ԿարևորՀասարակություն

Օրը՝ կարճ․ 17․01․24

Ֆրանսիայի Սենատը 336 կողմ և մեկ դեմ ձայնով ընդունել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձևը: Ֆրանսիայի Սենատն այսօր քննարկում էր 2023 թվականի դեկտեմբերի 1-ին առաջարկված միջկուսակցական բանաձևը՝ ուղղված «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելուն և Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիայի հետագա փորձերը և տարածքային ամբողջականությունը խախտելը կանխելուն»: Բանաձևը նաև կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և պահանջում է Լեռնային Ղարաբաղ հայ բնակչության վերադարձի իրավունքի երաշխիք։

Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 84-րդ և կանանց 79-րդ առաջնությունների 6-րդ խաղափուլը: Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ այսօր տղամարդկանց առաջնության բոլոր խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

Առաջնության միանձնյա առաջատար շարունակում է մնալ Սամվել Տեր-Սահակյանը, ով ունի 4.5 միավոր: Առաջատարից կես միավորով հետ են մնում Մանուէլ Պետրոսյանը և Զավեն Անդրիասյանը:

6-րդ խաղափուլից հետո կանանց պայքարում արդեն ունենք միանձնյա առաջատար: Սուսաննա Գաբոյանը այսօր հաղթել է Մարիա Գևորգյանին և 5 միավորով գլխավորել աղյուսակը:

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի շուրջ 3 տարվա բանակցություններից հետո, երբ 2023–ին դրական զարգացումներ էին կանխատեսվում, 2024–ի սկզբին Ադրբեջանի նախագահի հարցազրույցից հետո ստեղծվեց բոլորովին նոր իրավիճակ, որը որոշ քաղաքական գործիչների և վերլուծաբանների հիմք է տալիս ենթադրելու, որ Ադրբեջանը ցանկացած պահի կրկին կարող է դիմել ագրեսիայի Հայաստանի նկատմամբ։ Հարցը խորհրդարանում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամին բարձրացրել է ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Պակիստանի ԱԳՆ՝ այն բանից հետո, երբ այս գիշեր Իրանի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Պակիստանում «Ջեյշ ալ Ադլ» խմբավորման բազային։ Հենց այս խմբավորումն էր ստանձնել անցյալ տարվա դեկտեմբերի կեսերին Իրանում կատարված ահաբեկչության պատասխանատվությունը, որի հետևանքով առնվազն 12 ոստիկան էր զոհվել, ևս 7-ը՝ վիրավորվել։ Նախօրեին էլ ԻՀՊԿ-ն հայտնել էր, որ, ի պատասխան Իրանում իրականացված ահաբեկչությունների, բալիստիկ հրթիռներով ոչնչացրել են հակաիրանական ահաբեկչական խմբավորումների բազաներն Իրաքում և Սիրիայում։

Պակիստանի տարածքում այս գիշեր Իրանի զինված ուժերի առաջին հրթիռային հարվածները խստորեն դատապարտելով՝ Պակիստանի արտգործնաժարարությունը հայտնել է, որ հարվածի հետևանքների պատասխանատվությունը կրելու է բացառապես Իրանը՝ սպառնալով «լուրջ հետևանքներով»։

Փորձագետները լարվածության աճը տրամաբանական են համարում, քանի որ Իրանը ցանկանում է պաշտպանել իրեն։ Այդ առումով սպասելի էր նաև, որ Իրանը պատասխան է տալու անցած տարվա դեկտեմբերին և այս տարվա հունվարի 4-ին Իրանում իրականացված ահաբեկչություններին։

Ուելսի արքայադուստր Քեյթը որովայնի վիրահատության է ենթարկվել և մինչև մարտի վերջ չի կարողանա կատարել իր պարտականությունները, ասվում է բրիտանական գահի ժառանգորդ Ուելսի արքայազն Ուիլյամի և նրա կնոջ՝ Քեյթի գրասենյակի՝ Քենսինգթոնյան պալատի տարածած հայտարարության մեջ։

Ինչպես նշվում է, թագաժառանգի կինը, որը հունվարի 9-ին դարձել է 42 տարեկան, հույս է հայտնել, որ «իր անձնական բժշկական տվյալները գաղտնի կմնան»։ Միաժամանակ արքայադուստր Քեյթի գրասենյակում ընդգծել են, որ վիրահատական ​​միջամտությունը կապված չէ քաղցկեղի հետ։

Sputnik ռադիոյի» գլխավոր խմբագիր Կիրիլ Վիշինսկին նամակ է գրել ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանին, որը վերաբերում է Երևանում Sputnik ռադիոյի 106.0 հաճախականությամբ հեռարձակման դադարեցմանը:

Վիշինսկին իր ուղերձում ափսոսանք է հայտնել, որ 2023 թվականի աշնանը կայանի եթերում «հնչել են արմատական կտրուկ արտահայտություններ, որոնք ակնհայտորեն հակասում են Sputnik ռադիոյի խմբագրական քաղաքականությանը»։ Այս համատեքստում նա ընդգծել է, որ Ռուսաստանի և Հայաստանի լրագրողներն ու հասարակական գործիչները պատասխանատվություն են կրում երկու երկրների միջև բարեկամության և դաշնակցային հարաբերությունների մթնոլորտի պահպանման համար։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այս տարվա հունվարը հայտարարել է արգանդի պարանոցի քաղցկեղի իրազեկման ամիս։ Արգանդի քաղցկեղը հնարավոր է կանխարգելել պատվաստումների ու կանոնավոր սկրինինգային հետազոտությունների միջոցով։ Այդ հիվանդության ամենաընդունելի և տարածված պատճառը մարդու պապիլոմավիրուսային վարակն է։ ԱՀԿ գլոբալ ռազմավարությունը մինչև 2030 թվականն ուղղված է այդ հիվանդության վերացմանը, տարեկան նոր դեպքերի կրճատմանը։

«Հերացի» վերլուծական կենտրոնի հետազոտական տվյալներով, ամեն տարի Հայաստանում միջինը 178 կնոջ մոտ արգանդի պարանոցի քաղցկեղ է ախտորոշվում, 115-ը մահանում են այդ հիվանդությունից։ Չնայած մտահոգիչ  թվերին, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նկատում է, որ չարորակ նորագոյացություններով հիվանդացության բեռի մեծացմանը զուգահեռ ունենք նաև հիվանդության հայտնաբերման դրական դինամիկա։

Մասնագիտական վեճ՝ Հյուսիս-հարավ ծրագրի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման շուրջ։ 2011–ից մեկնարկած հինգ փուլից կազմված ծրագրի ամենաբարդ հատվածը հարավին է բաժին հասել։ Միայն Սիսան-Քաջարան հատվածը 60 կմ երկարություն ունի, պետք է կառուցվի 12 թունել ու 27 կամուրջ։ Թունելներից մեկը Բարգուշատինն է՝ մոտ 9 կմ երկարությամբ։ Այժմ գործադիրում փորձում են հասկանալ, թե քանի փուլով պետք է կառուցեն 60 կմ երկարությամբ հատվածը։ Նախընտրում են դանդաղել, բայց չսխալվել։

«Հայաստանի տեսլականը տարածաշրջանային տրանսպորտի և տնտեսական հաղորդակցությունների բացման վերաբերյալ՝ հիմնված ինքնիշխանության, իրավասության, իրավահավասարության և փոխադարձության հայտնի սկզբունքների վրա, ընդգծվել է բոլոր գործողությունների ընթացքում, այդ թվում՝ արտգործնախարարի գործընկերների հետ 19 մամուլի ասուլիսների ժամանակ»,- ամփոփելով ԱԳՆ նախորդ տարվա գործունեությունը՝ X-ի իր գրառման մեջ նշել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի հրավերով Հայաստան այցելած ՊՍԺ-Պարի Սեն Ժերմենի դեսպան, ֆրանսիացի ֆուտբոլիստ Նիկոլա Անելկան այցելել է Երևանի Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի ակադեմիա։ Ֆուտբոլիստը վարպետության դաս է անցկացրել ակադեմիայում։

Հայաստան այցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկվի Հայաստանում միջազգային չափանիշներով ֆուտբոլային ակադեմիայի հիմնումը։

Շարունակելով 2023թ. եվրոպական ուղղությամբ գործընկերների հետ հարաբերությունների զարգացումներին ամփոփիչ անդրադարձերը՝ ՀՀ ԱԳ նախարարությունից նշում են, որ 2023թ. մեկնարկել է Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական երկխոսությունը, որի առաջին նիստը կայացել է նոյեմբերին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Լոնդոն կատարած այցի շրջանակներում:

ԱԳ նախարարի այցը նշանավորվել է նաև Լոնդոնում ՀՀ դեսպանության նոր շենքի բացման պաշտոնական արարողությամբ:

Կարդացեք նաև

Back to top button