում են փոփոխություններ կատարել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում։
Հեղինակների գնահատմամբ՝ նման ֆիլմերը բացասական ազդեցություն են ունենում անչափահասների վրա, ուստի առաջարկվում է առավոտյան 6-ից մինչև կեսգիշեր արգելել նման քարոզ պարունակող ֆիլմերի ու տեսալսողական հաղորդումների ցուցադրումը։
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում կրկին փոփոխություններ են նախատեսվում։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն առաջարկում են սահմանափակել հեռուստաալիքներով քրեական ենթամշակույթ քարոզող ֆիլմերի և սերիալների ցուցադրումը։ Նախագծի հեղինակները վստահ են, որ քրեական ենթամշակույթի տարրեր պարունակող տեսալսողական հաղորդումներն ու ֆիլմերը, որտեղ քրեական ենթամշակույթի ներկայացուցիչների կերպարները հերոսացվում են, ազդում են անչափահասների վրա։ Արթուր Հովհաննիսյանը նկատում է՝ անչափահասները հաճախ քրեական ենթամշակույթ կրող անձանց կրկնօրինակելու ցանկություն են ունենում, ինչն էլ բացասաբար է անդրադառնում նրանց դաստիարակության վրա։

«Որքան էլ «Կնքահայր» ֆիլմը արժեքավոր է, այն արժեքավոր չէ երեխաների դաստիարակության տեսանկյունից։ Իսկ հեռուստատեսությունն, իմ ընկալմամբ, պետք է ինչ–որ մի կերպ դառնա դաստիարակության գործիք, ոչ թե հակառակը։ Հեռուստատեսությունը պետք է կանչի երեխաներին, ոչ թե ծնողներն ամեն կերպ փորձեն հետ պահել էկրաններից»։
Որպեսզի նման ֆիլմերի և սերիալների ցուցադրումը սահմանափակվի այնքանով, որքանով դա թույլ է տալիս օրենսդրությունը, առաջարկվում է առավոտյան 6-ից մինչև կեսգիշեր արգելել քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի և սերիալների ցուցադրումը։
«Մենք ժամային սահմանափակման մասին ենք խոսում։ Երբ երեխաները հեռուստացույցի մոտ են, մենք պետք է արգելենք նման երևույթների ցուցադրությունը։ Դա է մեր մոտեցումը։ Այսպիսով՝ մենք ամբողջությամբ չենք փակում այս երևույթի դուռը, քանի որ կա համացանց, կա նաև հեռուստատեսությամբ «քեթչ ափ»-ի հնարավորություն, որը, միգուցե, հետագայում ևս սահմանափակվի»։

Պատգամավորի խոսքով՝ նախագիծը գեղարվեստական որևէ գործունեության դեմ չէ։ Ցանկացած արտադրող կարող է ցանկացած պրոդուկտ ստեղծել և գտնել իրացման հարթակ, ինչպիսին, օրինակ, համացանցն է, և դրա դիտումը թողնել քաղաքացու ընտրության վրա։
«Դրանք պարունակում են գռեհկաբանություն, հայհոյախոսություն, ժխտում են բարոյականության ընդհանուր նորմերը և քարոզում են անբարո ապրելակերպ, նսեմացնում են կրթության և դաստիարակության դերը, նպաստում են քրեական ենթամշակույթի բարքերի, վարվելաձևերի, խոսելաձևերի տարածմանը, հանցագործ կերպարների և կենսակերպի ռոմանտիզացիային»։
Պատգամավոր Լիլիթ Գալստյանը հետաքրքրվեց, թե կա արդյոք վիճակագրություն, թե վերջին 6 տարիների ընթացքում տեղի ունեցած հանցագործությունների քանի տոկոսն է տեղի ունեցել նման ֆիլմերի ազդեցության տակ։ Նաև նկատեց, որ ժամային սահմանափակմամբ մի կողմից պաշտպանվում են անչափահասների իրավունքները, մյուս կողմից՝ ոտնահարվում մեծահասակներինը։

«Դուք ինձ հարկադրում եք, որ ես գիշերը չքնեմ և 24։00-06։00 իմ սիրած ֆիլմերը նայեմ։ Արդյո՞ք մտածել եք դրա մասին։ Բայց նախ վիճակագրությունը լսենք»։
Վիճակագրական տվյալներ Արթուր Հովհաննիսյանը չուներ, իրավիճակի լրջությունը հասկանալու համար թվեր անհրաժեշտ չեն՝ ընդգծեց պատգամավորը։ Ինչ վերաբերում է մեծահասակների իրավունքներին, նախագծի հեղինակը նկատեց, որ տեխնոլոգիաներն այսօր բավականաչափ զարգացած են, և այդ բոլոր ֆիլմերը դիտելու համար կարիք չկա սպասել դրանց ցուցադրությանը հանրային մուլտիպլեքսում։ Համացանցում նման ֆիլմերը ոչ միայն հասանելի են օրվա ցանկացած ժամի, այլև տեսականին է ավելի մեծ։




