ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

«Ադրբեջանական լվացքատունը» բացահայտումից տարիներ անց դեռ «խորտակում է» եվրոպացի պատգամավորների

ԵԽԽՎ և Ադրբեջանի խիստ բարդ հարաբերությունները անցել են նոր փուլ։ Մի կողմից Բաքվում առաջարկներ են հնչում փոխադարձ պատժամիջոցներ կիրառել եվրոպական հարթակներում, մյուս կողմից՝ ԵԽԽՎ «մութ անցյալից» բացահայտումները շարունակում են հետապնդել անգամ նախկին պատգամավորներին։

Ուշագրավ է, որ այդ բացահայտումները կապված են հենց Ադրբեջանի կողմից Եվրոպայի սրտում ներդրված կոռուպցիայի և լոբբինգի սխեմայի հետ, որը ստացել է «Ադրբեջանական լվացքատուն» անվանումը։

Ադրբեջանը շարունակում է հարաբերությունները խզել եվրոպական հարթակների և պետությունների հետ։ Այս անգամ ադրբեջանցիների թիրախում է հայտնվել Գերմանիան, քանի որ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության դեմ պատժամիջոց կիրառելու առաջարկն արեց հենց գերմանացի պատգամավորը։ Մինչ այս արդեն վատացել էին Ադրբեջանի հարաբերությունները Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների հետ։ Այժմ բոլոր այդ պետություններին Բաքուն մեղադրում է կողմնակալության մեջ։ Իսկ Հայաստանում այդ կեցվածքը վերլուծաբանները բացատրում են հստակ մարտավարությամբ՝ ագրեսիայի և հետագա բանակցությունների ընթացքում հասնելով ցանկալի նպատակներին, Ադրբեջանը այժմ հրաժարվում է Արևմտյան հարթակների միջնորդական աշխատանքից՝ չկատարելով իր պարտավորությունները։ Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի վերլուծություններով՝ հենց սա է Արևմուտքի փոխված քաղաքականության պատճառը։

«Վերջին շրջանում, միտումը մինչ այդ էլ գոյություն ուներ, Ադրբեջանի նախագահը ամենավերջին վիրավորանքներն էր հնչեցնում եվրոպացի պաշտոնյաների հասցեին։ Օրինակ, եթե չեմ սխալվում, դեկտեմբերի 6-ի Ալիևի ելույթում ինքը Եվրոպայի խորհրդի խորհրդարանի պատգամավորներին, այն ժամանակ, բանաձեր էր ընդունվում, կոչեց մոլագարներ։ Եվրոպայի և Արևմտյան համայնքի խնդիրը մեծ հաշվով այն էր, որ Ադրբեջանը՝ Արցախում տեղի ունեցած էնթիկ զտումից հետո սկսեց տորպեդահարել այդ հարթակները, մերժել նրանց։ Վերջերս էլ Լավրովը ասաց, որ Ադրբեջանն ասում է, որ նրանք ինձ պետք չեն»։

Այս ամենին է հաջորդել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության դեմ պատժամիջոց կիրառելու որոշումը։ «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ նախագահ Գայանե Աբրահամյանը զարմացած է անգամ պխատժամիջոց կիրառելու ժամանակ ադրբեջանական կողմի հանդուգն կեցվածքից․

«Այո, հասկանալի է, որ այս դեպքում Եվրոպայի հնարավոր գործիքները կամ գործիքակազմը առանձնապես շատ չէ, բայց հասկանալի է, որ Ալիևի սանձարձակությունը ևս անսահման չի կարող լինել»։

Անգամ պատժամիջոցից հետո Ադրբեջանը փորձում է իրեն հավասար հարթության մեջ ներկայացնել եվրոպական պետությունների հետ։ Ադրբեջանցի պատգամավորներից մեկը առաջարկել է փոխադարձ պատժամիջոց կիրառել Գերմանիայի նկատմամբ և դադարեցնել այնտեղից ավտոմեքենաների ներկրումը, ինչպես նաև սահմանափակել Ադրբեջանում գործող որոշ կազմակերպությունների գործունեությունը։ Նաև պնդում է, որ այդ միջոցառումները պետք է լինեն բազմակողմանի և ընդգրկեն բոլոր ոլորտները, հստակ դրսևորվեն դիվանագիտական, տնտեսական, առևտրային և մշակութային ոլորտներում։

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, պատգամավոր Սոնա Ղազարյանը մինչդեռ ԵԽԽՎ և Ադրբեջանի միջև առճակատման մասին ասում է․ 

«Հերթական անգամ խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցության բոլոր եզրերը վառելու ուղղությամբ են գնում։ Ինչը, իհարկե, խնդիր է։ Սա միջազգային հանրության հստակ դիրքորոշումն է ժողովրդավարական ինստիտուտների բացակայության մասով։ Սա փորձ է, ճնշում գործադրելով Ադրբեջանին փորձել բերել այլ հարթակ»։

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը փաստում է՝ այժմ Ադրբեջանում լուրջ քարոզչություն է տարվում ընդդեմ եվրոպական արժեքների և դրանք ներկայացվում են այլասերվածության ֆոնի ներքո։

«Դուք չեք պատկերացնում, թե ինչ պրոպագանդա է գնում իրենց տիրույթում, որ իրենց մերժել են, որովհետև իրենք հրաժարվել են վավերացնել «Ստամբուլյան կոնվենցիան», որովհետև հրաժարվում են սեռական փոքրամասնությունների իրավունքները ճանաչելուց։ Ինչ տեսակ քարոզչություն ասես՝ չեն տանում, որ այսպես են իրենց վերաբերվում իրենց հաղթանակի պատճառով, չեն ուզում հարմարվեն, որ Ադրբեջանը իր ձևերը ունի խնդիրները լուծելու։ Եվ այդ ձևով Արևմուտքի հանդեպ թշնամանք առաջացնելու այդ պրոպագանդան ակտիվորեն շարունակվում է»։

Իսկ քանի դեռ Արևմուտքին չի հաջողվում Ադրբեջանին բերել ժողովրդավարության տիրույթ, Բաքվին է հաջողվում «Ադրբեջանի լվացքատան» միջոցով «խորտակել» եվրոպացի քաղաքական գործիչների։

Եվս երկու եվրոպացի գործիչ է հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում «Ադրբեջանական լվացքատուն» անվանումը ստացած ու ԵՄ-ում լայնորեն գործող փողերի լվացման և լոբբինգի սխեմայում մասնակից լինելու համար։ Գերմանացի դատախազները մեղադրանքներ են առաջադրել երկու նախկին պատգամավորների, որոնք կասկածվում են Ադրբեջանից կաշառք ստանալու մեջ՝ Եվրոպայի Խորհրդում Բաքվի օգտին քվեարկելու և դրական իմիջ ձևավորելու դիմաց։

Ըստ քրեական գործի՝ Բաքուն օգտագործել է 2,9 միլիարդ դոլար արժողությամբ գաղտնի հիմնադրամը, օրինակ, անվճար ուղևորություններ և թանկարժեք նվերներ առաջարկելով եվրոպացի այն պատգամավորներին, որոնք համաձայնել են քվեարկել Բաքվի օգտին կամ դրական կարծիք հայտնել ԵԽԽՎ-ի Մարդու իրավունքների զեկույցներում այն ժամանակ, երբ երկիրը տասնյակ քաղաքական գործիչների էր բանտարկում։

Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության նախկին պատգամավորներ Աքսել Ֆիշերը պատգամավոր չէ 2009 թվականից, Էդուարդ Լինթները 2021-ից։ Նրանց հետ միասին կասկածյալ է եղել նաև նախկին քաղաքական գործիչ Կարին Շտրենցը, սակայն նա մահացել է 2021 թվականին։ Տասնյակ քաղաքական գործիչներ տարբեր երկրներից արդեն պատժվել են դեռ 2017-ին բացահայտված «Ադրբեջանական լվացքատանը» մասնակից լինելու համար։

Հայ վերլուծաբանները հուսով են, որ սա Բաքվին պատժելու գորընթացի դեռ սկիզբն է, քանի որ իր հանդուգն պահվածքով և ծավալապաշտական ծրագրերով Ադրբեջանը խիստ վտանգավոր է դարձել տարածաշրջանի խաղաղության համար։

Կարդացեք նաև

Back to top button