
Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Պակիստանի ԱԳՆ՝ այն բանից հետո, երբ այս գիշեր Իրանի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Պակիստանում «Ջեյշ ալ Ադլ» խմբավորման բազային։ Հենց այս խմբավորումն էր ստանձնել անցյալ տարվա դեկտեմբերի կեսերին Իրանում կատարված ահաբեկչության պատասխանատվությունը, որի հետևանքով առնվազն 12 ոստիկան էր զոհվել, ևս 7-ը՝ վիրավորվել։ Նախօրեին էլ ԻՀՊԿ-ն հայտնել էր, որ, ի պատասխան Իրանում իրականացված ահաբեկչությունների, բալիստիկ հրթիռներով ոչնչացրել են հակաիրանական ահաբեկչական խմբավորումների բազաներն Իրաքում և Սիրիայում։ Իրանի հարվածները Իրաքի տարածքում նախօրեին խստորեն դատապարտել է Միացյալ Նահանգները։ Պակիստանի տարածքում այս գիշեր Իրանի զինված ուժերի առաջին հրթիռային հարվածները խստորեն դատապարտելով՝ Պակիստանի արտգործնաժարարությունը հայտնել է, որ հարվածի հետևանքների պատասխանատվությունը կրելու է բացառապես Իրանը՝ սպառնալով «լուրջ հետևանքներով»։
Փորձագետները լարվածության աճը տրամաբանական են համարում, քանի որ Իրանը ցանկանում է պաշտպանել իրեն։ Այդ առումով սպասելի էր նաև, որ Իրանը պատասխան է տալու անցած տարվա դեկտեմբերին և այս տարվա հունվարի 4-ին Իրանում իրականացված ահաբեկչություններին։ Արևելագետ Արմեն Պետրոսյանի գնահատմամբ՝ թե՛ այս գիշեր Պակիստանի ուղղությամբ, թե՛ նախօրեին իրականացրած հրթիռային հարվածները այդ ահաբեկչություններին Իրանի պատասխաներն էին։
«Ավանդաբար վերջին տարիներին Իրանի գործելաոճի տրամաբանությունն է ցույց տվել՝ ցանկացած ահաբեկչական գործողության Իրանը պատասխանում է՝ ոչ միանգամից, բայց պատասխանում է համապատասխան թիրախներ ընտրելով»։
Նույն «Ջեյշ ալ Ադլ» խմբավորումը Պակիստանի իրանամերձ տարածքից պարբերաբար ահաբեկչական հարձակումներ է իրականացրել Իրանի նկատմամբ և ստացել պատասխան։ Այս խմբավորումը խնդրհարայուց է նաև Պակիստանի համար՝ նկատում է արևելագետը։ Հետևաբար, նրա խոսքով, Պակիստանի արտգործնախարարության հնչեցրած «Իրանին լուրջ հետևանքներով սպառնալիքը» պարզապես բնական, սպասելի մի արձագանք-հայտարարություն է, քանի որ, ի վերջո, այդ երկրի ինքնիշխան տարածքում է հարված հասցվել։ Պետրոսյանը նկատում է, որ նույնպիսի մի արձագանք էլ հնչել է Իրաքից՝ նախօրեին։
«Ես կարծում եմ, որ այն թիրախները, որոնք ընտրված էին Իրանի կողմից, պետք է որ խոցվեին, բայց ընտրվել էին հատուկ այնպիսի թիրախներ, որոնց խոցելը լուրջ անդրադարձներ կամ հետևանքներ չունենային նաև Իրանի համար։ Այսինքն՝ հնարավորինս ոչ խնդրահարույց թիրախներ էին ընտրվել, և սա Իրանի տարածաշրջանային քաղաքականության համատեքստում է»։
Այսինքն, Իրանը պարտադիր կերպով պետք է պատասխաներ երկրում տեղի ունեցած ահաբեկչություններին, որովհետև դա նրանց հակաահաբեկչական քաղաքականության տրամաբանության շրջանակում է։ Ըստ փորձագետի, այդ գործողությունների քարոզչական ու հոգեբանական կողմն ուղղված էր սեփական հանրությանն ու, անշուշտ, նաև տարածաշրջանային ազդեցությանը՝ տարածաշրջանային դաշնակիցների ակնկալիքները բավարարելուն։ Արևելագետի խոսքով՝ միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ Իրանը հնարավորինս զգուշանում է մեծ պատերազմի մեջ ներքաշվելուց, ընտրել է այնպիսի թիրախներ, որ այդ հետևանքները չունենան։
«Այսինքն, դրանց պատասխան չակընկալվի Իրանի դեմ շատ ավելի լուրջ գործողություն, որին պատասխանն արդեն կտանի ավելի մեծ տարածաշրջանային պատերազմի»։
Հաշվի առնելով գլոբալ և տարածաշրջանային լարվածությունը, արևելագետը չի բացառում, որ Իրանի հակառակորդները փորձեն դրդել Պակիստանի կամ Իրաքի հակաիրանական ուժերին նման պատասխանի գնալ՝ Իրանին ավելի մեծ պատերազմի մեջ ներքաշելու համար։
Փորձագետները նաև նկատում են, որ անցած երկու գիշերներին Իրանն իր հրթիռային պատմության մեջ ամենահեռահար գրոհներն է իրականացրել ահաբեկչական խմբավորումների ենթակառուցվածքների վրա։ Ոմանց գնահատմամբ՝ դա հստակ ուղերձ է այն մասին, որ Թեհրանն ունի տեխնիկական հնարավորություն նաև Իսրայելի տարածքին հարվածելու։ Արմեն Պետրոսյանի կարծիքով՝ Իսրայելում ևս դա լավ հասկանում են, սակայն, ըստ նրա, Իրանի գործողությունների հիմնական սահմանափակողը ներկա պայմաններում ոչ թե Իսրայելն է, այլ նրա գլխավոր դաշնակից Միացյալ Նահանգները։
«Դրանով են պայմանավորված այն տարաձայնությունները, որոնք վերջին շրջանում առավել նկատելի են ԱՄՆ-Իսրայել հարաբերություններում, երբ Միացյալ Նահանգներն ամեն կերպ ցանկանում է դադարեցնել պատերազմը Գազայի հատվածում, քանի որ տեսնում է, որ այդ պատերազմն անընդհատ նոր շառավիղներ է տալիս տարածաշրջանային տարբեր թեժ կետերում»։
Իսկ եթե Իրանը Մերձավոր Արևելքում հետևողականորեն ներքաշվի պատերազմի մեջ, ապա տարածաշրջանում պատերազմի և հակամարտությունների տրամաչափը կտրուկ կփոխվի ու ամբողջ տարածաշրջանը կհայտնվի կրակի մեջ, որի տարածումը պարզապես անկանխատեսելի ողբերգական հետևանքներ կարող է ունենալ։ Հարավային Կովկասն էլ անմասն չի կարող մնալ այդ զարգացումներից: Մի բան, ինչը շատ լավ հասկանում են բոլոր կողմերում։ Նման զարգացման հավանականությունն այս պահին արևելագետ Արմեն Պետրոսյանը մեծ չի համարում, բայց այն առկա է, հատկապես որ զարգացումների վրա անկանխատեսելի ազդեցություն կարող են ունենալ ոչ ֆորմալ խմբավորումները՝ եզրափակում է փորձագետը։




